ՀՀԿ-ն հնձեց այն, ինչ ցանել է

ՀՀԿ-ն հնձեց այն, ինչ ցանել է

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն առայժմ ոգեւորություն են առաջացրել հանրության շրջանում առաջին հերթին այն պատճառով, որ դրանք անցել են ազատ, արդար։ Երկրորդ պատճառն այն է, որ այդ ընտրությունների արդյունքում դուրս մնացին 20 տարի իշխող Հայաստանի Հանրապետական եւ իշխանության ամբողջական պատասխանատվությունը չստանձնած, սակայն տարբեր կոալիցիաներ կազմելու գայթակղությունից զերծ չմնացած Հայ հեղափոխական դաշնակցությունը։ 

Իսկ ո՞րն է լինելու նոր խորհրդարանի առաքելությունը, եթե նկատի ունենանք, որ այնտեղ մեծ մասամբ լինելու են նոր, հանրությանն անհայտ անձինք։ 

ԱԺ ընտրություններին չմասնակցած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ դեռ չպետք է առաջ ընկնել եւ այդ մասին կարծիք հայտնել։

«Եղել են  նորմալ ընտրություններ, ձեւավորվել է Ազգային ժողով, թե նա ոնց կաշխատի, իր պարտականությունները ոնց կկատարի՝ պետք է սպասել»,-ասաց մեր զրուցակիցը։

Սոցցանցերում արդեն հնչում են մտահոգություններ, որ ԱԺ-ում չի լինելու ընդդիմություն։
Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ միգուցե կառավարության անդամների խելամիտ պահվածքի արդյունքում չլինի ընդդիմության կարիքը։ 

«Բնական է, որ կլինի ընդդիմություն։ Բացի այդ, օրենքով գոյություն ունի կարգավիճակ, որի համաձայն՝ ԱԺ մուտք գործած ուժերից մեկը կամ երկուսը կհայտարարեն, որ ընդդիմություն են։ Այնպես որ՝ առանց ընդդիմության չենք մնա»,- նշեց ՀԱԿ անդամը։

Պառլամենտական գործունեության փորձ ունեցող որոշ քաղաքական ուժեր հայտնվեցին ԱԺ-ից դուրս։ Հնարավո՞ր է, որ նրանք վերցնեն փողոցային պայքարի էստաֆետը։ «Ամեն մեկը թող ինքը որոշի իր ճակատագիրը։ Գործել է այն տրամաբանությունը, որի արդյունքում մենք ունենք այս վիճակը։ ՀՀԿ-ն հնձել է այն, ինչ ցանել է։ ՀՀԿ-ն ուզում էր ստեղծել միակուսակցական համակարգ, եւ դրա արդյունքում ստացավ այն, որ այսօր տեղ չունի ԱԺ-ում։ Իրենք պետք է մտածեին, որ հավերժ չեն, ապրում ենք ժողովրդավարական երկրում, իսկ քաղաքական կուսակցոություններն ունեն մեծ դեր։ Իրենք արեցին հակառակը՝ օլիգարխիային առաջ մղեցին, ՀՀԿ-ն դարձավ կոռումպացված եւ օլիգարխիկ կառույց, որի հիմնական  նպատակն էր ոչ թե քաղաքական գաղափարախոսություն սպասարկելը, այլ անձնական շահերը։ Հիմա այսօրվա իշխանությունը, որը կազմակերպել է արտահերթ ընտրություններ, եւ որոնց վերաբերյալ չկան կասկածներ, պետք է իրականացնի իր առաքելությունը եւ Հայաստանի քաղաքական դաշտում անի փոփոխություններ, ստեղծի այն միջավայրը, որ կուսակցությունները կարողանան գաղափարական պայքարի արդյունքում մուտք գործել ԱԺ։ Սա պահանջում է երկար ժամանակ։

Թող սա լինի սկիզբը։ Մի անգամ 90-ականներին տեղի ունեցան նման գործընթացներ, հետո ընդհատվեցին։ Բոլորս գիտակցում էինք, որ ապրում ենք օրենքից դուրս հասարակությունում, որտեղ տեղի է ունեցել կոռուպցիա, օրենքի ոտնահարում, իշխանության զավթում։ Հիմա միգուցե ՀՀԿ-ն գնահատի իր արած-չարածը եւ պատրաստվի հաջորդ ընտրություններին։ Դա իրենց որոշելիքն է։ Պետք չէ տագնապել, որ ընդդիմություն կարող է չլինել կամ փորձառու քաղաքական ուժերը տեղ չեն գտել ԱԺ-ում։ Շատ լավ է, որ այդ տիպի փորձառու ուժերը գնացել են, այդպիսի ուժ պետք չէ ո՛չ մեր պետությանը, ո՛չ մեր քաղաքացիներին։ Ավելի լավ է, որ նրանք վերանան, եւ մարդիկ էլ մոռանան նրանց։ Ավելի լավ է, որ նոր պառլամենտականները լինեն երիտասարդ, փորձ չունեցող, բայց ապավինեն օրենքին եւ լավ ավանդույթների հիմք դնեն»,-կարծում է Վահագն Խաչատրյանը։