«Քո հոգին՝ Արցախ, միտքդ՝ Խոր Վիրապ» Vs «Նիկոլն ազգի հերոս է, Հայաստանը փարոս է»

«Քո հոգին՝ Արցախ, միտքդ՝ Խոր Վիրապ» Vs «Նիկոլն ազգի հերոս է, Հայաստանը փարոս է»

Հունիսի 30-ին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրը, մեծ աշխուժություն էր․ տարբեր մարդիկ շնորհավորում էին նրան, դիֆերամբներ ձոնում, մյուսները՝ հայհոյում եւ անիծում։

Իրավիճակը շիկացավ, երբ համացանցում հայտնվեց Ավետ Բարսեղյանի խոսքերով եւ Ռազմիկ Ամյանի կատարմամբ Սերժ Սարգսյանի 65-ամյակին նվիրված երգի տեսահոլովակը։
Երգը, բացի դրվատանքի խոսքերից, նրբին ներքաղաքական ակնարկներ է պարունակում։

Մասնավորապես. «Հերոսի անցած ուղու ստվերով կանցնեն «սուտվերով» անցած շատ մարդիկ, բայց հաղթած հոգին համբերատար՝ քմծիծաղ կտա, կների, թե փորձեն այրեն էջեր»։ 


«Հրապարակը» ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանից փորձեց տեղեկանալ՝ արդյոք երգը պատվիրվա՞ծ է։ Եթե այո` ո՞ւմ կողմից՝ կուսակցությա՞ն, ի՞նչ է արժեցել եւ այլն։ Վերջապես՝ այն համաձայնեցվա՞ծ է Սերժ Սարգսյանի հետ։ Մեզ հետ զրույցում, սակայն, Ավետն ասաց․ «Ախպոր պես։ Մի՛ պղտորեք ամառային իմ առավոտը։ Չեմ ուզում խոսել։ Մեր զրույցը կարող ենք շարունակել,  եթե ուրիշ հարցեր ունեք։ Ավելի հետաքրքիր թեմաներ կան»։

Հիշեցնենք, որ երգը լսելուց հետո նախարար Արայիկ Հարությունյանը գրել էր, որ կոչումների շնորհման հարցը լրջագույն վերանայման կարիք ունի։ Ավետ Բարսեղյանին հարցրինք՝ ի՞նչ կարծիքի է կոչումների հարցի վերանայման մասին։ Առաջարկեց հարցնել Արայիկ Հարությունյանին։ «Երբ հայոց հողի վրա արդար, իսկական հերոս է ծնվում, երկնքում անծայր մի պահ անգամ մեծ արեւն է խավարում»․ Սերժ Սարգսյանի մասին գրել է Ավետ Բարսեղյանը։

Դրվատանքի խոսքերի ամենամեծ բաժինը կենտրոնացված է կրկներգում․ «Սիրտդ՝ Հայաստան, քո հոգին՝ Արցախ, միտքդ՝ Խոր Վիրապ, խոսքդ՝ Գանձասար, սերդ՝ հավասար»։  

Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, ՌԴ պաշտպանության նախկին նախարար Գրաչեւի, նաեւ՝ Գերմանիայի կանցլեր Մերկելի, Հռոմի պապի ու Բարաք Օբամայի հետ լուսանկարներով հավաքված երգի տեսահոլովակը, այնուամենայնիվ, առաջին հայացքից նախընտրական հոլովակ է հիշեցնում։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանին հարցրինք, թե կուսակցությո՞ւնն է պատվիրել տեսահոլովակը։ Ասաց․ «Չեմ կարծում», ապա ավելացրեց․ «Կարծում եմ՝ ոչ»։

ՀՀԿ-ական աղբյուրն էլ ասաց, որ տարիներ շարունակ թե՛ Ռազմիկ Ամյանը, թե՛ Ավետ Բարսեղյանը մտերիմ են եղել Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ, եւ որ դա նրանց նվեր-անակնկալն է եղել, որի մասին մինչեւ վերջին օրը գրեթե ոչ ոք չի իմացել։

Հայաստանում «քաղաքական երգի ժանրը», երբ պետական-քաղաքական գործչին երգ է նվիրվում, տարածված չէ։ Մինչեւ հեղափոխությունը միակ բացառությունը Վազգեն Սարգսյանի պարագան  էր։ Սակայն այսօրինակ երգերը բավականին մոդայիկ դարձան 2018 թվականից հետո։

Էդո Բարնաուլսկի անուն-ազգանունով երգիչը, օրինակ, Նիկոլ Փաշինյանին հետեւյալ խոսքերով երգ է նվիրել․ «Դուխով քո խոսքը տարար առաջ, Մեջքիդ կանգնած էր հայ ազգը քաջ, Աստծու ձեռքը քո գլխին, քո բալեքին պահապան, Ազգի արժանի զավակ հերոս Նիկոլ Փաշինյա՛ն»։ Իսկ կրկներգում ասվում է․ «Նիկոլն ազգի հերո՛ս է, Հայաստանը փարո՛ս է»։ Կամ՝ «Ահել-ջահել դուրս եկան, իրենց քայլը արեցին․․․»։


Ինչ վերաբերում է քաղաքական պամֆլետի ժանրին, ապա 90-ականներին  ու 2000-ականներին եղել է միայն մեկ նախադեպ, երբ Արարատ քաղաքի բնակիչ Ջանիկ Ադամյանը մի քանի ամսով դատապարտվեց Ռոբերտ Քոչարյանին նվիրված՝ «անաղուհաց քրդի շունը շուտ ուրացավ Վազգենին, հաստատ խառն է նրա մատը հոկտեմբերի 27-ի գործին» բանաստեղծության համար։