Բարձրաստիճան ոստիկանները հսկել են Մարտի 1-ի դիպուկահարի կյանքն ու մահը. ո՞ւմ էր ձեռնտու Եվգենի Կաչակի սպանությունը  

Բարձրաստիճան ոստիկանները հսկել են Մարտի 1-ի դիպուկահարի կյանքն ու մահը. ո՞ւմ էր ձեռնտու Եվգենի Կաչակի սպանությունը  

«Կիոկուշին» ֆեդերացիայի փոխնախագահ, սպորտի վարպետ, կարատեի նախկին մարզիչ Սամվել Այվազյանին 2018 թվականի նոյեմբերի 9-ից պահում են Նուբարաշենի բերդում, լիարժեք մեկուսացման մեջ: Նա չի կարող հեռախոսազանգեր կատարել, նրա մոտ չեն թողնում լրագրողների: Նախկին մարզիկը փորձել է լրագրողների հրավիրել «Նուբարաշեն» ՔԿՀ, բայց վարույթն իրականացնող ՀԿԳ քննիչները թույլ չեն տվել, գրելով. «Քրեական գործի նախաքննության շահերից չի բխում մեղադրյալ Սամվել Այվազյանին թույլատրել հանդիպել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ»: Նրա հարազատների համար տեսակցություններն արգելված էին: Վերջերս միայն փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը, որը բողոքարկել էր քննիչի դրած արգելանքի մասին որոշումը, հասավ նրան, որ վճռաբեկ դատարանը հանեց արգելանքը միայն ծնողների մասով: 

Այվազյանին մեղադրում են վանաձորցի քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի սպանությունը նախապատրաստելու համար (Քրեական օրենսգիրք, 35-104 հոդված): Քննիչները փորձում են հիմանվորել, որ Այվազյանը սպանության պատվեր է տվել է իր ընկերոջը՝ հատուկ ջոկատային Եվգենի Կաչակին, որին հատուկ այդ նպատակով հրավիրել է արտերկրից, սակայն մահափորձը իրականացնել չի հաջողվել, իսկ Կաչակը սպանվել է: Այվազյանի կալանքը երկարացրել են 4 անգամ: Սեպտեմբերի 9-ին լրանում է վերջին ժամկետը: Փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը ասում է. «Շալիկո Մանուչարյանի մասով կարող եմ ասել, որ նա իմ պաշտպանյալին չի ճանաչում, Սամվելն էլ՝ նրան չի ճանաչում: Ինչ-որ մարդկանց պետք է, որ Այվազյանը մնա Հայաստանում, մեկուսացման մեջ»:

Ենթադրյալ քիլլերը՝ ազգությամբ ռուս Եվգենի Կաչակը մինչև իր մահը հաշվառված է եղել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատում, ՀՀ ոստիկանության զորքերում։ Նրա հետ Սամվել Այվազյանը ժամանակին աշխատել է Ղազախստանում: Ստույգ, բայց չճշտված տվյալներով, Կաչակը եղել է մարտի 1-ի դիպուկահարներից: Կաչակը առնչվում է  պետական գաղտնիքների, որոնք հանրայնացնելու հրահանգ տրված չկա: Բացելով որոշ փակագծեր, տեղեկացնենք՝ Եվգենի Կաչակը վերջին տարիներին  բնակվում էր Ղազախստանում: Աշխատում էր ռեստորաններից մեկում որպես անվտանգության աշխատակից: Հայաստան էր գալիս, երբ կարոտում էր կնոջն ու որդուն:  Բայց ամեն գալուց առաջ հատուկ թույլտվություն էր ստանում ՀՀ ոստիկանությունից: 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո Կաչակը հրահանգ է ունեցել լքել Հայաստանը: 

Քննիչները ամեն ինչ անում են հիմնավորելու համար, որ Այվազյանը Կաչակին հատուկ հրավիրել էր Ուկրայինայից, վճարել էր ու հանձնարարել էր սպանել վանաձորցի քրեական հեղինակութուն Շալոյին: Այս վարկածը ներառված է մեղադրանքի բովանդակության մեջ: Նոյեմբերից քննիչները այն փորձում են հիմնավորել, բայց չեն կարողանում Այվազյանին մեղադրանք առաջադրել Կաչակի սպանության գործով: 

Ներկայում Սամվել Այվազյանին առնչվող երեք գործ է քննվում: Կաչակի սպանության գործը, վանաձորցի հեղինակության դեմ իրականացված մահափորձը և Վանաձորի շենքերից մեկի առաջին հարկում տեղի ունեցած պայթյունի գործը այն նույն պահին, երբ այդ շենքում գտնվող Շալիկո Մանուչարյանի բնակարանում վերջինիս և անհայտ անձանց միջև քրեական ռազբորկա էր տեղի ունենում: Ըստ քննիչների, այդ բնակարանում պետք է սպանեին Շալոյին, բայց մուտքի մոտ հնչած պայթյունը խանգարել է մահափորձի իրագործմանը: Ովքեր են մասնակցել ռազբորկային, ևս հայտնի չէ: Որևէ ապացույց, որ Սամվել Այվազյանը եղել է այդ բնակարանում, քննիչները չունեն: Տեղեկություն կա, որ պայթյունի դեպքի օրը Կաչակը դեռ Ղազախստանում էր: Մի աբսուրդ հանգամանք ևս՝ քննությամբ ապացուցվել է, որ  երբ Կաչակը սպանվել է, Սամվել Այվազյանը գտնվել է Երևանում: Այս փաստերը հնարավորություն չեն տալիս քննիչներին վերջնականապես կապել Այվազյանին դիպուկահարի մահվան հետ:

Ըստ Այվազյանի փաստաբանի, չի հիմնավորվում նաև Շալիկոյի սպանության նախապատրաստության մեղադրանքը: 

Ըստ գործի նյութերի, Շալիկո Մանուչարյանին, որը լարված հարաբերություններ ունի ռուսաստանցի օրենքով գող Արտյոմ Սարատովսկու՝ Արտյոմ Սարգսյանի հետ, պատվիրել է սպանել Սարատովսկին, իսկ այդ սև գործի կազմակերպիչը Սամվել Այվազյանն է, որը, իբր, կանչել է Կաչալին Հայաստան, մոտ 15 հազար դոլար է փոխանցել նրան սպանությունն իրականացնելու համար, սակայն մահափորձը գլուխ բերել չի հաջողվել, այնուհետև սպանել է Կաչակին ու նրա մարմինը քարշ է տվել Երևան, Շահումյանի գերեզմանոց, դրել է հոր գերեզմանին ու գնացել է: Մատից ծծած այս հեքիաթը մեղադրանքի վերածել չի ստացվում: 

«Մենք չենք տեսնում, թե ինչ ցուցմունքներ կան Սամվել Այվազյանի դեմ: Մենք չգիտենք անգամ, թե երեք գործերից որ մեկով են վկաները ցուցմունքներ տվել Այվազյանի դեմ: Դատավորները, որոնք երկարացնում են կալանքի ժամկետները, ևս չունեն նյութեր, թե ինչ ցուցմունքներ են տրվել», - ասում է Գուրգեն Հովհաննիսյանը: Այն, ինչ փաստաբանը ներկայացրեց, փաստում է, որ դատավորները կուրորեն, հավատալով քննիչներին ազնիվ խոսքին կալանքի որոշում են երկարացնում: «Քանի որ դատարանները դատախազության կցորդներն են միշտ էլ եղել, միշտ էլ սահմանափակվել են քննիչի և դատախազի միջնորդություններով, - ասում է փաստաբանը, - դատավոր Աննա Մաթևոսյանն, օրինակ, որը առաջին կալանքն է դրել, երկրորդ և երկարացրել է կալանքի ժամկետը չորրորդ անգամ, հարցնում է քննիչին՝ կարիք կա՞ կալանքը երկարացնելու: Քննիչն ասում է՝ պաշտոնապես ասում եմ, նոր նյութեր կան, նոր հիմքեր կան, որ Այվազյանը մնա կալանքի տակ, բայց հիմքերը չի ներկայացնում: Կարելի է ասել, որ դատարանը՝ զրկված լինելով նյութերը ուսումնասիրելու հնարավորությունից, ամեն անգամ կալանքը երկարաձգելու որոշում է կայացնում»: 

Սամվել Այվազյանը բողոք է ներկայացրել դատավոր Աննա Մաթևոսյանի դեմ Բարձրագույն դատական խորհրդին, իսկ նրա փաստաբանը համոզված է, որ քննչական մարմնին բացարձակապես չի հետաքրքրում Շալոյի դեմ մահափորձը, որ դրա ամբողջ նպատակը Կաչակի սպանությունը Այվազյանի հետ կապելն է: «Մարդիկ շահագրգռված են այս գործի ելքով: Նրանց հետաքրքրում է Կաչակի գործը: Ես այստեղ միտում եմ տեսնում, նպատակ, Այվազյանին պահելու Հայաստանում: Նրանից խլել են անձնագիրը: Քննիչներին չի հետաքրքրում Շալիկո Մանուչարյանի սպանության գործը: Նրանք ամեն ինչ անում են, որ իմ պաշտպանյալին կապեն Եվգենի Կաչակի սպանության  հետ»: Գործում կան Կաչակի ընտանիքի ցուցմունքները առ այն, որ վերջինս Հայաստան էր գալիս անձնական նպատակներով, ոչ թե Շալոյին սպանելու համար, բայց այս ուղղությամբ նախաքննության մարմինը քննություն չի տանում: 

Հատուկ ջոկատային Եվգենի Կաչակը ամեն անգամ Հայաստան գալուց առաջ իրավապահներից հատուկ թույլտվություն պետք է ստանար: Այսպիսով՝ նրա տեղաշարժը Հայաստանում հսկվում էր: Նրա վերջին մուտքը և Հայաստան, և ողջ անցուդարձը, մեր տեղեկություններով, ևս եղել է բարձրաստիճան ոստիկանների հսկողության տակ: Կարելի է ասել, որ բարձրաստիճան ոստիկանները հսկել են նրա կյանքն ու մահը: Հասկանալի է, որ դիպուկահարի մահը, ապա նաև դրա համար դիպուկահարի մտերիմ ընկերոջը մեղադրելն ու բանտում փտեցնելը կարող է ձեռնտու լինել Մարտի 1-ի օպերացիայի ժամանակ հատուկ ջոկատայինների գործողությունները ղեկավարած, դրանցից տեղյակ բարձրաստիճան անձանց, որոնք այսօր էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում: