Երկար սպասված քայլ

Երկար սպասված քայլ

Հանցավոր պահվածքն ու քրեամտածողությունը՝ որպես բանտային մշակույթ, սկիզբ են առել դեռեւս խորհրդային տարիներին։ Ռուս գրող Վասիլի Շուկշինի  գործերից  «Калина красная» ֆիլմը շատերը կհիշեն։ Խորհրդային իրականությունից վերցված մի ողբերգական դրվագում բացահայտվում է, թե ինչպես կալանավայրում իր պատիժն արդեն կրած քաղաքացուն բանտային հեղինակությունները խանգարում են հարմարվել քաղաքացիական կյանքին։ Բանտային միջավայրում քրեական հեղինակության լիազորություններ միշտ ստանձնել են այն մարդիկ, որոնք իրենց գործողություններով ուղղակիորեն ծառայել են կալանավայրերի ադմինիստրացիային՝ բանտային կյանքը նրանց համար եկամտաբեր, թափանցիկ ու վերահսկելի դարձնելու նպատակով։

ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ երկրներում բանտային հեղինակություններն ակտիվորեն թափանցեցին հասարակական կյանքի բոլոր ոլորտներ։ Նրանք շատ երկրներում, սկսած բիզնես-միջավայրում ֆինանսական «հաշտարարի» գործառույթների իրականացումից ու «արդարադատական» «ռազբորկաներից» մինչեւ երկրի նախագահների ընտրություններ, զգալի դերակատարություն ունեն։ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին դրանք մեր երկրում բազմացել էին։ Հայերիս մոտ միշտ հեղինակություն են համարվել արվեստի սիրված գործիչներն ու բարձրաստիճան հոգեւորականները, որոնց փողոցում հանդիպելիս գլուխ ենք խոնարհել, իսկ այդ տարիներին, եթե իշխանություններին մնար, Սասունցի Դավթի  արձանը ցած կբերեին ու պատվանդանին կկանգնեցնեին ջիպի մեջ  բազմած օրենքով գողի արձան, իսկ ժայռից բխող աղբյուրի ջրերի մեջ կանեփի քոլեր կտնկեին։ 

2001 թվականին «Հայկական ժամանակ» թերթում, որի խմբագիրն այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն էր, տպագրվել է իմ «Յո՞ երթաս, Հայաստան» հոդվածաշարը, որով ես հասարակության ուշադրությունն էի հրավիրել բանտային կենցաղից մի քանի զազրելի դրվագների վրա, որտեղ երեւում էր, որ գաղութ նայողների ինստիտուտի  հիմնադիրները մեր իրավապահ կառույցների ղեկավարներն էին։ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ինձ զանգահարեց ու պահանջեց, որ հերքեմ գրածներս։ Մինչեւ հիմա հերքում եմ։ Այդ դեպքերից տարիներ հետո Նիկոլ Փաշինյանին «բախտ» վիճակվեց լինել ՀՀ կալանավայրերում ու իր աչքով ներսից տեսնել այդ գեհենն ու դրանում ապրել։ Այնպես որ, օրեր առաջ վարչապետի նախաձեռնությամբ մեր կառավարությունում ՀՀ Քրօր․-ում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումը, որը պետք է մեր հասարակությունը քրեածին տարրերից մաքրի, երկար սպասված քայլ էր։

Հանցավոր պահվածքն ու քրեամտածողությունը՝ որպես կյանքի «արդար» ուղի, մեր հասարակության մեջ գոյաբանական փիլիսոփայություն էր դարձել, որը յուրացնելու  համար մարդիկ պետք է ճանապարհ անցնեին։ Այսինքն՝ դատապարտյալի կարգավիճակով պետք է քրեակատարողական հիմնարկներում ապրած լինեին։ Այն, բացի կոռումպացված իրավապահների կերակրամաններն ու ավազակների գրպանները լցնելու ինդուստրիա լինելուց, նաեւ թունավորում էր մեր հասարակությունը։ Ռաբիսն սկիզբ է առել բանտից՝ որպես բանտային ֆոլկլոր։ «Գողական» լեզվամտածողությունը՝ օտարահունչ ու աղավաղված բառերի փոխառությամբ, ավելի շատ աղբ է կուտակել մեր խոսակցական լեզվի մեջ, քան Կարգին Հայկոյի քաղաքապետությունը՝ Երեւանի փողոցներում։ 
Այդ որոշումով մեր կառավարությունը երկրի հասարակության առողջացման հարցերում իր անելիքը դեռեւս չի սպառել։ Հայկական մշակույթի ծաղկեցնողը, երկրի պետականության գաղափարակիրը, ազգանորոգման գործի գիտակը Հայաստանի մտավորական խավն է, որը ՀՀ իշխանությունների կողմից սոցիալապես արհամարհված է եւ դատապարտված վերացման։ Այսօրվա մեր շուկայականացված հոգեբանությունն ու դրանում տեղ գտած քրեամտածողության գծերը, չլինելով պետականանպաստ, մեր ժողովրդի կենսունակությունն են թուլացնում ու մեր երկիրը կործանման տանում։ Ընթերցողներին կխնդրեինք համեմատել մեր երկրի ավազակաորջերում շրջանառվող գումարներն ու մեր ուսուցիչների աշխատավարձերի ֆոնդերը դպրոցներում, գողականների  ջիպերն ու մեր ուսուցիչների կոշիկները, կազինոների դրամարկղերն ու մեր բուհերի դասախոսների պարտքերի ցուցակները։ 

90-ականներին երբ մանկատները, ծերանոցները, մանկական վիրաբուժական հիվանդանոցները, հեմոդիալիզի կենտրոնը եւ զինվորական հոսպիտալը ամսվա մեջ երկու ժամ միայն կարող էին հոսանք ունենալ, օրենքով գող Սվո Ռաֆի թաղման կապակցությամբ, նրա ապրած թաղամասում 40 օր էլեկտրամատակարարումը ոչ մի րոպե չդադարեց։ Այ քեզ ժողովուրդ ու պետություն… Բա մեր բանակի գեներալիտետի հովանու ներքո «չաստ նայողների» արածները... քանի՞ զինվոր խոշտանգվեց, հոգեպես խեղվեց, սպանվեց ու ինքնասպան եղավ մեր զինված ուժերում։

Շատ ճիշտ կլիներ, որ քրեական աշխարհի ներկայացուցիչների «մեծությունն» ընդգծող բոլոր արձաններն ու նրանց անուններով քանդակագրված բոլոր ցայտաղբյուրները հանվեին համայնքային գերեզմանոցներից ու հասարակական վայրերից։ Թող այդ երդվյալ հանցագործերը հանրության հիշողության մեջ չմնան։
Ճիշտ կլիներ, որ քրեական աշխարհի հետ կապեր ունեցող օրինապահ մարմինների ներկայացուցիչները պատժվեին իրենց հանցավոր արարքների համար ու վտարվեին աշխատանքից։ Ճիշտ է՝ նոր օրենքներն ինչպիսին էլ լինեն, հետադարձ ուժ չեն կարող ունենալ, բայց անաչառ քննության դեպքում, գործող օրենքների համաձայն, դա կարելի է անել։


Վահան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Գրավիտոն» գիտական կենտրոն