Շարժումը մեր որդան կարմիր- արյունն է․ չի խամրելու
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նմանեցնում եմ մանրանկարչության մեջ օգտագործվող որդան կարմիրին։ Թվում է, թե անհետացել , ջնջվել է, թվում է, թե Բագրատ Սրբազանը մոռացված գույն է արդեն, բայց հազարամյակների փոշին անգամ մաքրելուց որդան կարմիրն իր շողշողուն փայլը չի կորցնում։ Ինչու՞ եմ այդպես ասում։ Որդան կարմիրը շնչող էակների արյուն է, որոնք ապրում են հողի տակ և սնվում են արմատներով։ Որդան կարմիրը շատ կայուն ներկ է, այդ թվում լույսի ազդեցության հանդեպ` մինչ օրս դրա հետքերը հայտնաբերվում են 4-3 հազարամյակների վաղեմության հայկական պալատական համալիրների ավերակներում: Շարժումը նման է որդան կարմիրին․ այն մեր արյունն ու տառապանքն է, հեշտ չէ այն մաքրել արհեստական օրակարգերով, կեղծ տեղեկատվությամբ։ Երբ ասում են՝ մարել է շարժումը, վստահաբար ասում եմ՝ որդան կարմիրը չի՜ մարելու։ Հայկական որդան կարմիրից մենք բոլոր երանգները ստանալու ենք, «արքայական ծիրանի՛ն» ենք ստանալու։ Մինչև օրս հայ մանրանկարչության մեջ հին ձեռագրերն ապշեցնում են իրենց վառ և հագեցած գույներով: Դա որդա՜ն կարմիրն է։ Նիկոլ Փաշինյանը, եթե տեղովը մեկ լույս էլ դառնա, չի կարող գունաթափել մեր «արքայական ծիրանին»։ Վերածննդի դարաշրջանում` Լեոնարդո դա Վինչին, Ռեմբրանդտը, Միքելանջելոն փառքի են հասել՝ «Արևելքում բացահայտելով հրաշալի կարմիր ներկի գաղտնիքը»: ՔՊ խմբակն ընդամենը արհեստական գունաներկ է․․․ Այն աղավաղում է ֆոնը ու թվում է, թե չկա որդան կարմիրը։ Բայց ժամանակի հետ այն իսպառ կջնջվի և մենք կտեսնենք լույսի պես վառվող մեր բոսորագույնը․․․․ Վստահաբար եմ ասում, քանի որ մենք անհետացող տեսակ չենք․․․
Կարծիքներ