Բառախաղով մեր հայրենակիցների պայմանները չեն փոխվելու․Վերմիշյանի խոսքերի սխալ մեկնաբանությունը

Բառախաղով մեր հայրենակիցների պայմանները չեն փոխվելու․Վերմիշյանի խոսքերի սխալ մեկնաբանությունը

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի վերջին հայտարարությունը, որը վերաբերում էր    Գյումրիում անօթևանության խնդիրը լուծելուն, իրարամերժ խոսակցությունների տեղիք տվեց: Դրան առաջինն անդրադարձավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խոսքերը  թյուրիմացաբար ներկայացվում են որպես անօթևանության ամբողջական խնդրի լուծում։ Մինչդեռ 2020թ.-ին 3 մլրդ դրամով աղետի գոտու անօթևանության խնդրի մեկընդմիշտ լուծման մասին հայտարարությունը վերաբերում է հիմնականում գյուղական համայնքներում պետության կողմից տարիներ առաջ շահառու ճանաչված խմբին միայն՝ մոտ 450 ընտանիքի։ Իսկ, ահա, վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից միայն Գյումրի քաղաքում այս պահի դրությամբ քարտեզագրվել է մոտ 2․450 բնակեցված ժամանակավոր կացարան։ Վերմիշյանի հայտարարությունն այդ կացարաններում բնակվողների հետ առնչություն չունի։ 

 «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը նույնպես վրդովված է Վերմիշյանի խոսքերը սխալ մեկնաբանելուց:

 «Վահագն Վերմիշյանի խոսքերը՝ աղետի գոտու անօթևանության խնդրի լուծման մասին, լրատվամիջոցների կողմից սխալ մեկնաբանությամբ և վերնագրերով ներկայացնելն անչափ վտանգավոր հետևանք կարող է ունենալ թե՛ անօթևանների, թե՛ հավանական ներդրողների և հովանավորների մոտ:

Մի պահ ձեզ դրեք բնակարանի սպասող մարդկանց տեղը, հասկանո՞ւմ եք ինչ վիճակի մեջ եք դնում անօթևան մարդկանց... խոսքը գնում է դեռևս 2012 թվականից հիմնականում գյուղական համայնքներում շահառու ճանաչված խմբի մասին, բայց հազարավոր ընտանիքների, այդ թվում՝ Գյումրու մոտ 2000 անօթևան ընտանիքներից և ոչ մեկի մասին չէ խոսքը... ։Գյումրիում այս պահին մոտ 2․500 ընտանիք անօթևան է, նրանցից մոտ 1500-ը կամ շուրջ 5000 մարդ երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան են, նրանց բնակարանով ապահովելու որևէ ծրագիր չկա, և հայտնի չէ, թե երբևէ լինելու է: Բառախաղով կամ լրագրողների՝ աղետի գոտու խնդիրներից ոչ իրազեկ լինելու վրա հույս դնելով, սարսափելի անմարդկային պայմաններում բնակվող մեր հայրենակիցների կացարանային պայմանները չեն փոխվելու»,-  ընդգծում է նա: Իսկ թե ինչու է անօթևանների թիվը պակասելու փոխարեն գնալով ավելացել, Վահան Թումասյանը նկատում է․ «Նախորդ տարիներին, հատկապես 1990-ականներին, տարաբնույթ կոռուպցիոն երևույթները համատարած եղել են: Բնակարան ստացել, կացարանը չեն քանդել, բնակարանների գնման վկայականներ ստացել ու հանցավոր գործարքի մեջ են մտել իշխանությունների հետ, գումարը հանել են,  բնակարան չեն գնել, մեծ ընտանիք են եղել, պարտադրված կիսվել են, գյուղերից եւ այլ համայնքներից են եկել, երկրաշարժի պահին վարձով են բնակվել և տուն չեն ունեցել, որ կորցնեին...

Բայց մի քանի անգամ ստանալ և այլն, չափազանցված է, շատ հերյուրանքներ էլ ուղղորդված տարածվում էին, որպեսզի իշխանությունների գործ չանելն արդարացվեր և այլն: Հիմա Գյումրիում բնակֆոնդի մեծ մասը կապիտալ նորոգման կարիք ունի, և գրեթե նորմալ բնակարան վաճառքի չկա, դրա համար պետք է շինարարություն արվի...»: