Դասագրքերը, որոնց ժամկետները լրացել են, վերահրատարակվելու են առանց խմբագրման

Դասագրքերը, որոնց ժամկետները լրացել են, վերահրատարակվելու են առանց խմբագրման

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանն անդրադարձել է նոր դասագրքերի ստեղծման մրցույթին՝ նշելով, որ դասագիրքը պետք է համապատասխանի հանրակրթության պետական չափորոշչի, կրթության կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի ու ծրագրի պահանջներին եւ ներկայացնի առարկայի կամ դրա` համապատասխան դասարանի համար նախատեսված մասի (եթե դասագիրքը կազմված է մեկից ավելի՝ իրար շարունակող մասերից) հիմնական բովանդակությունը:

«Իսկ գործող դասագրքերը, որոնք կիրառվում են այն դասարաններում, որտեղ դեռ չի ներդրվելու նոր չափորոշիչը, ցուցակագրվել են, քանի որ դասագրքերի օգտագործման ժամկետներ կան: Բոլոր այն դասագրքերը, որոնց ժամկետներն արդեն լրացել են, բայց 1-2 տարի կիրառման կարիք ունեն, վերահրատարակվելու են՝ առանց խմբագրման աշխատանքների՝ մինչեւ համապատասխան դասարաններում եւս կներդրվի նոր չափորոշիչը, ու կստեղծվեն նոր դասագրքեր»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արաքսյա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2024/25 ուսումնական տարվանից սկսած՝ հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվելու է եւս 4 դասարաններում, եւ առաջիկայում արդեն կմեկնարկեն այդ դասարանների դասագրքերի ստեղծման մրցույթի նախապատրաստական աշխատանքները: