Հաղթանակի դեժավյո՞ւ
Ասկերանի մշակույթի տանը հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասել է. «Ինձ մտահոգում է մեր ժողովրդի անվտանգությունը: Ես եկել եմ հենց դրա ապահովման եւ երկրի ապագայի համար: Մեկ հազարամյակ հայ ժողովուրդը մի մետր հող չի գրավել: Իմ ղեկավարության ժամանակ դա կատարվել է»:
Այստեղ առանցքայինն «իմ ղեկավարության ժամանակ դա կատարվել է» ձեւակերպումն է: Այսինքն, ՊԲ նախկին հրամանատարը հանրությանը ներշնչում է, որ 1991-94թթ. պատերազմն ընթացել է իր ղեկավարությամբ, եւ այդ ընթացքում հայ ժողովուրդը հազարամյա կորուստներից հետո հողեր է գրավել: Քարոզչական հենց այս կաղապարն էլ նա դրել է արցախյան հանդիպումների եւ իր քաղաքական ծրագրի հիմնավորման առանցքում: Խնդիրն այն է՝ պատերազմն ընթացել է Սամվել Բաբայանի՞ ղեկավարությամբ, նրա՞ն է հայ ժողովուրդը պարտական հազարամյա կորուստներից հետո դարակազմիկ վերագտնումների համար:
Կարելի՞ է համարել, որ ՊԲ նախկին հրամանատարը քաղաքականություն է վերադառնում, որպեսզի պաշտպանի իր նվաճումները: Սրանք հարցեր են, որ ծագում են մարդկանց հետ նրա շփումների տպավորությամբ եւ բավականին խորքային են, որովհետեւ անցած քառորդ դարում մենք այդպես էլ հասարակագիտական-պատմագիտական մակարդակում չունենք Արցախյան շարժման, պատերազմի մի կոնսենսուսային հայեցակարգ: Հուշերի իր գրքում, օրինակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Պաշտպանության պետական կոմիտեի կազմավորման եւ այն իր կողմից նախագահելու հետ է կապում պատերազմի ընթացքի բեկումը եւ դրան հաջորդած հաղթանակները:
Այսօր Սամվել Բաբայանը փաստացի հերքում է նրան եւ իր ղեկավարությունը փաստում: Ի՞նչ է իրականում եղել՝ պատմական գիտությունն այդ մասին հիմնականում լռում է: Ժամանակաշրջանը չեն բացում նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիրները: Ըստ երեւույթին, կան բաներ, որ դեռեւս ռազմական գաղտնիք են համարվում: Բայց դա չի նշանակում, թե պատերազմի տարիներին երկիրը չի ունեցել քաղաքական ղեկավարություն, ԶՈՒ Գլխավոր շտաբ՝ բանակի ուղեղային կենտրոն, չեն եղել պրոֆեսիոնալ զինվորականներ: Կա հայտնի խոսք՝ պատերազմը չափազանց ծանր գործ է, որպեսզի վստահվի միայն գեներալներին:
Սամվել Բաբայանը պատերազմի հաջողությունները պայմանավորում է իր ղեկավարությամբ՝ ստվերի տակ թողնելով Հայաստանի եւ Արցախի քաղաքական իշխանությանը, պրոֆեսիոնալ զինվորականներին: Դա անաչառ հայացք չէ: Իսկ եթե նկատենք, որ հենց դա է նրա այսօրվա քաղաքական գլխավոր հաղթաթուղթը, ապա կստացվի, որ ՊԲ նախկին հրամանատարի պատկերացումները քառորդդարյա վաղեմության են եւ չեն ներգրվում մեր օրերի ընդհանուր ընկալումներին: Այդպես հնարավոր է համակիրների մի փոքրիկ լսարանի համար դեժավյու ապահովել: Բայց երկիր կառավարել՝ հազիվ թե:
Կարծիքներ