Երանի այն արտին, որից խոզը կնեղանա

Երանի այն արտին, որից խոզը կնեղանա

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանները, ինչքան էլ ասենք՝ ինքնանպատակ միջոցառումներ են, իրենց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ հետաքրքիր բան են պարունակում: Չէի ասի, թե այդ պրոցեդուրան ավելորդ ժամավաճառություն է: Ավելին, կա մարդկանց մի խումբ, որ մասնագիտության կամ այլ դրդապատճառներով հետեւում է պատգամավորների եւ կառավարիչների այդ «խալաստոյ» փոխհրաձգությանը: Մասնագետները (քաղաքագետներ, լրագրողներ, վերլուծաբաններ) հարցուպատասխանին վերաբերվում են որպես իրենց ապագա հոդվածների եւ ֆեյսբուքյան գրառումների հում նյութի, իսկ մյուս հատվածը, որի համար լուրջ խնդիր է անգամ երկու էշի գարի իրարից ջոկելը, ԱԺ-ից այդ հեռարձակումներին հետեւում են` ինչպես հեռուստասերիալի, որի միջի տղեն Նիկոլն է, չար ուժերը՝ ընդդիմությունը, դե իսկ քաղաքական մեծամասնությունն էլ՝ մասսովկան: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի քաղաքական արժեքը, եթե գնահատելու լինենք 1-10 միջակայքում, զրո է, բայց էլի եմ ասում, դրա մեջ ինչ-որ հետաքրքիր բան կա:

Կրկեսը, սիրելի ընթերցող, շատ լուրջ բան է: Եթե լուրջ չլիներ, մենք էլ կրկես կունենայինք եւ ստիպված չէինք լինի ինքներս կրկես խաղալու: Հայտնի կրկեսներում, օրինակ, տնօրենները կամ գեղարվեստական ղեկավարները թույլ չեն տալիս որեւէ անասունի բերել առաջին պլան… Այդ անասունին պետք է կոխել ա՜յ էն ծակը… ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ այս հասարակ պահանջը չի կիրառվում, այդպիսի պահանջ ուղղակի չկա… ԱԺ-ում Ալեն Սիմոնյանն է որոշում՝ ով գա առաջին պլան եւ ով չգա: Մեռնեմ կանոնակարգ-օրենքին… Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը… Այսքան բան, եւ Փաշինյանի՝ կինոյի միջի տղայի համար առաջին պլանն ապահովված է:
Իսկ ամենահետաքրքիրն սկսվում է այն բանից հետո, երբ ամբիոնին է մոտենում Փաշինյանը՝ սեփական ֆիզիոնոմիայով… Քըստ, քըստ, քըստ… Պարզորոշ տեսնում եմ՝ մինչեւ ինքը կհասնի ամբիոնին, ստերը գլխի մեջ կռիվ են տալիս… Ո՞ր սուտն առաջ ասի, որը` հետո, ինչպես ասի, որ մի սուտը մյուսին բռնի… Ստերի քաոս է գլխի մեջ: Մարդն ԱԺ ամբիոնին է մոտենում կոնկրետ նպատակով՝ ստելու, խաբելու, ամեն ինչ իրար խառնելու: Հարցը, որ տրվել է, էական չէ, պետք է մի սուտ ասել… Դե, քեզ տեսնեմ, փչան Թոդորոս, քեզ տեսնեմ… սուտ, սուտ, սուտ, մի հարմար սուտ: Տեղ է հասնում… Հանգիստ է, ուրեմն սուտը գտել է կամ հորինել մտքում… Ու մինչեւ կսկսի ստել, մի հատ գլուխն է քորում, մի հատ՝ հետույքը, մտքերը ժողովում ու սկսում: Առաջին պլան, աչքերը էկրաններին չռած սերիալասեր հանրություն, թուղթուգրիչով նստած մասնագետներ՝ բոլորը շունչները պահած սպասում են, թե ինչ է ասելու կինոյի միջի տղեն:

