Կոչ եմ անում մասնավոր հաստատություններին համագործակցել ԿԳՆ-ի հետ. Փաշինյան

Կոչ եմ անում մասնավոր հաստատություններին համագործակցել ԿԳՆ-ի հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում է՝

Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարեւոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են: Կառավարության միջնորդությամբ եւ քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ:

Այսպիսով՝ մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ անելու շատ կոնկրետ շահագրգռություն է ստանում. նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ուսումնարաններին, որ նրանք պատրաստեն այդ ընկերություններին անհրաժեշտ կադրեր: Ինչը նշանակում է, որ շրջանավարտների առնվազն մեծ մասը կունենա երաշխավորված աշխատանք: Ամենաուրախալին այն է, որ այս գործընթացը ծավալվում է նաեւ մարզերում:

Հիմա արդեն մոտ երկու տասնյակ պայմանագրեր են կնքվել տեքստիլ, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության, դիզայնի եւ այլ բնագավառներում: Առաջիկայում սպասվում է եւս մոտ մեկ տասնյակ պայմանագրերի ստորագրում: Կոչ եմ անում բոլոր մասնավոր ընկերություններին սերտորեն համագործակցել ԿԳ նախարարության, կառավարության հետ՝ խիստ դրական այս գործընթացը ընդլայնելու համար: