Դու Նիկոլի բրոքերը չես, Տավուշի մարզպետ

Դու Նիկոլի բրոքերը չես, Տավուշի մարզպետ

Չնայած Տավուշի մարզպետից, գլխավոր պատասխանատուներից ոչինչ չես կարող իմանալ, թե ասենք կիրանցի բնակչին ինչքան փոխհատուցում են տվել իր սեփականության դիմաց,  դա պետական գաղտնիք են համարում,  բայց հո աշխարհը մի կարպետով ծածկված չի՞, տարբեր աղբյուրներից լուրեր են սպրդում, որ շատ մեծ գումարներ են առաջարկում։ Թվեր, անուններ չգրեմ, որ մարդկանց թիրախի տակ չդնեմ։ Մարդիկ կամ գայթակղվում, վերցնում, ասում են՝ այդ գումարով Երևանում սեփականություն ձեռք կբերենք, ի՞նչ է եղել որ։ Մարդիկ էլ կան, որ չեն ուզում վերցնել, որովհետև դա իրենց հոգուն կպած հատված է, չեն կարող պոկել, զատել իրենց սրտից։ Վերջերս Տավուշից դուրս, մի այլ գյուղում, որտեղ նույնպես խոսում են, որ այդ գյուղը ադրբեջանցիներին են հանձնելու, բնակիչներից մեկին, որի հետ շատ մտերիմ եմ ու բարձր կարծիք ունեի նրա հայրենասիրության մասին, հարցնում եմ՝ Եթե փոխհատուցման համար շատ մեծ գումար տան, կհամաձայնվե՞ս տունդ, այգիդ թողնել։ Առանց երկար- բարակ մտածելու ասաց՝ ինչի չէ՞ որ․․․ Եթե այնքան տան, որ կարողանամ Երևանում մի ճոխ տուն գնեմ, կհամաձայնվեմ։ 

Ամեն ինչի մասին գրում ենք, բայց այս մասին չենք գրում։ Ա՜յ սա է ազգային խայտառակությունը, սա՛ է  վտանգը, որ չեն գիտակցում մարդիկ ու իրենց թվում է, թե  դա հայրենիք չի, երկիր չէ, դա ընդամենը տարածք է , որ կարող են հարմար գնով վաճառել ու առանց խղճի խայթի գնալ ու հանգիստ ապրել։ Ես սա նմանեցնում եմ երեխայի վաճառքի։ Երբ մարդ հարմար գնով վաճառում է իր երեխային, երբ ծնողից ազատվելու համար նրան դուրս է շպրտում կամ նման մի այլանդակություն․․․ Դուք գիտե՞ք, որ  նման մայրը ողջ կյանքում չի կարողանում մոռանալ «վաճառող երեխայի լացը»։ Ես նման մայր գիտեմ, որ վերջը հոգեկան խանգարման է հասել։ նման ծնող գիտեմ, որ կյանքը դասավորելուց հետո չի կարողացել երեխա ունենալ կամ ունենալուց հետո հանգել են ամենածանր տեսարաններով։ Նման զավակ գիտեմ, որը մորը տնից դուրս շպրելուց հետո մահվան ժամանակ մորն է կանչել․․․ Խնդրել, որ Աստված ների իրեն, խոստովանել, որ ողջ կյանքում իր աչքի առաջ մոր անօգնական դեմքն է հիշել։ Հետո, երբ նրա հոգու հանգստության համար հարազատները գնացել են  ծերանոց, որ մորը հետ բերեն, բայց ասել են, որ մայրը 10 տարի առաջ է մահացել, այսինքն ծերանոց տանելուց շաբաթներ հետո․․․  

Ուզում եմ հարցնել՝ էդ որ ձեզ տված փողերով Երևանում տուն եք ուզում գնել ու ճոխ կյանքով ապրել, համոզվա՞ծ եք, որ Երևանը մնալու՞ է․․․ Գուցե բնակչությունը էմոցիոնալ հողի վրա չի գիտակցում, բայց Տավուշի մարզպետը հո գիտակցու՞մ է․․․ Այսօր կարդում եմ լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը,  որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում է արել փոխհատուցման չափի մասին։ Ինչքա՞ն է նրանց «առ այսօր տրվել հարցումին» մարզպետարանից  պատասխանել են՝ «Պահանջվող տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման, քանի որ այն ունի գաղտնիության  դրոշմագիր»։ Փաստորեն մարզպետը գաղտնի դրոշմագրով վաճառում է մեր հայրենիքը։ Նա համարում է, որ Տավուշի հողը միայն գյուղացունն է, ՀՀ քաղաքացին ոչ մի իրավունք չունի այդ հողի նկատմամբ,  հողը գնում է գյուղացուց ու հանձնում թշնամուն։ Սա նու՞յնը չէ, երբ աղմուկ էր բարձրաձել երեխաների վաճառքի մասին։ Ինչո՞վ է տարբերվում այն միջնորդից, ով ծնողին հայտնում էր, որ երեխան մահացած է ու  վաճառում է։  Երեխայի վաճառքը ավելի մեղմ, շատ մեղմ  դեպք է՝ հայրենիքի տարածքը վաճառելու համեմատ։ Նա դա գիտակցու՞մ է, թե՞ մտածում է, որ բրոքեր է։ Վերջապես ո՞վ պիտի բռնի դրա ու դրան աշխատեցնողի ձեռքը ու ասի՝ եղբայր, դու «Նիկոլի բրոքերը չես»․․․  Եթե բրոքեր լինեիր, կհասկանայինք, բայց դու մարզպետ ես և տարածք ես վաճառում՝ պետական մակարդակո՜վ․․․ Վաղը մորը տնից դուրս շպրտածի նման մայր ես կանչելու, իսկ նա չի լինելու․․․ Նիկոլն էլ չի լինելու, որ քեզ թևերի տակ առնի։