Տնօրենը գնաց, հաջողությունը մնաց

Տնօրենը գնաց,  հաջողությունը մնաց

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ 2018 թվականի ամփոփիչ մամլո ասուլիս։ Լրագրողների հարցերին պատասխանեցին թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանը, թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանն ու  թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը: Լյուդվիգ Հարությունյանը, ամփոփելով տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նշեց, որ այս տարի թատրոնն ունեցել է 4 առաջնախաղ, իսկ հանդիսատեսի թվաքանակը համեմատած նախորդ տարվա ավելացել է 20․000 հազարով՝ աճելով նաև ներկայացումների քանակը: Նկատենք, որ ապրլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում»-ում ներկայացումը 14-15 հզր հանդիսատես է այս ընթացքում թատրոն բերել: 2019 թ-ի հունվարին, Գյումրու դրամատիկականը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հունվարի 27-ին, ամերիկաբնակ հայությունը Լանթերման Աուդիտորիում սրահում հնարավորություն կունենա դիտելու հենց այս՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացումը։

«Ինչպես գիտեք, թատրոնում ունենք «Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին աջակցման հիմնադրամ:Դեռ նախորդ տարվա ավարտին խոստացել էինք, որ լուծելու ենք մեր դերասանների բնակարանների հարցը։ Այս տարվա մայիսին մենք հանձնեցինք առաջին ձեռք բերված բնակարանը՝ դերասան Արկադի Ղարագուլյանի ընտանիքին, նույն օրը խոստանալով, որ ևս 4 բնակարաններ կտրամադրվեն մյուս դերասաններին։ Այս պահին արդեն 80 տոկոսով խնդիրը կարգավորված է, բնակարանները ընտրված են, և մնում է ավարտին հասցնել թղթաբանական հարցերը։ Հավատացած եմ, որ 2019 թվականի առաջին եռամսյակում բնակարանները կհանձնվեն դերասաններին»,- պատմեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

2019 թ-ին թատրոնը շարունակելու է հրավիրել դերասանների և ռեժիսորների, ովքեր Գյումրու դրամատիկականում կիրականացնեն նոր բեմադրություններ։Իր խոսքում թատրոնի գեղարվեստական ղեկավարը ավելացրեց նաև, որ 2019 թ-ը հոբելյանական է, քանի որ լրանում է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը, իսկ թատրոնը միանշանակ կանդրադառնա Թումանյանի ստեղծագործություններին՝ բեմադրելով նոր ներկայացում։

Թատրոնի գեղարվեստական խորհրդատու՝ ՀՀ ժող․արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն էլ իր հերթին նշեց, որ ինքը ևս պատրաստվում է թատրոնում նոր բեմադրություն անելու։

Ամփոփելով 2018թ-ը և ներկայացնելով 2019թ-ի առաջիկա ծրագրերը, թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանն էլ ավելացրեց, որ Գյումրու դրամատիկական թատրոնի մեծ բեմին զուգահեռ, հանդիսատեսը հնարավորություն կունենա մի շարք ներկայացումներ դիտելու նաև Մհեր Մկրտչյան փոքր թատրոնում, որտեղ նախատեսվում է բեմադրել մոնոներկայացումներ և մշակութային այլ միջոցառումներ։

Հիշեցնենք, որ թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանն ամիսներ առաջ, նշանակվելով Երևանի փոխքաղաքապետ, թողեց թատրոնը: Շատերը Գյումրու դրամատիկական թատրոնի վերջին շրջանի շռնդալից հաջողությունները հենց նրա անվան հետ են կապում: Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Տիգրան Վիրաբյանը, անդրադառնալով նոր տնօրենի ընտրությանն ու իրենից հետո թատրոնի վիճակին, նշել է. «Թատրոնն այսօր ունի հրաշալի թիմ, գեղարվեստական ղեկավար եւ առավել քան վստահ եմ, որ եթե ես ստիպված լինեմ թողնել այն,թատրոնն իր հաղթարաշավը շարունակելու է, եւ փայլուն ապագա է սպասվում: էնպիսի կայացած մեխանիզմ է, որ եթե ոլորտից մեկը եղավ, պետք է չարչարվի, որպեսզի կարողանա ձախողել: Էդ մեխանիզմը ձախողելու համար պետք է շատ հեռու լինել թատրոնից»: Ավելացնենք, որ թատրոնի տնօրենի ընտրությունը կկայանա ապրիլ ամսին: