Ինչ է սպասվում ՇՊՀ-ին․ երբ կհանդիպեն նախարարն ու բուհի անձնակազմը

Ինչ է սպասվում ՇՊՀ-ին․ երբ կհանդիպեն նախարարն ու բուհի անձնակազմը

Շաբաթ օրը Շիրակի պետական համալսարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը փոքր-ինչ թեժ մթնոլորտում է անցել։ «Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին հաջողվեց հարթել սուր վեճերն ու խուսափել անպատասխանատու որոշումներ կայացնելուց, որոնք հետո լուրջ խնդիրներ կարող էին առաջացնել»,-մեզ հետ զրույցում պատմեց նիստին ներկա գտնվողներից մեկը:

Մեր զրուցակցի խոսքերով, այնուամենայնիվ, լարվածությունը որոշ դասախոսների եւ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի միջև ակնհայտ է եղել: Օրակարգային հարցերից մեկն էլ վերաբերել է դասախոս Հովհաննես Խորիկյանի դիմումի քննարկմանը: Նա հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել դիմում, ըստ որի՝ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, չարաշահելով իր լիազորությունները, կարգապահական տույժի է ենթարկել իրեն, ավելորդ ծանրաբեռնել է: «Խորիկյանի դիմումը բավարար էր, որպեսզի կրքերը թեժանան: Հասկանալի է՝ ոմանք Խորիկյանին, ոմանք էլ Սերոբյանին էին պաշտպանում ։ Իրավիճակը կրկին փրկեց Բարսեղյան Լևոնը․ նախ սաստեց բոլորին, իսկ հետո հարցն առաջարկեց քննել իրավական ոլորտում»։ Նշենք, որ Հովհաննես Խորիկյանն այս խնդրով  արդեն իսկ դիմում է ներկայացրել ոստիկանություն։ 

ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի կարևոր քննարկումներից մեկն էլ եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ՝ վերջին շրջանում արված աղմկահարույց հայտարարությունը։ Հիշեցնենք, որ նախարարն իր խոսքում նշել էր, որ եթե ՇՊՀ-ում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը չկարգավորվի, ապա հնարավոր է, որ բուհը կամ լուծարվի, կամ  միավորվի այլ բուհի։ Հայտարարությունը, բնականաբար, բուհի անձնակազմի մոտ դժգոհություն եւ վրդովմունք է առաջացրել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, մինչ  նոր ուսումնական տարվա մեկնարկը, նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել՝ հանդիպելու բուհի աշխատակազմին, գիտխորհրդի, հոգաբարձուների խորհրդի անդամներին։ «Ճիշտ կլիներ, որ հանդիպումն ավելի շուտ կայանար, եւ վերջնականապես վերջ դրվեր անորոշությանը։ Ամեն դեպքում, հակված ենք հավատալու, որ նախարարի հետ հանդիպումը ավարտվելու է ի բարօրություն բուհի  »։