Երբ կբացվի հայ-ռուսական հարաբերությունների նոր էջը
Oրեր առաջ «Հրապարակը» գրել էր, որ Հայաստան են ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ապա՝ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մեդվեդեւի այցն այս ամսվա վերջին է։ Նա Երեւան է այցելում՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը լինելու է աշնանը։ Պուտինը պետական այցով Հայաստանում վերջին անգամ եղել էր 2013-ի դեկտեմբերին, իսկ 2015-ի ապրիլի 24-ին էլ Երեւանում էր եղել Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար։
Ինքնին հասկանալի է, որ երկու այցերն էլ բավականին կարեւոր են, հատկապես, որ հայ-ռուսական հարաբերություններում, մանավանդ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ի հայտ են եկել բավականին շատ խնդիրներ, եւ հարաբերություններն ընդհանրապես այլեւս առաջվանը չեն, որքան էլ հատկապես Երեւանից այդ փաստը փորձ արվի քողարկել տարատեսակ պոպուլիստական հայտարարություններով։
Այցից օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սիվիլնեթի» հետ հարցազրույցում ըստ ամենայնի խոստովանել է, որ Ռուսաստանում կա անվստահություն իր թիմի հանդեպ։ «Ես ուզում եմ շատ պարզ խոսել։ Այո, ռուսական էլիտայում, եւ դա գաղտնիք չէ, կա խնդիր այն բանի հետ կապված, որ Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդական հեղափոխություն, եւ մարդիկ իշխանության են եկել հեղափոխության արդյունքում։ Դրանք մարդիկ են, որոնք նախկինում քաղաքական ընդդիմության մեջ էին եւ ակտիվիստներ։ Նրանք հարկադրված էին տեղավորվել քաղաքացիական հասարակության սեկտորում, քանի որ չէին ցանկանում համագործակցել նախկին իշխանությունների հետ։ Քաղաքացիական սեկտորն էլ մասամբ ֆինանսավորվում էր միջազգային կազմակերպությունների կողմից, ներառյալ այնպիսի կազմակերպություններ, որոնց հանդեպ կա բացասական վերաբերմունք Ռուսաստանում։ Այդ պատճառով մենք հաճախ տեսնում ենք անվստահություն, եւ ես վստահ եմ, որ այն ժամանակի հետ կհաղթահարվի»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, իհարկե, բավականին յուրովի է ձեւակերպել առկա խնդիրները, սակայն այն, որ դրանք կան, ավելին՝ նաեւ քննարկվում են ու հարկ եղած դեպքում արտահայտվում առանց ձեւականությունների, հասկանալի է միանշանակ։ Դժվար է ասել, թե ինչու է Փաշինյանը նման խոստովանություն արել, սակայն նաեւ երեւում է, որ հայկական նոր իշխանությունները ներկայումս իրենք են հետաքրքրված, որպեսզի տեղի ունենա հայ-ռուսական հարաբերությունների վերազինում դրական ամպլուայի մեջ, ինչը լիովին ընկալելի է իշխանության ինքնապահպանման եւ վերարտադրման տարրական բնազդները հաշվի առնելիս։
Այսինքն՝ Երեւանում թավշյա իշխանությունները սկսել են իրերին նայել ավելի ռեալիստորեն, հասկանալ, որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգներն առանձնապես հետաքրքրված չեն իրենցով, առանձնապես հմայված չեն այն ամենով, ինչը Երեւանում անվանում են «թավշյա հեղափոխություն»։ Նույնիսկ հակառակը, որոշ հանգամանքներում նաեւ բավականին դժգոհելու տեղ ունեն։ Հետեւաբար, զուտ գլոբալ քաղաքական առումով, որպես Մեծ քաղաքականության ուժային կենտրոն՝ նրանք չեն կարող իրենց համար որպես իշխանության պահպանման կամ ապագայում հնարավոր վերարտադրման համար լինել հուսալի հենարան կամ երաշխավոր։ Ուստի, որպես այդպիսին՝ մնում է ռեգիոնալ ավանդական գերիշխող Մոսկվան, ու կա խնդիր հնարավորինս ադապտացվելու ռուսական գծի մեջ։ Սա որքան էլ պարզունակ կամ նույնիսկ կենցաղային բացատրություն լինի, բայց ամենից իրատեսականն է ու հնարավորը՝ որպես վարկած։ Սակայն այդ ադապտացման պրոցեսը, ըստ Երեւանի տեսանկյան, պետք է լինի այնպիսին, որ գոնե ադապտացիան ընթանա ինչ-որ մի բան կորզելով։
Թերեւս սրա համար է, որ մեջտեղ են նետվում արհեստական հարցեր, ինչպիսիք ռուսական TV-ալիքների հակահայկական բովանդակություն ունենալն է, որոնք կարող են քաղաքականապես կապիտալացվել, տարվել հայ-ռուսական հարաբերությունների ոլորտ եւ դառնալ, այսպես ասած, երկկողմ հարաբերությունների քաղաքական առեւտրի բաղադրիչ։ Այս ամենը հաշվի առնելով՝ ինքնին հասկանալի է դառնում, որ Մեդվեդեւն ու Փաշինյանը բավականին շատ խոսելու բան ունեն՝ ավանդական օրակարգից բացի, հատկապես, որ Փաշինյանը բավականին ռուսահաճ ժեստեր է անում՝ ըստ ամենայնի սկսելով «չեզոքացնել» ռուսական կողմի համար ոչ հաճելի համարվող իր թիմակիցներին։ Իսկ ավանդական օրակարգն ինքնին հասկանալի է՝ ԵԱՏՄ ինտեգրացիոն պրոցեսներ, հատկապես, որ Հայաստանն այս տարի նախագահող երկիր է ԵԱՏՄ-ում, նաեւ հնարավոր քննարկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված թնջուկային իրավիճակի շուրջ եւ քննարկում ղարաբաղյան օրակարգով։
Ի դեպ, ԵԱՏՄ մասով էլ, կարծես թե, կան որոշ խնդիրներ։ Օրեր առաջ ռուսական «Ռոսսելխոզնադզորն» ահազանգ հնչեցրեց, թե ԵԱՏՄ-ում անասնաբուժական հավաստագրման էլեկտրոնային համակարգի ներդրման հետ կապված՝ Ռուսաստանն ու Բելառուսը, կարելի է ասել, «գերազանցիկ» են եւ կատարել են հարկ եղած բոլոր քայլերը, իսկ Հայաստանում եւ Ղրղզստանում խնդիրներ կան, Ղազախստանում էլ պրոցեսը զարգանում է չափազանց դանդաղ։
Կարծիքներ