Քաղաքացու օրը

Քաղաքացու օրը

Հայաստանի պետական տոնացույցում նոր տոն հայտնվեց՝ Քաղաքացու օրը, որն ըստ էության հեղափոխության տարեդարձն է, բայց իշխանությունը որոշեց ավելի վեհ իմաստ դնել տոնի մեջ, նվիրել այն ոչ թե նախկին ռեժիմից ազատագրմանը, այլ քաղաքացուն, որի շնորհիվ տեղի ունեցավ այդ ազատագրումը։ Քաղաքացուն մեծարելու նպատակով անտեսվեց հենց իր՝ քաղաքացու կարծիքը, ըստ որի արժեր տոնի համար նախատեսված 120 միլիոնով մի քանի տասնյակ քաղաքացու մատից փուշ հանել։ Իշխանությունը քաղաքացուն տվեց բոլոր ժամանակների անդեմ ու անգիտակից խառնամբոխի ուզածը՝ հաց ու զվարճանք։ Տոնը նշվեց Երեւանում եւ մարզկենտրոններում խորովածի սեղաններ բացելով, ժողովրդական տոնախմբություններով, երգով ու պարով։ Եվ քանի որ վարչապետը մշակութասեր է, չէր անտեսվել նաեւ հոգեւոր հացը, եւ տոնական ծրագրերի մեջ տեղ էին գտել հանդիպումները գրողների հետ, որ պիտի անցկացվեին մարզային գրադարաններում։
       

Ինձ բաժին էր հասել Աշտարակի գրադարանը։ Մի քանի շաբաթ առաջ էի համաձայնությունս տվել, երբ դեռ միջոցառումների բյուջեն հրապարակված չէր, եւ շրջակա միջավայրը չէին ապականել տոնի գովազդային պաստառները, որ հորդորում են միտքը վառ պահել։ Անզեն աչքով երեւում էր, որ կազմակերպիչներն առանց մրցույթի, «պասերով» գործը տվել են նկարչությունից ու դիզայնից հեռու իրենց ծանոթին։ Պաստառներից վայր ընկնող «քաղաքացիները», չգիտես ինչու, ազգային տարազով էին եւ ավելի շուտ ժողովրդական մշակույթը վերարտադրող գյուղացու կերպարն էին նկարագրում, քան հեղափոխություն արած, իրավագիտակից քաղաքացու։ Չարժեր ակնկալել, որ միջոցառումների ընդհանուր մակարդակը դրանից շատ բարձր է լինելու, բայց քանի որ համաձայնությունս արդեն տվել էի, տոնի նախորդ օրը գրադարանի ֆեյսբուքյան էջից փորձեցի ճշտել հանդիպման ժամն ու հասցեն։ Զարմանքով հայտնաբերեցի, որ էջին որեւէ հայտարարություն չկա հանդիպման մասին։ Նամակ գրեցի գրադարանին՝ փորձելով ճշտել՝ արդյոք վաղը իրենց տանիքի տակ հանդիպում կա՞ ինձ հետ։ Կասկածներս փարատեցին կառավարությունից ՝ Քաղաքացու օրը Աշտարակի գրադարանում հանդիպում էր ինձ հետ։
       

Քաղաքացու օրը Աշտարակում, ինչպես այլ մարզկենտրոններում, սկսվեց ծառատունկով։ Բազմաթիվ փողկապավոր մարդիկ տոնական տրամադրությամբ ծառ էին տնկում ու ճառ ասում քաղաքացու դերի ու կարեւորության մասին։ Նույն այգում, քիչ հեռու համերաշխ չորացել էին հավանաբար նախորդ ծառատունկի ժամանակ տնկված տնկիները։
     

«Հացի խնդրի» հեղինակի թանգարանի դիմաց խորովածի ծուխն աշխարհ էր բռնել, փողոցի մեջտեղը մանղալներ էին դրված, իսկ փողոցի երկայնքով ուտելիքներով ծանրաբեռնված սեղաններ էին, որ, հավանաբար, պիտի հիշեցնեին քաղաքացուն իր պայքարի ու պայքարը չդադարեցնելու անհրաժեշտության մասին։ Սեղանատերերից ոմանք մուննաթով դիմում էին քաղաքացիներին․ «Սպասեք մարզպետը գա-անցնի, նոր կերեք, էլի»։ Քաղաքացու տոնը քաղաքացունը չէր, այլ մարզպետինը, քաղաքապետինը, քաղաքապետարանի աշխատակցինը, ավագանու անդամինը, պատգամավորինը, վարչապետինը՝ վերջապես։ Ընդհանրապես, հանրապետությունով մեկ տոնի կապակցությամբ սեղաններ գցելու միտքը տխրեցնում է, որովհետեւ տոնն ուտելիքի հետ կապելը ոսկորների մեջ ներծծված աղքատության մասին է հուշում։ Այն աղքատության, որն այդպես ատում է վարչապետը։
       

Գրադարանի պատին, դռան վրա եւ մոտակայքում որեւէ տեղ նույնպես ոչ մի հիշատակում չկար սպասվող միջոցառման մասին։ Որոշեցի դաս տալ գրադարանավարներին՝ ասենք, գնալ ու հրաժարվել ընթերցումից, եթե մարդիկ եկած չլինեին։ Բայց մարդիկ եկել էին, եկել էին լսելու «ժամանակակից գրողի», իրենց համար կարեւոր չէր, թե ում։ Նրանք համտեսել էին խորոված, քյաբաբ, չրեր ու պոպոքի մուրաբա, հիմա էլ եկել էին գրող համտեսելու՝ մինչեւ տոնական համերգի մեկնարկը։ Որոշեցի նստել հանդիսատեսի շարքում ու սպասել ընթերցման ժամին, երբ գրադարանավարները կսկսեին անհանգստանալ։ Ու մինչ ես մտածում էի, թե ոնց դաս տամ գրադարանավարներին, պարզվեց, որ ժամանակակից գրողը, ում հետ պիտի լիներ հանդիպումը, արդեն տեղում էր։ Եվ այդ գրողը, օ, աստվածներ, ես չէի։
       

Ինչ լավ էր, որ այդպես եղավ։ Ես մոռացել էի, որ գրողն ու իշխանությունն իրար հետ անցնելու ճանապարհ չունեն՝ նույնիսկ այնքան կարճ, որքան Երեւանից Աշտարակ ընկած ճանապարհն է։ Իշխանության համար երբեք կարեւոր չեն կոնկրետ մարդն ու կոնկրետ քաղաքացին, այլ դրանց հավաքական ու անդեմ կերպարները։ Իշխանությունը վառ, հետաքրքիր, առաջադեմ հեղափոխականներին մի տարում վերածեց ստանդարտ ճառեր արտասանող, գորշագույն պաշտոնյաների, որ ինչքան ավելի սահուն ու բոցաշունչ են խոսում արժեքներից, այնքան քիչ են հավատում դրանց։ Իշխանությունը չի կարող սիրելի լինել, եթե անգամ մեր սիրելի մարդիկ են իշխանության մեջ։ Եվ սա է, որ պիտի չմոռանա Քաղաքացին տարվա մեջ եւ ոչ մի օր։

 

Արփի ՈՍԿԱՆՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