Տագնապների ապրիլ

Տագնապների ապրիլ

Ես չգիտեմ, թե ինչ ընթացք կունենա մեր թավշյա հեղափոխությունը, որին այնքան են քսմսվում ներքին ու արտաքին թշնամիները, որ թավիշը մաշվել է, գործվածքի կարերն են արդեն երեւում: Դժվար վիճակ է: Հեղափոխականները ցավալի վրիպումներ են թույլ տալիս, որից օգտվում են հակառակորդները: Այդ վրիպումներից գլխավորը բարեփոխումների հստակ ծրագիր չունենալն է եւ կադրային հարցում առկա խտրականությունը (այսինքն, երբ բարեփոխումների գործում չեն ներգրավվում ոչ ՔՊ-ական, բայց արհեստավարժ եւ նախկինում չվարկաբեկված գործիչները): Ինձ կշտամբում են առ սովետական անցյալ իմ ներխուժումների համար, բայց օրինակի համար մի բան եմ ուզում հիշեցնել, որ բոլոր հեղափոխությունների համար երեւի թե օրենք է: Հասարակությունը պիտի իրական, շոշափելի մոտ ապագայի տեսլական ունենա, այլապես ով ասես` «փարոս» դառնալու գայթակղություն կունենա: Սովետական անցյալից՝ 1917թ. բոլշեւիկյան պետական հեղաշրջման կարկառուն դիրիժոր Լենինն ասում էր մոտավորապես այսպես. «Պետք է մասսաներին հրապուրել մի 15-20 տարվա ծրագրերով (ԳՈԷԼՌՈ-ի պլանը եւ այլն, որոնք, սակայն, խաբեություն չէին, բոլշեւիկները կյանքի կոչեցին դրանք)»: 

Արտաքին քաղաքականության մեջ, որքան էլ վարչապետը հակառակը պնդի, հիմնահարց է մնում ԱՊՀ-ի (հասկացեք` Ռուսաստան) հետ «ջուրը մի առվով չգնալը»: Սա գլխավորապես «արյան խմբի» հարց է. մեր հեղափոխության արյունը թավշյա ու փափուկ է` ոչ բավականաչափ կոշտ` մոդեռնիզացված կայսրության պրոբլեմատիկ երակներով հոսելու համար: Մոսկվան դարձել է մեր երկրի քաղաքացի, մեր երկրի թշնամիների (համենայնդեպս, նրանց բոլորի վրա էլ հանցանքի փաստեր կան) հավաքակայան (երեւի տանում-նստեցնում են հանրահայտ Յանուկովիչի կողքին, մի շարքում, «մինչեւ տեսնենք` ինչ է լինում»), բոլորն այնտեղ «ապահովագրված» են, եւ Հայաստանի պատժիչ ձեռքը նրանց չի հասնում` անկախ նրանից, թե ինչ քաղաքացիություն ունեն: Հիմա սա որ գրում եմ, գիտեմ, Ռուսաստանի` մեր երկրում իր մեծությամբ երկրորդ դեսպանատան պատկառելի թվաքանակով անձնակազմից «մամուլ մշակող» մեկը «կտնտղի» իմ հոդվածը: Թող տնտղի: Ես հայ գրող եմ եւ իմ երկրում իմ ասելիքը պիտի ասեմ: Նաեւ` որ տեղը եկել է` կկշտամբեմ: Աշխարհի շատ երկրներում գրքերով եւ հանդեսներով թարգմանում-տպագրում են հայ գրողների գործերը, իսկ «միասնական ընտանիքի» միջնաբերդ Ռուսաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո հայաստանցի որեւէ հայ գրողի գործ լույս չի տեսել: Այսպիսի «ընկերությո՞ւն» է լինում...

Այնինչ «ներքին էշելոնն» աշխատում է ռիթմիկ՝ ակնդետ հետեւելով իշխանության վրիպումներին: Բայց հիմա կասեմ հետեւյալը. պարո՛ն հանրապետական, անկախ նրանից, թե ինչ ճակատագիր կունենա այս հեղափոխությունը (Աստված տա` ամեն ինչ լավ լինի), երբեւէ հույս չունենա՜ս, թե առաջիկա առնվազն 20 տարում հայ ժողովուրդը նորից թույլ կտա քեզ մոտենալ իշխանության աթոռին․ սկլերոզը` սկլերոզ, բայց այդքան էլ վատ չէ մեր հիշողությունը: Ամեն օր կոյուղաջուր հեղելիս մտաբերե՛ք նաեւ ձեր «հերոսական» անցյալը, մի երկու բան էլ ձեր արածներից ասեք` «ինքնաքննադատության» կարգով, ինչպես որ ձեր բոլշեւիկ նախնիներն էին սիրում անել...

Զավեն ԲԵԿՅԱՆ