Սա կապիտուլյացիայի շրջանակներում է՝ որպես Ադրբեջանի տարածքային էքսպանսիայի շարունակություն

Սա կապիտուլյացիայի շրջանակներում է՝ որպես Ադրբեջանի տարածքային էքսպանսիայի շարունակություն

Մինչ պարզ դարձավ, որ Պուտին-Ալիեւ-Փաշինյան տեսակոնֆերանսը ոչ մի կերպ չի կայանում, չնայած այդ մասին պաշտոնապես հաղորդվել էր ռուսական կողմից, Սյունիքի շուրջ սկսվեցին պատերազմական գործողություններ։ Մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմն ակնկալիք է ունեցել, որ Նիկոլ Փաշինյանը նոր փաստաթուղթ կստորագրի, եւ դելիմիտացիայի ու դեմարկացիայի անվան տակ կհասնեն իրենց ուզածին, այդ թվում` երանելի միջանցքը ստանալուն, եւ երբ ՀՀ հանրային ճնշման ներքո Փաշինյանը հրաժարվեց այս փուլում հանդիպել Ալիեւի հետ ու փաստաթուղթ ստորագրել, որոշեցին հարցը լուծել զենքի միջոցով: Այս պարագայում խիստ կարեւորվում է Ռուսաստանի դերակատարումը:

Նախ, այն պատճառով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիր ունի, որը ենթադրում է մեր նկատմամբ զինված հարձակման դեպքում Ռուսաստանի կողմից միջամտություն: Եվ երկրորդ՝ այն պատճառով, որ այս տարածաշրջանում Ռուսաստանը վաղուց է հայտարարել իր հավակնությունները եւ խանդոտ է վերաբերվում Արեւմուտքի հայտնվելուն: Իսկ եթե դեմ ես, որ քո ռազմավարական գործընկերը եվրոպական ինտեգրացիոն պրոցեսների մեջ ներգրավվի, եւ ԱՄՆ-Եվրոպա ազդեցությունն այս տարածաշրջանում ուժեղանա, ուրեմն պետք է ակտիվ միջամտես, պաշտպանես եւ աջակցես քո գործընկերոջը, որը թուրք-ադրբեջանական հրեշավոր մեքենայի առաջ մնացել է մեն-մենակ:

Մենք ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ հարցազրույցն արել էինք նախքան երեկվա արյունահեղ դեպքերը, այսինքն՝ Սյունիքում ռազմական էսկալացիան դեռ չկար, եւ մեր զրույցի թեման առավելապես Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումն էր ու նախատեսվող փաստաթուղթը եւ սահմանազատման գործընթացը: Մենք պարոն Կոլերովին հարցրել էինք, թե արդյոք ուժի մե՞ջ է այդ հանդիպումը, հատկապես, երբ նախօրեին՝ ժամը 17-ից հայտնի դարձավ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են։

Մոդեստ Կոլերովը, պատասխանելով հարցին, ասաց, որ հանդիպումը չկայացավ, քանի որ հիմա պահը հարմար չէր։ Ինչո՞ւ հարմար չէր։ Որովհետեւ «տեղի է ունենում տարածքների հանձնում»։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա, ըստ Կոլերովի, «այդ հանդիպումը կկայանա եւ ոչ մեկ անգամ, որովհետեւ ո՛չ Փաշինյանը, ո՛չ Ալիեւը չեն պատրաստվում հրաժարական տալ։ Այնպես որ, հանդիպելու, խոսելու շատ առիթներ կունենան։ Իսկ հիմա այն մասին, թե ինչու այն հիմա տեղի չունեցավ։ Տեղի չունեցավ, որովհետեւ այն հիմա Ադրբեջանին պետք չէ, որը շարունակում է տարածքային առաջխաղացումներ ունենալ։ Այդքան բան»։ Այսինքն՝ Երեւանը դեմ չի՞ եղել, Ադրբեջա՞նն է միայն դեմ եղել։ Այս հարցին ի պատասխան՝ Կոլերովն ասաց․ «Ես չգիտեմ՝ ով է դեմ, ով՝ կողմ, բայց այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է տարածքային էքսպանսիան, նման օֆիցիալ շփումները Հայաստանի կողմից այդ տարածքային կորուստների ընդունման ակտ կլինեն»։ Մոդեստ Կոլերովը նշեց, որ հայկական պաշտոնատար անձինք մեկ անգամ չէ, որ խոսել են այն մասին, որ սահմանների որոշման գործընթացն անգամ չի էլ սկսվել։

Հիշեցնենք, որ երեկվա ռազմական լայնամասշտաբ գործողություններից առաջ, դեռ նախօրեին ադրբեջանական զինուժը մոտ 2 կիլոմետր խորացել էր մեր տարածքում, ինչի արդյունքում մենք 4 դիրք էինք կորցրել։ Հարցրինք՝ սա ինչի՞ «շրջանակներում» է՝ պայմանավորվածությունների՞, դեմարկացիա-դելիմիտացիայի՞։ Մոդեստ Կոլերովն ասաց․ «Կապիտուլյացիայի շրջանակներում՝ որպես Ադրբեջանի տարածքային էքսպանսիայի շարունակություն»։

Սա, ըստ ռուսաստանցի քաղաքագետի, տեղի է ունենում փաստացի. «Այն փաստով, որ Հայաստանը չի պաշտպանում անգամ այն տարածքները, որոնք հիմա համարում են իրենցը։ Ուզում եմ արձանագրել՝ դեմարկացիան տեղից չի էլ շարժվել, իսկ Հայաստանի սահմանները շարունակում են շարժվել, քանի որ դրանք Հայաստանում, չեմ կարող ասել՝ ոչ ոք չի պաշտպանում, բայց բավականաչափ չի պաշտպանում»։

Մոդեստ Կոլերովին հարցրինք նաեւ Արշակ Կարապետյանի ազատման եւ Սուրեն Պապիկյանի նշանակման մասին։ Ռուսաստանցի քաղաքագետն ասաց, որ, իհարկե, սա Հայաստանի ներքին խնդիրն է, բայց հեռվից այս նշանակումը «երեւում է որպես Հայաստանի զինված ուժերի տոտալ մաքրման սկիզբ»։ «Երեւի թե Փաշինյանը բավականաչափ վստահ է, որ բանակը կարելի է կառավարել կաբինետից»,- ավելացրեց Կոլերովը։