Վանեցյանն ակնարկում է, որ չի ցանկանում պաշտոնը փոխել

Վանեցյանն ակնարկում է, որ չի ցանկանում պաշտոնը փոխել

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր՝ փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերին, ասաց, որ ինքն այդ հարցին ուզում է երկար պատասխանել, որ շահարկումների տեղիք չտա։

«Որ ասեմ՝ հերքում եմ, մի բան կասեն, որ ասեմ՝ չեմ հերքում, այլ բան կասեն։ Երբ լրացավ իմ քսան տարեկանը, ես անցա աշխատանքի ԱԱԾ-ում և այդ տարիքից ի վեր՝ աշխատում եմ ԱԱԾ մարմիններում։ Այսօր իմ համար, անկեղծ ասեմ, մեծ պատասխանտվութուն է և մեծ հպարտություն՝ ղեկավարելու այն կառույցը, որտեղ սկսել եմ աշխատել շուրջ քսան տարի առաջ։ Այս կարճ ժամանակահատվածում, երբ ղեկավարում եմ ԱԱԾ-ն, եղել են բազմաթիվ փոփոխություններ, բազմաթիվ բարեփոխումներ, երբ հասարակության վերաբերմունքը փոխվել է դեպի ԱԱԾ-ն։ Դա այն ամենն է, որ ես կարողացել եմ իմ գործընկերների հետ անել այս յոթ ամիսների ընթացքում, բայց դա շատ փոքր մասն է, որ արել եմ և ես հուսով եմ, որ դեռ երկար տարիներ կշարունակեմ ծառայել ԱԱԾ-ում, ղեկավարել այս կառույցը։ Ինձ հետ որևէ մեկը չի խոսել իմ աշխատանքի փոփոխության հետ կապված, որևէ առաջարկ Նիկոլ Փաշինյանից ես չեմ ստացել, և ես շարունակում եմ իմ ծառայությունը՝ որպես ԱԱԾ տնօրեն»,- հեռվից գալով՝ ըստ էության հերքեց իր՝ փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերը պարոն Վանեցյանը կամ ակնարկեց, որ չի ցանկանում պաշտոնը փոխել։

Ինչ վերաբերում է սկանդալային բացահայտումներին, Վանեցյանն ասաց, որ բացահայտումները լինելու են շարունակական։ «Բայց ինտենսիվությունը, որ կար մեր գործունեության սկզբում, իհարկե, նվազելու է, և նվազելու է օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Նրա խոսքով՝ իրենք շատ ավելի կարևոր գործեր են անում, որոնք չեն հրապարակվում, օրինակ՝ հետախուզության, հակահետախուզության ոլորտում»,- ասաց նա։