Ընտրությունների մասին այնքան է խոսվել՝ նույնն է, որ առասպելները փորձես հերքել

Ընտրությունների մասին այնքան է խոսվել՝ նույնն է, որ առասպելները փորձես հերքել

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օրերս նշել է, որ պետք է փաստեր հավաքել 1991-ից տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ։ Թե սա ինչ է տալու հանրությանը, պետությանը, իրենց՝ նախագահի նախկին թեկնածուներին եւ նախարարին, որն այդ դեպքերի ժամանակ անգամ ծնված չէր, հարցի մեկ այլ կողմն է։ Բայց բոլոր նրանք, ովքեր, մեղմ ասած, ոգեւորված չեն ակնհայտորեն պոպուլիստական ու կարեւորը՝ անիմաստ զբաղմունքներով, վկայակոչում են աշխարհի փորձը, ըստ որի՝ նման ճշմարտության հանձաժողովներ ստեղծվում են այն երկրներում, որտեղ եղել են ցեղասպանություններ, քաղաքացիական պատերազմներ կամ սարսափելի բռնապետական ռեժիմներ։ Մնացած դեպքերում դա ժամանակի անտեղի կորուստ է։ Չէ որ ամեն նոր իշխանություն կարող է ստեղծել հանձնաժողով ու գնահատական տալ նախորդին, հետո՝ հաջորդը ու այդպես շարունակ։

Մյուս կողմից, ինչպես կարծում է ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը, Հայաստանում ընտրությունների ընկալումը խիստ միֆականացված է, դրանց շուրջ վերջին 30 տարում շատ առասպելներ են հյուսվել։ «Պատկերացնո՞ւմ  եք, եթե մեկը հին հույնին փորձեր համոզել, թե աստվածներից գերագույնը Զեւսը չէ, գոյություն չունեն ամպրոպի աստված կամ այլ գերբնական ուժեր, նման մարդուն կհամարեին չարք։ Հայաստանյան ընտրությունների մասին այնքան անառարկայական վերագրումներ են արվել, այնքան կեղտ է հեղվել, որ ինձ համար դժվար է առասպելին ընդդեմ խոսք ասելը։ Առասպելները հորինվում են մարդկային թուլություններից բխող պատրանքները սրբագործելու նպատակով։ Ինչպե՞ս այն հերքել։ Հետեւաբար՝ թող ապրեն առասպելները, եւ առասպելների սիրահարներն էլ թող կերակրվեն դրանցով»։

Հենց այս նկատառումներից ելնելով՝ մենք որոշեցինք հետահայաց անդրադառնալ Հայաստանում անկախությունից ի վեր համապետական խորհրդարանական 7 եւ նախագահական 6 ընտրություններին։

