Դե դուք ծաղիկ ա, բան ա, ջրեք, ես թռա Դավոս

ՔՊ-ի դիրեկտորը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ոչ միայն խուսանավումների մեջ էր, այլև գերմարդկային ճիգեր էր գործադրում ՔՊ-ի հերթական խայտառակությունները ՔՊ-ի վրայից գցելու ուղղությամբ: Խուսանավումները, ինչպես միշտ, կապված էին Հայաստանի համար կարևորագույն հարցերի հետ, որոնց պատասխանները, Փաշինյանը չի ունեցել, չունի և երբեք էլ չի ունենալու: Բուքսիր եկած Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանն իրենց «չպատասխաններով» ավելի խտացրին հանրային անհանգստությունները, և Նիկոլին այլևս ոչինչ չէր մնում անելու, քան հետույքը քորել, երբ ամեն անգամ պահանջում էին, որ հենց ինքը պարզաբանի արտաքին քաղաքական բարդ խնդիրները:
Այսքանով հանդերձ՝ Փաշինյանն ուղղակի փայլում էր ամբիոնի մոտ, երբ պատգամավորները հարցեր էին տալիս եկամուտների հայտարարագրման նոր կարգի, քաղաքային տրանսպորտով երթևեկության միասնական վճարային համակարգի և այլ հիմարությունների մասին, որոնց հեղինակը ՔՊ-ն է, եթե ոչ ինքը: Այս թեմաներով նրա ճամարտակություններից հանրությունը, հավանաբար, հասկացավ, որ ուզեցել են ինչ-որ լավ բան անել, բայց, ինչպես միշտ ձախողել են հաշվարկների հարցում և, ամենայն հավանականությամբ, այդ նու-հաուները կհետաձգվեն ավելի հարմար ժամանակների: Բա հո չեն կարող ընտրությունների նախաշեմին բարկացնել ստամոքսով մտածող սիրելի հայրենակիցներին: Մի հետաքրքիր զուգահեռ նկատեցի Փաշինյանի խոսքում: Նա մեզ, սովորաբար պատերազմով է վախեցնում, երբ պահանջում ենք չտրվել Ալիևի ամբարտավան նկրտումներին: Հարցուպատասխանի ժամանակ նա ՀՀ քաղաքացիներին վախեցրեց «հուսահատության գազելների» վերադարձով, եթե նրանք ի վերջո չհամակերպվեն տրանսպորտի թանկացման հետ: Բայցև ընդունեց, որ խայտառակ վիճակ է տիրում քաղաքային տրանսպորտի կազմակերպման գործում ու պետք է շատ բան փոխվի: Պետք է պարզեցվի նաև եկամուտների հայտարարագրման ողջ պրոցեսը: Փաշինյանը նույնիսկ ներողություն խնդրեց ընդդիմադիր պատգամավորից և խոստացավ ուղղել ՊԵԿ-ի թույլ տված սխալը, որ անկապ հարկային պարտավորություն էր առաջացրել քաղաքացու համար:
Ապա մի գեղեցիկ լիրիկական զեղում իրեն թույլ տվեց Փաշինյանը, թե՝ պետությունից պետք չէ հեռու փախչել, պետությունը չի ընկել քաղաքացու հետևից, նա փարվում է քաղաքացուն, ասում է դու ես իմ տերը, հարկերը վճարիր, որ ես ավելի լավ ծառայեմ քեզ: Անկեղծ ասած՝ նրա այդ զեղումն ինձ մի քիչ զվարճացրեց, որովհետև ակամա հիշեցի այն կարմիր բերետավորին, որ «փարվել» էր ինձ ու փորձում էր բերման ենթարկել: Մեռա ասելով՝ այ մարդ, գալիս եմ, ինչո՞ւ ես իզուր «փարվում» ինձ… Հնար չեղավ: Քարշ տալով կոխեցին «հուսահատության գազելն» ու՝ հայդա ոստիկանություն: Արդյո՞ք նույնը չեն անում հերոս քաղաքացիների հետ՝ ՊԵԿ-ով, ԴԱՀԿ-ով, բանկերով, երբ նրանք, հաճախ անզգուշաբար, սխալ են լրացնում անսահմանափակ մաթեմատիկական գիտելիքներ պահանջող նիկոլա-ՔՊա-բադասյանական հայտարարագրերը: Բայց ոչինչ, սա էլ այս իշխանության մյուս բարեփոխումների պես կգրվի սառույցին՝ մինչև 2026-2027 թվականներ:
Եվ երկու խոսք՝ Ալեքսանդր Սիրունյանի հետ կապված տգեղ միջադեպի մասին: Հիշո՞ւմ եք, ՔՊ-ն Սիրունյանին առաջադրել էր որպես ԲԴԽ անդամի թեկնածու, իսկ Սիրունյանը վերջին պահին ինքնաբացարկ տվեց: Առանձին հասարակական-քաղաքական գործիչներ շտապեցին դա գնահատել որպես ընդդիմության հաղթանակ ՔՊ-ի նկատմամբ: Ես մի քաիչ համաձայն չեմ այս մտքի հետ, որովհետև կարծում եմ, որ ՔՊ-ն, այսինքն՝ Նիկոլը, «Սիրունյան» օպերացիան նախաձեռնել էր մեկ նպատակով՝ որ գա ու ԱԺ ամբիոնից ի լուր ամենքի հայտարարի, թե Հայաստանում գործում են փոխադարձ զսպման մեխանիզմներ: Ահավասիկ, ՔՊ-ն տվեց Սիրունյանի թեկնածությունը, բայց ԱԺ-ն այնպես հակառակվեց, որ Սիրունյանը գլուխն առավ, փախավ: Ասել է թե՝ ԱԺ-ն զսպեց իշխող մեծամասնության ամենաթող ախորժակը: Ընդդիմությունը, ինձ թվում է, տակտիկական սխալ թույլ տվեց: Պիտի թողնեին, որ Սիրունյանը սուսուփուս ընտրվեր: Հետո էլ կարելի էր ջրի երես հանել նրա ֆեյսբուքյան խայտառակ «կոլեկտիվ» էջը, երբ Սիրունյանն այլևս բազմած կլիներ ԲԴԽ անդամի աթոռին: Այ դա կլիներ Նիկոլի արկածախնդրության լավ պատասխանը: Թե չէ կանգնել ԱԺ ամբիոնի մոտ՝ ստեր էր տարածում, իբր ՔՊ-ն Սիրունյանի թեկնածության վրա կանգ է առել՝ բացառապես հաշվի առնելով նրա մասնագիտական կարողությունները: Բայց տեսա՞ք, պարծեցավ Նիկոլը, ԱԺ-ն զսպեց ՔՊ-ին, իսկ ՔՊ-ն Սիրունյանին հասկացրեց, որ հետ քաշի իր թեկնածությունը: Էշի երկիր, էլի…
Ինչ վերաբերում է Սիրունյանի մասնագիտական կարողություններին, ապա ես չեմ կարող որևէ գնահատական տալ: Փոխարենը շատ լավ գիտեմ, թե երկրի համար դժվար պահերին ինչպիսի մասնագիտական կարողություններ է դրսևորում մեր վարչապետը: Աչքովս եմ տեսել նրա կարողությունները գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում, կառավարության նիստեր վարելիս, զուգարանների և բասկետբոլի օղակների մասին դատողություններ անելիս, խելացի անասնագոմերում կովերին դաս տալիս և բազմաթիվ այլ իրավիճակներում: Եվ ուրեմն ինչո՞ւ զարմանամ որ նրա նման վարչապետը հենց Սիրունյանի նման շրջապատ ունի:
Կարծիքներ