Այսինքն՝ եթե թոռների հետ չլիներ կարելի՞ էր մարդու վրա հարձակվել

Այսինքն՝ եթե թոռների հետ չլիներ կարելի՞ էր մարդու վրա հարձակվել

Հանրային արձագանքներին հետեւելիս ամեն անգամ արձանագրում եմ, որ մենք չափից դուրս էմոցիոնալ ու մակերեսային ժողովուրդ ենք։ Մեր ատելությունն էլ է պարզունակ, սերն էլ, ոգեւորությունն էլ, ցասումն էլ։ Դրա հազարավոր, եթե չասենք՝ հարյուր հազարավոր ապացույցներ կարող եմ ներկայացնել։

Բայց այս ռեպլիկը նվիրված է Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպին։ Մի կողմից մեր հասարակությունը կարող է պահանջել, որ Ռոբերտ Քոչարյանին՝ առանց դատ ու դատաստանի, պարզապես անցած տարիներին իր վատ ապրելու, իր չկայացած երազների համար, որպես տարիներ շարունակ երկիրը թալանած բոլոր նախկին իշխանությունների սիմվոլ բանտ նստեցնել։ Մարդիկ կարող են իրենց երջանիկ զգալ՝ իմանալով, որ Քոչարյանը բանտում է եւ դժբախտ՝ երբ նրան ազատ արձակեն։ Մյուս կողմից մի լալահառաչ ողբ բարձրացնեն․ լաց ու կոծ դնեն այն բանի համար, որ թոռների հետ զբոսանքի ելած Հրանտ Մարգարյանի քեֆին կպել են։ Ի դեպ՝ ոչ ծեծել են, ոչ էլ անգամ քաշքշել, ուղղակի վրա են քշել՝ ինչ որ բաշիբոզուկներ։ Բայց մի համազգային սուգ է սկսվում՝ հասեք, փրկեք պապին՝ թոռների հետ զբոսնելիս բան են ասել։ 

Իսկ ի՞նչ է՝ եթե Հրանտ Մարգարյանը թոռների հետ չլիներ, ասենք՝ մեն-մենակ զբոսնելիս լիներ Ազատության պողոտայում, ուրեմն կարելի՞ էր քաշքշել ու հայհոյել։ Սրա մեջ, իհարկե, մեր ազգային հատկությունը՝ երեխաների նկատմամբ գերպաշտամունքն էլ իր դերն է խաղում։ Բայց մարդն ինքնին պետք է անձեռնմխելի լինի եւ պաշտպանված։ Նրա իրավունքները հարգված՝ անկախ սեռից, տարիքից, ազգային ու կուսակցական պատկանելությունից, նախասիրություններից եւ հայացքներից։