1991թ․ համազգային ոգեվորություն, որ հետո վերածվելու էր ատելության

 ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թ. հունիսի 25-ի որոշմամբ ՀՀ նախագահի ընտրությունները նշանակվեցին 1991 թվականի հոկտեմբերի 16-ին՝ չորեքշաբթի օրը։ Այդ օրը գրանցվեց 74 տոկոսանոց ակտիվություն, եւ առաջադրված 6 թեկնածուներից՝ Զորի Բալայան, Պարույր Հայրիկյան, Ռաֆայել Ղազարյան, Աշոտ Նավասարդյան, Սոս Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, վերջինս ստացավ 83 տոկոս ձայն, ում հրաժարականը 2 տարի անց՝ 1993-ից սկսած, պահանջելու էր նույն հանրությունը։ Երկրորդ տեղը գրաված Պարույր Հայրիկյանը ստացել էր մոտ 7 տոկոս, երրորդը ՀՅԴ թեկնածու Սոս Սարգսյանն էր։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ լավագույնը համարվող այս ընտրությունը մի փոքր մռայլվեց Պառավաքարի դեպքերով (նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրը նախագահի թեկնածուին ծեծել էին, եւ 11 ավտոմեքենա էր ջարդվել), սակայն համազգային ոգեւորության ֆոնին սա կաթիլ էր օվկիանոսում։ Պարույր Հայրիկյանն այդ կարծիքին չէ եւ ասում է, որ 91-ինը միակն էր բոլոր ընտրություններից, երբ դատարանը հայտարարեց, որ թեկնածուներից մեկի համար եղել են անհաղթահարելի խոչընդոտներ։ Այդ մեկը, բնականաբար, ինքն էր։ Նա հայտարարեց, թե իրականում Լեւոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ ստացել է մոտ 60 տոկոս ձայն։ «Չէ որ մենք հանձնաժողովներում մարդիկ ունեինք եւ ստանում էինք տվյալներ։ Մենք քարոզարշավ շատ չկարողացանք իրականացնել։ Բայցեւ այդպես չի լինում, որ քո ծրագրին ժողովուրդն 94 տոկոսով «այո» ասի։ Անկախության հանրաքվեն իմ ծրագիրն էր, բայց իրենք թույլ չտվեցին, որ ես մարդկանց դա հիշեցնեմ»,- տարիներ անց այս դեպքերին անդրադառնալով՝ ասաց Հայրիկյանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կտա հետահայաց քաղաքական-իրավական գնահատականը, Հայրիկյանն ասում է, որ ողջունելի են անցալը վերագնահատելու ռազմավարական քայլերը, բայց ո՞ւմ կողմից։ Եվ հարցնում է՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորած ԿԸՀ ունեցող այս իշխանությունը, որը նաեւ շնորհավորում է բոլշեւիկյան չեկիստի օրը եւ որը 2018-ին միայն Սերժի՞ն էր մերժել, թե՞ նաեւ Մուկուչյանին։ «Եթե Սովետական հետախույզի օրը նշելուց հետո նա պետք է անդրադառնա ընտրություններին, ապա նրան պետք է ասել՝ դու ո՞վ ես, որ անդրադառնաս մեր պատմությանը։ Եվ առհասարակ, ես խորհուրդ կտայի, որ Նիկոլն այլեւս չարտաբերի «Երրորդ Հանրապետություն» խուժանությունը»,- ասաց Հայրիկյանը։

1996թ․ «Եթե 15 րոպեից չգամ, եկեք իմ հետեվից»

1996 թվականի նախագահական ընտրությունները ոմանք համարում են Հայաստանում ընտրակեղծարարության մեքենայի գործադրման տարեթիվը։ Կար 7 թեկնածու՝ ակադեմիկոս Լենսեր Աղալովյան, կոմունիստ Սերգեյ Բադալյան, Պարույր Հայրիկյան, Վազգեն Մանուկյան, Աշոտ Մանուչարյան, Դեմկուսի Արամ Սարգսյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան։ Արդեն քննադատվող Տեր-Պետրոսյանին պաշտպանում էին Հայոց համազգային շարժումը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը։ «Ազգային առաջադիմություն» եւ «Ազգային պետություն» կուսակցությունները հայտարարեցին Վազգեն Մանուկյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։ Ապա կազմվեց հզոր ընդդիմադիր դաշինք, որի մաս կազմեցին ԱԺՄ-ն, «Ազգային պետությունը», «Ազգային առաջադիմությունը», ՍԻՄ-ը, Հայաստանի Դեմկուսը եւ ընդհատակում գործող ՀՅԴ-ն։ Պարույր Հայրիկյանը, Աղալովյանն ու Արամ Սարգսյանը հայտարարեցին ինքնաբացարկ, եւ Վազգեն Մանուկյանը դարձավ միասնական թեկնածու։ Նա պաշտոնապես ստացավ 41․29, իսկ Տեր-Պետրոսյանը՝ 51․75 տոկոս ձայն։ Սակայն ընդդիմությունը չընդունեց արդյունքները, մարդիկ փողոց ելան եւ գնացին դեպի Ազգային ժողովի շենք, որտեղ տեղակայված էր ԿԸՀ-ն։ Վ․ Մանուկյանը, ցուցարարներին թողնելով դարպասների մոտ, մտավ ԱԺ շենք՝ ասելով․ եթե 15 րոպեից չգամ, եկեք իմ հետեւից։ Արդյունքում՝ ամբոխը մտավ եւ ջարդեց ԱԺ ղեկավարության գլուխները։ Պարույր Հայրիկյանը սա անվանում է Վազգեն Մանուկյանի կողմից «մեծագույն լակոտություն»։
Այս իրադարձություններից տուժած Արա Սահակյանն ասաց․ «Անկախ այն հանգամանքից, որ ամենաշատը ես եմ տուժել, փորձում եմ սառը դատել։ Այսքան տարի է անցել, երբեմն մեկուսի վերադառնում եմ այդ դեպքերին, փորձում հասկանալ՝ կա՞ր արդարացում նման բռնության։ Ու այսօր էլ նույնն եմ ասում՝ ո՛չ, չի կարելի երբեւէ ահաբեկչությունը ներել, դա կնշանակի օրինականացնել ահաբեկչությունը մեր կյանքում։ Պետական հաստատության, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ 1996թ․ սեպտեմբերի 25-ի բռնությունների լուրջ գնահատականի բացակայությունը բացեց 1999թ․ հոկտեմբերի 27-ի, 2008թ․ մարտի 1-ի, «Սասնա ծռեր» հորջորջվող կառույցի ահաբեկչական գործողությունների ճանապարհը»։
Ի դեպ, այն ժամանակ շրջանառվում էր վարկած, որ ԱԺ դարպասները թուլացրել էին, որ հեշտությամբ տապալվեն, եւ ամբոխը ներխուժի ԱԺ տարածք։ Դիմադրությունը ճնշվեց, Վազգեն Մանուկյանի կողմնակիցների մեծ խումբ հայտնվեց բանտերում, եւ ամենախայտառակ փաստն արձանագրվեց՝ ԱԺ դահլիճում պատգամավորները ծեծի ենթարկվեցին։ Նրանց մեջ էին Շավարշ Քոչարյանը, Դավիթ Վարդանյանը։ Սակայն ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանն այլ կարծիքի է․ «Որոշված էր, որ հաջորդ առավոտյան բազմաթիվ տեղամասերում պետք է քվեարկության արկղերը բացվեին, եւ ստուգում կատարվեր։ Եվ, փաստորեն, ԱԺ-ի վրա հարձակումը կանխեց քվեարկության արդյունքները ստուգելու հնարավորությունը»։ Նրա խոսքով՝ իրենք այդ ուշ ժամին՝ 19։30-ին, ԱԺ-ում հենց այդ որոշումն էին քննարկում, թե Տեր-Պետրոսյանի որ վստահված անձը որ ընտրական հանձնաժողովում պետք է ներկա լինի ստուգմանը։

Ինչպես հայտնի է՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը 96-ի սեպտեմբերի 25-ին մի շատ խոցելի հայտարարություն արեց, որ եթե անգամ Մանուկյանը հավաքած լիներ 100 տոկոս ձայն, ո՛չ բանակը, ո՛չ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարի չէին ընդունելու։ Արա Սահակյանն ասում է․ «Ասում եք միտք, որտեղ բառերը շատ կարեւոր են, եւ միտքը կտրված է կոնտեքստից։ Իսկ կոնտեքստը մթնոլորտն էր, իրավիճակը, կատարված բռնությունը։ Վազգենին ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր հասկանում եմ հետեւյալ կերպ, որ բռնությամբ իշխանության գալն անթույլատրելի է»։
Ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ թեմային անդրադարձել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ասելով. «․․․20 րոպեից ժողովուրդը սկսեց բարձրանալ ճաղերի վրա, եւ այդ օրվա անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրված էր Սերժիկ Սարգսյանի վրա՝ որպես ԱԱԾ նախագահ։ Ո՛չ Վանո Սիրադեղյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն այս հարցում որեւէ լիազորություն չունեին եւ ենթարկվում էին նրան: Երբ ներխուժեցին ԱԺ, Սերժիկը մոտեցավ ինձ, ասաց՝ շե՛ֆ, պետք է կրակել, ասացի՝ ոչ մի դեպքում, սպասե՛ք, բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողներն առեւանգել եւ Լինչի դատաստանի են ենթարկել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, Սերժիկը կրկին առաջարկեց կրակել: Ես մտածեցի ու ասացի՝ միայն օդ, եւ մի քանի րոպե օդ կրակելուց հետո ժողովուրդը ցրվեց: Այդ օրը որեւէ մարդ վնասվածք չի ստացել, չկա այդպիսի փաստ: Իսկ մարտի 1-ին կան 10 սպանված, 100-ավոր վիրավորներ»:

Արա Սահակյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանի այդ խոսքերը չի լսել, չի կարող ու չի ուզում մեկնաբանել, բայց որքանով ճանաչում է Սերժ Սարգսյանին, նա հավասարակշռված, զուսպ եւ ոչ ագրեսիվ վարքագծի տեր մարդ է։


Շարունակելի