Ուզում եմ փարվել, բայց մեկ էլ տեսնում եմ, որ նա քո դեմքով է

Ուզում եմ փարվել, բայց մեկ էլ տեսնում եմ, որ նա քո դեմքով է

Այտա, էն ոնց ես ասե՞լ՝ Դավոս, Դավոս… Մի անգամ Դավոսում մի շուն տաճիկ դանակը քաշեց էսպես ու էսպեեե՜ս… Ու ծափ տվողներ չեղա՞ն: Դու տարար, մեր երկրի ծռտի քարտեզը ցույց տվիր, ու քեզ հասկացող չեղա՞վ… Վայ, ես դրանց հերն եմ անիծել: Լսիր, իսկ կարող ա՞ նրանք նախօրոք իմացել էին, որ Հայաստանով ոչ մի ճանապարհ էլ չի կարող անցնել: Տարբերակ է, գիտե՞ս: Դու, ախր, այնքան ուշացրիր ամեն ինչ, որ քո երեկվա դաշնակիցները թշնամիներիդ հետ բոլոր ճանապարհները գծեցին, պրծան՝ հյուսիս-հարավ, արեւելք-արեւմուտք: Ու հիմա, երբ Հայաստանի ծռտի քարտեզը ցույց ես տալիս, նրանք ծիծաղում են քեզ վրա՝ էդ քարուքռի միջով ի՞նչ ճանապարհ, ո՞ւմ ես ուզում ֆռռացնել: Թե բա՝ խաղաղության ու ճանապարհների խաչմերուկ… Գոնե գիտե՞ս, որ այսօր ոչ մեկին էլ խաղաղություն պետք չէ: Մի հատ քեզ հարց տուր, էլի, էսքան զենք աշխարհում ինչո՞ւ է արտադրվում… Զենքն էլ հո հայկական հեռուստացույց կամ լվացքի մեքենա չէ՞, որոնցով ուզում էիր լցնել համաշխարհային շուկան: Էդ անտեր զենքը նրա համար է, որ մեզ նման ծռտի պետություններն անընդհատ կռիվ անեն, ոչնչացնեն միմյանց, վերջանան: Դավոս, Դավոս… Դու Դավոսում չտեսա՞ր, որ Դավոսը զենք տալ-առնելու մասին է, զենքի շուկայում արեւի տակ լավ տեղ բռնելու մասին, հնարավորինս շատ զենք մատակարարելու մասին, ծռտի երկրներին մեծերի «գերժամանակակից» զենքով շլացնելու մասին:

Դավոսներում, իմ իմանալով, պրագմատիկ «դելեցներն» ու «պոլիտիկներն» են հավաքվում… Դու ի՞նչ հույսով էիր գնացել Դավոս՝ հին երգերդ երգելո՞ւ: Հա, լավ էլ ապահովել էիր այդ ֆորումի գեղարվեստական մասը, հետո՞… Արժե՞ր դատարկ գրպանով նստել նրանց սեղանի շուրջ ու հանուն մի քանի լուսանկարի մուկ տշել աշխարհի մեծերի հետ: Հա, հենց մուկ տշել՝ մեր տարածաշրջանում «առկա» խաղաղության կոնցեպտների մասին հեքիաթներ պատմելով: Ու ե՞րբ պետք է հասկանաս, որ, ինչպես միշտ, այսօր էլ միայն զենքով կա փրկություն, միայն կռվով, միայն պայքարով եւ ոչ երբեք չեղած բաների մասին ճամարտակություններով:

Դու ճանապարհ ունե՞ս, որ հանել ես աճուրդի: Եվրոպա ես զարմացնում, թե Արեւելքը կկապես ԵՄ-ի հետ: Էդ ճանապարհը չինացիք վաղուց են գործարկել՝ Ադրբեջանով, Վրաստանով, Սեւ ծովով ու Թուրքիայով: Այո, Մետաքսի ճանապարհն է դա, որի մի ճյուղն էլ շուտով կթեքվի դեպի հյուսիս՝ Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ: Հյուսիս-Հարավն էլ «փոզմիշ» եղավ կարծես: Ռուսաստանի եւ Իրանի արանքում Ադրբեջանը տեղավորվեց ու հիմա Ադրբեջանն է դարձել «խաղաղության» խաչմերուկ: Եվ Դավոսում էլ, հակառակի պես, գիտեն այս մասին: Բա հիմա ի՞նչ ենք անելու, ո՜վ, ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր ձերդ վսեմափայլություն: Դավոսյան ընթրիքը համո՞վ էր…

Գնացել էիր Դավոս՝ «Զանգեզուրի միջանցքը» մի քիչ թանկով ծախելու համար, այնպես չէ՞: Ու պարզվեց, որ այդ «միջանցքը» զուտ տեղական նշանակության «ճանապարհ» է՝ Թուրքիա-Ադրբեջան ֆորմատի համար: Ու հիմա ես ինչպե՞ս չհարցնեմ քեզ, ո՜վ Ջուլֆայով Մոսկվա գնացող իմ մեծ ճանապարհորդ, Արցախն ինչո՞ւ տվեցիր, իմաստըըըը… Որ գնաս Դավոսում երգե՞ս: Չգիտեի՞ր, որ Արարատ Միրզոյանը Լավրովի հետ 3 ժամ երգել է արդեն: Երեք ժամ Լավրովն արտգործնախարարիդ բացատրել է, որ էդ դավոսներում միայն «Տիտանիկի» տոմս են ծախում: Ինչո՞ւ գնացիր… Գոնե մինչեւ սեղան նստելը տրեխներիդ վրա հագած ռուսական վալինկաները հանեիր: Հիմա ո՞վ է ԵԱՏՄ-ի «գազելով» ԵՄ գնում, այ քո ցավը տանեմ: Ի՞նչ ասեմ, ԵԱՏՄ-ում ջոկ են քո ձեռը գժվել, ԵՄ-ում՝ ջոկ:

Բայց իմ դարդը ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն չեն: Գլուխները քարը, ինչքան ուզում է, թող գժվեն: Իմ դարդն էս մի բուռ ժողովուրդն է, որ 2018 թվին մի անգամ ք..ն ընկավ ու մինչ օրս չի կարողանում այդ վիճակից դուրս գալ: Է՛լ պատերազմ, է՛լ կապիտուլյացիա, է՛լ հողատվություն… Իբր ամեն ինչը տեղն էր, հիմա էլ՝ տրանսպորտի թանկացում, եկամուտների հայտարարագրում, ֆլան, ֆստան: Մեր վերջն ի՞նչ է լինելու, Դավոսում ի՞նչ ասին այս մասին, մի դեղ, մի ճար չառաջարկեցի՞ն:

Է՜, բալամ… Էսօր ում «հաջաթն» ում համապատասխան տեղը… Աշխարհս խառնվել է իրար, մրցակցություն է, տկարները պետք է վերանան, նրանք միշտ այնքան զենք կունենան, որ միմյանց կոտորեն, վերջանան: Երկիրն էր ափսոս, որ այսքան տկարացրիր: Հիմա խեղճը եկել, փարվել է ինձ, օգնություն է աղերսում… Ուզում եմ գրկել, բայց մեկ էլ տեսնում եմ, որ նա քո դեմքով է, քո շարժուձեւով, քո լեզվով է խոսում… Ուշքի արի, այ դավոսամեռ, գոնե հիմա ռադ եղիր, որ էդ սինդրոմս անցնի: