Խոշոր հարկատուների տասնյակը փոփոխվել է․ ավելի շատ հարկ են հավաքել այս տարի

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 387 միլիարդ 109 միլիոն դրամ, կամ ավել է հավաքագրվել 22 միլիարդ 244 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 123 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 329 միլիաարդ 864 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 միլիարդ 230 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 57 միլիարդ 244 միլիոն դրամ, կամ ավելի է հավաքագրվել շուրջ 22 միլիարդ 986 միլիոն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
2025 թվականի հարկ վճարողների առաջին տասնյակը՝ ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ, ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ, ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ, ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ, ՈՒԵՅ, ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ, ՍԻԹԻ, ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ, ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածն ուսումնասիրելով տեսնում ենք՝ ցանկը փոփոխությսն է ենթարկվել մասամբ, օրինակ, գործարար Սամվել Ալեքսանյանի սիթին՝ այս տարի 7-րդն է առաջին տասնյակում, նախորդ տարի՝ 10-րդը։
Ներկայացնենք 2024-ի խոշոր հարկատուների տասնյակը՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ, ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ, ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ, ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ, ՓՐԻԹԻ ՈՒԵՅ, ԱՄԵՐԻԱԲԱՆԿ, ՍԻ ՓԻ ԷՍ, ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ, ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ, ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ, ՍԻԹԻ։
Նշենք, որ ԶՊՄԿ-ն այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պարզաբանելով, թե ինչո՞ւ չկան խոշոր հարկատուների ցանկում․
«ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ և ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված արժեքի հարկն է։
2024թ. արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն։
Հենց այդ պատճառով առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել ԶՊՄԿ-ի հարկերի մակարդակը հնարավոր չէ, պետք է դիտարկել տարեկան ցուցանիշների կտրվածքով, քանի որ իրական հարկային վճարումներն ամբողջությամբ կերևան տարվա վերջում։ Նախորդ տարվա հարկային կանխավճարների ճշգրտումն ամփոփվում է առաջին եռամսյակում՝ արդեն վերջնական հաշվետվության հիման վրա։
Բնականաբար, հաջորդ եռամսյակում՝ արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով, անկասկած, ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում»։
Կարծիքներ