2018 թվականին բոլորովին այլ տեքստեր էր ասում

2018 թվականին բոլորովին այլ տեքստեր էր ասում

Հետ նայելը, երեւի, ազգային առանձնահատկություն է՝ քննարկել, մտովի հետ վերադառնալ։ Սա, իհարկե, վատ հատկություն չէ, եթե հետ ես նայում անցյալն արժեւորելու, սխալներդ գիտակցելու, մեղքերդ քավելու համար։ Բայց եթե հետ նայելը դասեր քաղելուն չի մղում, սխալներդ չես գիտակցում, այլ անիծում ես բախտդ ու քո դժբախտությունները վերագրում չար ճակատագրին, դառնում է ինքնանպատակ։ Մենք ազգովի, այդ թվում նաեւ մեր իշխանությունները՝ գոնե վերջին երկու տարում, անընդհատ զբաղված ենք անցյալի վերլուծություններով, բայց՝ հեռավոր անցյալի։ Երկուսուկես տարի երկիրը հիմնահատակ քանդած իշխանությունը շարունակում է նախկինների մեղքերը դնել-վերցնել։ Այնպես, ինչպես 40 տարեկանում ամուսնուց բաժանված կինն իր հետագա ողջ կյանքի անհաջողությունները վերագրում է նախկին ամուսնուն եւ մինչեւ մահ-գերեզման նրան է համարում իր բոլոր դժբախտությունների պատճառը։ Ես առաջարկում եմ վերադառնալ 2018 թվականը եւ տեսնել, թե որտեղ թերացանք եւ ինչպես չնկատեցինք մոտեցող արհավիրքը։ Ինչ ազդակներ կային, որից կարելի էր գուշակել այսօրվա զարգացումները, եւ ինչպես են մեզ խաբել ու թյուրիմացության մեջ գցել։

Նիկոլ Փաշինյանի ընդամենը 2 ելույթ աչքի անցկացրինք եւ ապշեցինք, թե ինչքան սուտ ու կեղծիք է հնչել, ինչպես են մեզ մանիպուլացրել։ Մեջբերում ենք 2018 թվականի մայիսի 8-ի եւ օգոստոսի 17-ի՝ պաշտոնավարման 100 օրվա առիթով կազմակերպված հանրահավաքի ելույթներից մի քանի հատված։

Նրանք, ովքեր կարծում են, որ Իշխան Սաղաթելյանի երեկվա ելույթում բռնության կոչեր կային, դրա համար նրան անգամ ՀՔԾ են հրավիրել, առաջարկում եմ կարդալ Փաշինյանի մայիսի 8-ի ելույթի այս հատվածը՝ ուղղված ՀՀԿ-ական պատգամավորներին եւ հայ հասարակությանը․
«Պարոնայք, դուք շարունակում եք չհասկանալ Հայաստանում հաստատված վիճակը, եւ ուզում եմ շատ ուղիղ զգուշացնել, որ համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել անկանխատեսելի եւ անցանկալի հետեւանքների: Սթափվեք, քանի դեռ ուշ չէ, որովհետեւ ձեր այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ` բառիս ուղիղ իմաստով: Եվ այս պահին ԱԺ ամբիոնից դիմում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու: Սիրելի հայրենակիցներ, ձեր հաղթանակը կրկին ուզում են գողանալ: Մի մնացեք տանը եւ այս պահին դուրս եկեք փողոց, եթե դա չեք արել դեռեւս, եւ ուղղություն վերցրեք դեպի Երեւանի Հանրապետության հրապարակ, հեղեղեք Երեւանի ու հանրապետության մյուս քաղաքների փողոցներն ու հրապարակները:

Դիմում եմ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներին. սիրելի հայրենակիցներ, ձեր հույսն ու հաղթանակը ցանկանում են գողանալ, եւ այս պահին որտեղ էլ լինեք, դուրս եկեք փողոց եւ ի ցույց դրեք ազատ եւ երջանիկ Հայաստան ունենալու եւ կառուցելու ձեր կամքը, ձեր վճռականությունը: Սա օրհասական պահ է, եւ երկար դարերի տառապանքի ու ավերի, ցեղասպանության ու գաղթի միջով անցած մեր ժողովուրդն այսօր չի կարող տանուլ տալ իր փառապանծ հաղթանակը, իր հզոր ապագան․․․ Այստեղ լուծվում է հազարամյա ցնցումներ ու տառապանք վերապրած հայ ժողովրդի վերածննդի ու ապագայի հարցը: Այստեղ լուծվում է Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաղթական ապագայի հարցը»:

Այժմ ընթերցենք մնացածը․

«Ոչ հեռավոր անցյալի իշխանությունները ՀՀ քաղաքացուն մի գործառույթ էին վերապահում: Քաղաքացին նրա համար էր, որ խախտում անի ու տուգանվի՝ ապահովելով որոշ շրջանակների կայուն եկամուտները: Կործանարար այս փիլիսոփայությանը պետք է անմիջապես վերջ տրվի: Հայաստանի քաղաքացու կյանքի իմաստը ոչ թե տուգանվելն ու պատժվելն է, այլ ապրելն ու ստեղծագործելը, սեփական հայրենիքում ազատ եւ երջանիկ լինելը, եւ սրա համար երբեմն պակասում են ոչ այնքան նյութական արժեքները, որքան համապատասխան մթնոլորտը»:
«Որպես ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու՝ կարող եմ վստահ ու աներկբա հայտարարել, որ համաժողովրդական այս շարժումը Հայաստանում եւ Սփյուռքում գեներացրել է մի այնպիսի հսկայածավալ էներգիա, որը հնարավորություն կտա ոչ միայն կանգնեցնել արտագաղթը Հայաստանից, այլեւ ի վերջո սկսել մեր ամենամեծ երազանքի՝ մեծ հայրենադարձության իրականացումը: Այս օրերին Սփյուռքի հազարավոր գործարարներ, շունչները պահած՝ սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը, եւ որեւէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան՝ իրենց ու իրենց զավակների ապագան կապելով հայրենիքի հետ»:
«Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»:

2018․18.08

«Կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, սրանից հետո հաշվետու է եւ ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում եւ կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը:

Մեր կյանքում առաջիկայում համատեղ ջանքերով մենք պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, եւ բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով: Խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին․․․ քաղաքային, մարզային, պետական, անգամ միջազգային կարեւորագույն իրադարձությունների վերաբերյալ կառավարությունը եւ ժողովուրդը միասին որոշում կայացնեն հանրաքվեներով»:

«Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը կառավարությունը չէ, ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը եւ որոշողը, եւ սրանում որեւէ կասկած չի կարող լինել»:  

«Փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնո՞ւմ եք. ես Ղարաբաղի հարցով դեռեւս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել»։