Վերջին հարցուպատասխանի ժամանակ մի հեռուստադիտող էլ ես էի: Լավ չեմ հիշում, բայց կարծես ընդդիմությունից էին հարց բարձրացրել, որ նա իր նախորդներից իշխանություն եւ Արցախ է ժառանգություն ստացել, իսկ այսօր Արցախ չկա՝ ի՞նչն է պատճառը: Կոնկրետ հարց, որ, իմ համեստ կարծիքով, հետաքրքրում է ողջ հայ ժողովրդին: Տեսաք, չէ՞, ինչ արեց, ինչպես «ֆռռցրեց» ու վերջում հայտարարեց, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինքն այդ իշխանությունը փրկել է ու այսօր էլ շարունակում է պահակություն անել, որ նախկինները (իր խոսքով՝ ինչ-որ խմբեր) ժողովրդից չխլեն իշխանությունը: Արցախի մասին, թե ուր է Արցախը` ոչ մի խոսք: Մի քիչ ճղճղաց, ձեռքերով անկանոն շարժումներ արեց ու երբ կրկին հանգստացավ, ոտքի վրա հերթական սուտը մոգոնեց:

Թե բա՝ երբ ժողովուրդը ընտրություններով կամ այլ կերպ իր աշխատասենյակի դուռը թակի կամ ներքեւից ձայն տա՝ հեռացիր, ինքը կհեռանա… Ասաց ու՝ քըստ, քըստ, քըստ… Գնաց նստեց տեղը:
Ասել, որ ապուշ էի կտրել, նշանակում է ոչինչ չասել: Այ քեզ բա՜ա՜ա՜ան: Փաստորեն, նրան իշխանությունից հեռացնելն այդքան հեշտ գործ է, ու մենք չե՞նք իմացել: Ինչ ասես՝ չգրեցինք «խեղճ» տղու մասին՝ է՛լ աթոռին սոսնձված, է՛լ պաշտոնի մեռած, է՛լ մոր փորն ընկած, է՛լ յուղի կճուճն ընկած, է՛լ Հիտլեր, է՛լ Ստալին, էլ, էլ, էլ… Իսկ ինքն ասում է՝ մի հատ դուռս թակեք, ասեք` գնա, ու ես կգնամ: Հավատա՞մ: Քի՞չ եմ դուռդ թակել, քի՞չ եմ ձայն տվել՝ հեռացիր: Եկա ամառանոցիդ մոտ՝ կրակեցիր ինձ վրա, եկա Դեմիրճյան փողոց՝ ռմբակոծեցիր, կառավարության մոտ ճայթուկներ նետեցիր, հանպատրաստից գրոհեցի կառավարության 3-րդ մասնաշենքը՝ սպեցնազ ուղարկեցիր, դատախազության առաջ ինչ ասես՝ չասացի քեզ, բերման ենթարկեցիր, դատի տվեցիր… Դու իսկի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիան ստորագրելուց հետո չհեռացար, կհեռանա՞ս, եթե ես դուռդ թակեմ ու ասեմ՝ վերադարձրու իմ իշխանությունը, ինձ քեզ նման պահակ պետք չէ: Սուտն էլ պիտի չափ ու ձեւ ունենա, դու էս ի՞նչ բոյի սուտ ես ասում: Էն էլ որտեղի՞ց՝ Ազգային ժողովի ամբիոնից, որ իմ իշխանության ամբիոնն է:

ՀԳ. Սիրելի հայրենակիցներ… Ասում եմ՝ քանի տաք է, մի հատ էլ փորձենք: Չգնա՞նք, օրենքի տառին համապատասխան՝ ներխուժենք կառավարության տուն, դրա աշխատասենյակի դուռը թակենք ու ասենք՝ պարոն Փաշինյան, բարի եղեք՝ հեռանալ: Թող մի քիչ էլ հերսոտի, նեղանա, ի՞նչ կա որ: Ժողովրդական խոսքն ասում է՝ երանի այն արտին, որից խոզը կնեղանա: