Մենք իշխանության հետ միշտ ենք լարված հարաբերություններ ունեցել

Մենք իշխանության հետ միշտ ենք լարված հարաբերություններ ունեցել

Հոկտեմբերի 23-ին իշխող մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ չընդունեց ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի համար պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ սահմանելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Պետաիրավականի իմքայլական նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ այս նախագծի հետ կապված՝ որոշակի առաջարկներ պետք է ներկայացնեն, որոշ փոփոխություններ պետք է արվեն, հետո կրկին կբերեն օրակարգ։ Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, խոսքն այն մասին էր, որ պետք է գոնե նշվեր, որ դատվածություն չպետք է ունենա ոստիկանապետի կամ ԱԱԾ տնօրենի թեկնածուն։

Նախագիծը գրավոր առաջարկների ստացման փուլ ուղարկելու առաջարկը հնչեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից, ինչը կանոնակարգ օրենքով  նշանակում է վերադարձ առաջին ընթերցման ռեժիմին, «ԱԺ կանոնակարգ» օրենքն էլ 2 շաբաթ է սահմանում գրավոր առաջարկների համար։ Ժամկետը լրացել է, սակայն իշխող ուժն առաջարկներ չի ներկայացրել։

ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը մեզ հայտնեց, որ կանոնակարգ օրենքում ժամկետների հետ կապված բաց կա, սահմանված չէ, որ եթե երկու շաբաթում առաջարկներ չեն լինում, ապա ինչ է լինում նախագծի հետ, նախագիծը դո՞ւրս է գալիս շրջանառությունից, թե՞ ոչ։ Տարոն Սիմոնյանի փոխանցմամբ՝ իմքայլականներն առաջին ժամկետը լրանալուց հետո իրենց ասել են, որ առաջիկա երկշաբաթյա ժամկետում կներկայացնեն առաջարկներ։ Նկատենք, որ այդ ժամկետն էլ է ավարտվել, նախագիծը մերժելուց մեկ ամսից ավելի է անցել։

Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների եւ ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից եւ դասել քաղաքական պաշտոնների շարքը՝ նշանակվող անձանց համար եւս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: 

- Պարոն Մարուքյան, հիմա ի՞նչ է ստացվում, օրինագիծը դո՞ւրս է գալիս շրջանառությունից, թե՞ գուցե այլ բան է նախատեսում կանոնակարգ օրենքը, որը մեզ հայտնի չէ։ Վլադիմիր Վարդանյանն ասում էր՝ առաջարկներ պետք է ներկայացնենք, բերեք չընդունենք, հետո կքվեարկենք։

- Վլադիմիր Վարդանյանին հարցրեք, ինքը կպատասխանի, ես օրենքի վերաբերյալ նորություն չունեմ։ Եթե իշխանությունն ուզենար այդ օրենքն ընդուներ, վաղուց ընդունած կլիներ։

- Նախագծի հեղինակը Դուք եք, հիմա չգիտե՞ք, թե ինչ է լինելու այդ նախագծի ճակատագիրը։

- Նախագիծը գտնվում է առաջին ընթերցման փուլում, ու հիմա պետաիրավականի նախագահին հարցրեք՝ ինչ ժամկետ է նախատեսված, ինչու առաջարկ չարեցին։

- Դուք երեկ մի առիթով ասացիք, թե նորմալ չէ, որ առանցքային երեք պաշտոններում նշանակումներ չեն արվում՝ ԱԱԾ, ոստիկանություն, ՊՎԾ, երեքում էլ ԺՊ-ներ են։ Ինչո՞ւ նորմալ չէ, եւ ինչո՞ւ հիմնական նշանակումներ չեն արվում։

- Ես նման դեպք չեմ հիշում, որ այդ երեք պաշտոններն ազատ լինեն։ Ես սա համարում եմ կայունությանը վնասող բան, որովհետեւ եւ համակարգերին է վնասում․ ներսում անկայունություն է, մարդիկ չգիտեն՝ ով է լինելու իրենց ղեկավարը, հետեւաբար՝ տրամադրվելու, աշխատելու հարց կա։ Երկրորդ․ քաղաքական առումով էլ եմ սխալ համարում՝ երկար ժամանակ նշանակում չանել այդ պաշտոններում։ Քաղաքական համակարգն անհասկանալի վիճակում է։

- Ո՞րն է պատճառը․ եթե ՊՎԾ-ի դեպքում կա դատական գործընթաց, ապա ոչինչ չի խանգարում մյուս երկուսում նշանակում անելուն։

- Անգամ ՊՎԾ-ում չի խանգարում նշանակում անել։ Երբ կլինի դատարանի որոշում, օրինակ՝ կարդարացնի Դավիթ Սանասարյանին, կարող են նորից վերանշանակել, ի՞նչ է եղել։ Ինչ վերաբերում է մյուս երկուսին, կարծում եմ՝ փորձաշրջան է եղել, բայց պետք է որ այդ փորձաշրջանն ավարտված լիներ, ու մարդիկ նշանակվեին կամ՝ ոչ։ Կա՛մ անցել են, կամ ո՛չ՝ փորձաշրջանը։

- Գուցե սպասում են Ձեր հեղինակած օրենքի ընդունմա՞նը, որ յուրայիններին նշանակեն։

- Եթե ուզենային այդպես անել, ապա վաղուց ընդունած ու նշանակած կլինեին, հետեւաբար, այդ օրենքի հետ կապված չէ դա։

- Պարոն Մարուքյան, իշխանության եւ ձեր միջեւ վերջին շրջանում ակնհայտ լարվածություն է նկատվում․ նույն այս օրենքի մասով սկզբում ողջունեցին, հետո հասկանալի չէ, թե ինչ է կատարվում, բյուջեի հետ կապված սրացումներ եղան։ Ինչո՞վ եք բացատրում այդ սրացումները։

- Մենք միշտ իշխանությունների հետ ունեցել ենք լարված հարաբերություններ։ Միշտ։

- Կար ժամանակ, երբ վարչապետին էիք գովերգում կամ իրենց սրտով օրենքներ նախաձեռնում։

- Դա Ձեր տպավորությունն է, ես չեմ ուզում շարունակել։