Նախկինների ջրերն այլևս արտոնյալ չեն կառավարությունում

Նախկինների ջրերն այլևս արտոնյալ չեն կառավարությունում

Կառավարությունում ջրերի «դիվերսիֆիկացիա» է տեղի ունեցել: Տարիներ շարունակ կառավարությանը ջուր են մատակարարել նախկին իշխանության խոշոր օլիգարխներին պատկանող ընկերությունները, օրինակ՝ Ռուբեն Հայրապետյանի «Նոյն» ու «Բջնին» կամ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի «Ջերմուկն» ու «Բյուրեղը»: Այսօր նրանց կողքին այլ ընկերություններ են հայտնվել, օրինակ՝ ներկա իշխանությունների սիրելի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ»-ն ու փոքր մի ընկերություն՝ «Ակվա Արմենիան»: Մեզ ասացին, որ այս հարցով անձամբ Նիկոլ Փաշինյանն է հրահանգել՝ օգտվել նաև այլ ընկերություններից, այդ թվում՝ փոքր արտադրողներից, ինչի արդյունքում օրեր առաջ «Ակվա Արմենիան», օրինակ, իր առաջին խմբաքանակն է ուղարկել կառավարություն, մի քանի օր առաջ վարչապետի հանդիպումներից մեկում հենց այս ընկերության ջուրն էր դրված սեղանին: Նաև «Արարատ» ապրանքանիշն է մտել գործադիր: Այնպես են արել, որ ամեն անգամ մի միջոցառման ժամանակ մի ընկերության ջուր դրվի սեղանին: «Հայաստանում արտադրվող ապակե տարայով ջուր ու հանքային ջուր արտադրող բոլոր ընկերությունների արտադրանքից էլ ձեռք է բերվում, ու ամեն օր մի ընկերության ջուր է դրվում սեղանին՝ «Բյուրեղ-Ջերմուկ», «Արարատ», «Նոյ-Բջնի», «Սիլ», «Ակվա Արմենիա»: Խնդիր է դրվել, որ ներկայացվեն բոլոր արտադրատեսակները, ոչ թե առաջնություն տրվի որևէ ապրանքանիշի»,-ասացին մեզ կառավարության աշխատակազմից:
Սա արվել է, թերևս, Հայրապետյանին ու Արսենյանին պատկանող ջրերի «մոնոպոլիան» կոտրելու, ինչո՞ւ չէ, նաև նախկինում պետական ապարատ չմտած Սուքիասյանների «Սիլը» առաջ մղելու նպատակով, բայց դրանց կողքին նաև փոքրերին են տեղ տվել, ինչպես, օրինակ, «Ակվա Արմենիան» ու «Արարատն» են՝ հավանաբար, որ քաղաքական կասկածներ չառաջանան: