Վահան Տերյանի «Հոգեւոր Հայաստանի» մասին՝ ըստ էության

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Վահան Տերյանի «Հոգեւոր Հայաստանի» մասին՝ ըստ էության

Վահան Տերյանի համար «Հոգեւոր Հայաստան» հոդվածը գրելու առիթ է հանդիսացել «հայ բուրժուական մտավորականներից» մեկի հետ ունեցած զրույցը 1912 թ., երբ նորից միջազգային ասպարեզ է բարձրանում Հայկական հարցը, երբ հայկական միջավայրում ամենուր այդ մասին էին խոսում: Տերյանի այն հարցին, թե ինչ է ձեր ցանկացած անկախ Հայաստանը՝ «…տեսնեք հայ ոստիկան՝ հայկական համազգեստով…», հնչել է պատասխանը. «Այո՛, հայ ոստիկան՝ հայկական համազգեստով...»: Փոխարենը Տերյանը որեւէ խոսք չի լսում հայ մշակույթի, դրա բաղադրիչներ արվեստի, գրականության, գիտության, վերջապես՝ հայ ժողովրդի մասին, որի համար, ըստ Տերյանի, բոլորովին «…միեւնույն է, թե ո՛ր ազգից է եւ ի՛նչ համազգեստ ունի հագին այն ոստիկանը, որն իրանից կաշառք է պահանջում կամ որն իրեն ծեծում է…»: Այդ զայրացնող զրույցն է, ըստ էության, Տերյանին մղում ներկայացնելու ապագա Հայաստանի իր տեսլականը: 

«Հոգեւոր Հայաստան» հոդվածում Տերյանն այն տեսակետն է հայտնում, որ հայ բուրժուազիան եւ հայ մտավորականությունը զգալի մասով ապազգային են, անտեղյակ ազգային մշակույթի գլխավոր գործոններ լեզվին, գրականությանը, արվեստին: Այս, նույնիսկ, հայերեն չիմացող մտավորականներն են դարձել հայերի խոսնակը («բերանը»): Մինչդեռ, ըստ Տերյանի, մեր հույսը եւ ապագան պետք է կապենք ոչ թե նյութական, այլ «Հոգեւոր Հայաստանի» հետ:

Իսկ ի՞նչ ասել է «Հոգեւոր Հայաստան»՝ «հայության հավաքում» կամ «հայության կազմակերպում» գաղափարական իմաստով: Դա այն մշակույթն է, մշակութապես կազմակերպված ժողովուրդը, որն անդադար ստեղծում է իր ինքնության առհավատչյա արժեքները:

Նման «Հոգեւոր Հայաստանի» համար պետք է պայքարենք՝ գրում է Տերյանը: Ոչ թե շքեղ շենքերի, այլ մտքի ու հոգու հպարտությամբ ճոխացող հայրենասիրություն է ցանկանում Վ. Տերյանը: Նա դեմ է «զոոլոգիական» հայրենասիրությանը, որովհետեւ այն սպանում է «Հոգեւոր Հայաստանը» եւ լավագույն դեպքում «… կարող է մեզ համար Պարսկաստանի նման մի հայրենիք ստեղծել: Մենք չենք կամենում այդպիսի հայրենիք, մեր հայրենիքը Ռուսիան է, եւ նրա ծոցում է, որ կամենում ենք մենք առաջ տանել ու պահպանել մեր կուլտուրան…»:

Այսպիսին է «Հոգեւոր Հայաստանի» տերյանական ըմբռնումը: 

Մի քանի հարց եւ առարկություն Տերյանին.

Հետաքրքիր է, թե Տերյանը որ եւ որտեղի հայ մտավորականներին նկատի ունի, երբ գրում է. «Նրա՝ այդ ինտելիգենցիայի համար բնավ գոյություն չունի հայ կուլտուրա ասածը: Նա միանգամայն անտեղյակ է այդ կուլտուրայի գլխավոր գործոններին՝ լեզվին, գրականությանը, արվեստին, այն ամենին, ինչ մի ազգի կուլտուրայի բնորոշող հատկանիշներն են կազմում: Նա ոչ միայն անտեղյակ է, այլ կամք չունի տեղյակ լինելու, ավելին կասեմ՝ արհամարհում է այդ ամենը»:

Այդ ի՞նչ հայ մտավորական է, որ ծանոթ չէ իր լեզվին, գրականությանը, արվեստին, այսինքն՝ ազգի բնորոշ հատկանիշներին, որոնց խորքային իմացումը «մտավորական» կոչվածի սուրբ գործն է: Եթե մտավորական ասելով նկատի ունի ռուսախոս կաբինետային հայ չինովնիկին, գուցե իրավացի է, իրավացի կլիներ, եթե նշեր նաեւ թուրքական արքունիքում ծառայող թրքախոս հայ պաշտոնյաների մասին: Բայց եթե խոսքն իրոք հայ մտավորականի մասին է, ապա այստեղ թյուրըմբռնում գոյություն ունի, որովհետեւ մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը մեր գրեթե ողջ մտավորականությունը Հայաստանից դուրս էր, արեւելահայ մտավորականները հիմնականում Թիֆլիսում էին, քիչ քանակությամբ՝ այլ վայրերում, ու նրանք էին, որ օտարների հետ շփվելիս օտարախոս էին, բայց դրա հետ մեկտեղ նրանք են նոր ժամանակների հայ գրականության փառքը կերտել, իրենց ստեղծագործություններում «Հոգեւոր Հայաստանի» ըմբռնումն էապես հարստացրել:

Տերյանը գրում է. «Չպետք է կամենանք մեր հույսը եւ ապագան «Նյութական Հայաստանի» գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք «Հոգեւոր Հայաստանի» համար», հակառակ դեպքում, կնմանվենք «մեր տգետ հայ բուրժուային, որ առատ ձեռքերով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցելու, առանց երբեւիցե մտածելու, թե ինչպիսի, ինչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ», իսկ հետո. «Նայեցեք՝ մեր հայրենիքում դուք կգտնեք շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր»: Ահա, այդ արտաքին սահմաններով առանձնացած «խավարի մեջ դեգերող, բայց օտարների աչքին թոզ փչելու համար, պատեհ դեպքերի համար արտաքին շքեղ ու հոյակապ շենքերով ճոխ Հայաստանն է նրանց բաղձանքի առարկան: ...Չկամենանք այդպիսի մի հայրենիք»:

Բայց այդ ե՞րբ է եղել, որ հայ բուժուազիան շքեղ դպրոցական շենքեր է կառուցել, որոնք համապատասխան բովանդակությամբ հագեցված չեն եղել: Հակառակը՝ կրթության բնույթի, առանձնահատկությունների, հայ մանուկին, պատանուն տրվելիք գիտելիքի, դաստիարակության ընդհանուր ուղղվածության, ազգային առանձնահատկությունների, ոգու մասին քննարկումներ լի են XIX դարի երկրորդ կեսի հայ մամուլում, իսկ թե որքանով են դրանք իրականություն դարձել համապատասխան շենքերի բացակայության պատճառով, դժվարանում եմ ասել: Երբ Հայաստանը խորհրդայնացավ, նրա մայրաքաղաք Երեւանում քանի՞ շքեղ շենք կար, մինչեւ օրս էլ Երեւանի կենտրոնը չի մաքրվում կավաշեն-հողաշեն շենքերից: Հայ բուրժուազիան Թիֆլիսն ու Բաքուն կառուցեցին, շքեղ շենքեր կառուցեցին Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Կ. Պոլսում: Հայաստանը, ցավոք, շենքերի ժառանգություն էլ չստացավ:

Այժմ ամենագլխավորի` «Հոգեւոր Հայաստանի» մասին:

Հարց է առաջանում․ ինչո՞ւ Տերյանը նյութական Հայաստանն առանձնացրեց հոգեւորից: Հավանաբար, պետք է հաշվի առնել այն ժամանակահատվածը, որում գրվել է այդ գործը: Տերյանը հոդվածը գրել է 1912-1914 թթ., տպագրել 1914 թ. դեկտեմբերին, «Մշակում»: Ժամանակաշրջանը համապատասխանում է Հայկական հարցի եւս մեկ անգամ բարձրանալուն, այս անգամ ռուսական կայսրությունը հարցի լուծման մեջ ավելի հետեւողական էր, ինչն էլ մեծ հույսեր էր տալիս հայ մտավորականությանը, որոնցից մեկն էլ Տերյանն էր: Բնական է, հարց պետք է առաջանար, թե ինչպիսի Հայաստան է մեր ցանկացածը՝ «հայ ոստիկան՝ հայկական համազգեստո՞վ», թե՞ «կուլտուրապես կազմակերպված ժողովուրդ»՝ «Հոգեւոր Հայաստան»: Տերյանը կտրականապես դեմ է առաջինին, ասինքն` մայր հայրենիքում անկախ պետություն ստեղծելուն, կողմ` երկրորդին, որը դեռ պիտի գար, իրականացներ «հայության հավաքման», «հայության կազմակերպման» գործառույթը: Բայց, ինչպես իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց.

ա) հայությանը փրկողը եւ երկարատեւ ընդմիջումից հետո հայոց պետականություն կերտողը «համազգեստով» հայ մարդը եղավ (զինվորն ու ոստիկանը): Նա թույլ չտվեց, որ իրականանա հայության վերջնական բնաջնջումը: Մեր ներկայիս հանրապետության գոյության ողջ ժամանակաշրջանը դարձյալ ապացուցում է, որ Հայաստանն առանց ուժեղ «համազգեստավոր հայի» պարզապես գոյատեւել չի կարող: Ուստի ոչ մի սարսափելի բան չէր լինի, եթե Հայաստան պետության վերակերտումը սկսվեր համազգեստավոր հայի «նյութական Հայաստանով», իսկ մնացածը ժամանակի խնդիր էր (այդպես վարվեցին Խորհրդային Հայաստանի առաջին իշխանությունները՝ երկիր հրավիրելով հայ մտավորականներին, որպեսզի կերտեն «Հոգեւոր Հայաստանը»):

բ) Տերյանի հոդվածն ընթերցելիս այն տպավորությունն ես ստանում, թե պետականություն էր ստեղծվելու ոչ թե մի երկրում, որը դարեր տեւող պետականություն եւ աշխարհին զարմացրած հարուստ մշակույթ էր ունեցել, այլ՝ անապատում: 

գ) Հոդվածի տպագրության ժամանակներում արդեն բռնկվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, եւ շատ անորոշ էր դարձել հատկապես արեւմտահայության ճակատագիրը, եւ Տերյանը՝ որպես հայ մարդ ու մտավորական, գուցե կանխազգում էր այն արհավիրքները, որ բերելու էր պատերազմը հայ ժողովրդին, եւ նրան նախապատրաստում էր «Հոգեւոր Հայաստանին»: Գուցե այդ հանգամանքը նկատի ուներ Տերյանը, երբ գրում էր. «… նյութական կորուստները միշտ կարելի է վերականգնել, իսկ հոգեւոր կորուստներն անդառնալի են»:

Եվ վերջինը: Ցավոք, Տերյանը չի բացատրել, ու ինքն էլ չկա, որ հարցնենք, թե ինչ է նկատի ունեցել՝ գրելով. «Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգայնությանը, որ արտաքին սահմաններով է պահում իր ինքնությունը, եւ որ գլխավորն է` մի ինքնություն, որ կարիք էլ չկա պահպանելու»: Հայ ժողովրդի պատմությունը լրիվ հակառակն է ապացուցում. հայրենիքը կորցնելով՝ նաեւ ազգայնությունն ենք կորցրել: Ինչո՞ւ այս փոքրիկ հատվածում կարողացանք ստեղծել պետականություն, որովհետեւ հայրենիքն այս չափով կարողացանք պահել ու պահպանել: Չլինեին Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան, ինչո՞վ էինք տարբերվելու պետականություն ու իրական հայրենիք չունեցող այլ ժողովուրդներից: Չկարողացանք պահպանել մեր վերջին հանգրվանը, մեր «արտաքին սահմանները», կդառնանք անիմաստ ու աննպատակ ապրող ազգ:

Ամփոփենք: «ՀոգեւորՀայաստան-Հայրենիքը» տարանջատելի չէ «Նյութական Հայաստան-Հայրենիքից»: Դրանցից մեկի գոյությունը պայմանավորված է մյուսով: Անիմաստ է խոսել միայն «Նյութական Հայրենիքի» կամ միայն «Հոգեւոր Հայրենիքի» մասին: Հայրենիքը գոյություն ունի նյութական (բնաշխարհ, բնաշխարհիկ)-հոգեւոր (մտային, ապրումային, զգացական եւ մշակութային-արժեքային) միասնության մեջ: Այլ խնդիր է, որ այդ հասկացությունները երբեմն կարելի է տարանջատել զուտ պայմանականորեն՝ որոշակի գործոններ հաշվի առնելով: Հոգեւոր հայրենիքը տարագիր հայի համար է, որպեսզի հոգում ամուր պահի իրական-նյութական հայրենիքը ու չձուլվի: Թեեւ նույնիսկ այս դեպքում նրան հայ պահողն իրական հայրենիքն է՝ իր հաջողություններով ու դժվարություններով: Չլինի իրական հայրենիքը, դժվար է ասել, թե որքան է դիմանալու հայը դրսում՝ հոգեւոր հայրենիքը սրտում: 

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ- Փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