Ընտրություններից հետո ես Ծառուկյանի հետ ո՛չ հանդիպել եմ, ո՛չ խոսել
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը դեռ անցյալ տարվա հունիսին առաջին ընդդիմադիր գործիչն էր, որ «դուխով» հայտարարեց վարչապետի հրաժարականի եւ կառավարության 100 տոկոսի փոփոխության անհրաժեշտության մասին, երեկ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Մարդիկ հարցնում էին, թե Փաշինյանին ժամանակին ամենասուր ձեւով քննադատած գործիչներից մեկը, ով նրա հրաժարականն է պահանջել, ինչպես է հանդիպում նրա հետ։ Մենք զանգեցինք Ծառուկյանի թիմակիցներին, սակայն նրանցից ոչ մեկը համառորեն չէր պատասխանում մեր զանգերին։ Միակ պատասխանողը Գյումրիից Վարդեւան Գրիգորյանը եղավ, որը, պարզվեց, բանից անտեղյակ է։
- Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։
- Բայց հանդիպում եղել էր նաեւ մինչեւ ընտրությունները, չէ՞։
- Այո, բայց այն ժամանակ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին՝ վերահաստատելու, որ շարունակում է պահանջել նրա հրաժարականը։ Իսկ հիմա ի՞նչ իմաստ ունի հանդիպումը։
- Ես չեմ կարող ասել, դրա համար եմ ասում, որ մի հատ հլը տեսնեմ էդ հանդիպման նպատակը, եթե հանդիպել են, իհարկե։
- Այսինքն՝ Ձեզ հետ, թիմի հետ չի՞ քննարկել այդ հարցը, թե պե՞տք է, արդյոք, հանդիպել վարչապետի հետ։
- Նորից կրկնում եմ՝ ընտրություններից հետո ես Ծառուկյանի հետ ո՛չ հանդիպել եմ, ո՛չ խոսել եմ։ Այսինքն՝ հանդիպել ենք մի անգամ, մեծ հանդիպում է եղել, լուսաբանեցին էդ հանդիպումը, ամբողջ պատասխանատուներով տարածքների, դրանից հետո ես Ծառուկյանի հետ ո՛չ հանդիպել եմ, ո՛չ խոսել եմ։
- Դուք հիմա զարմացա՞ծ եք այդ փաստից։
- Ես նորից եմ կրկնում՝ եթե հանդիպել են, մի հատ իմանամ՝ ինչի համար են հանդիպել։
- Այսինքն՝ Ձեզ համար կարեւո՞ր է, թե ինչի համար են հանդիպել։
- Կարող է, ես չգիտեմ, ընդհանրապես քաղաքական հարց չեն քննարկել։
- Կուզե՞ք ես հիմա իրենց զրույցից մի տող ցիտեմ, թե ինչ է ասել Ծառուկյանը Փաշինյանին։
- Այո, ինձ կլուսավորես։
- «Պարոն վարչապետ, ընտրություններից հետո ես ինչպես շնորհակալություն հայտնեցի
ժողովրդին, ընտրությունների մասնակիցներին, մեզ ձայն տվողներին, այնպես էլ ասացի, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված, մանդատը չկա, ուրեմն մենք ժողովրդի հետ չենք, չենք շփվելու»,- ասել է Ծառուկյանը Փաշինյանին։
- Էդ մտքերը պարոն Ծառուկյանն արտահայտել է նաեւ հենց մեր մեծ հանդիպման ժամանակ, որ մանդատներով չի պայմանավորված լինելու մեր գործունեությունը։
Կարծիքներ