Մեծ գայթակղություն

Մեծ գայթակղություն

Իշխանության թիվ մեկ խոսափող լրատվամիջոցում անցած շաբաթ հայտնվել է զարմանալի մի խմբագրական («ՀԺ», «Քաղաքականացվածության հետեւանքները»), եւ քանի որ բոլորս գիտենք հեղինակին, խմբագրականը կարելի է բնորոշել նույնիսկ զարմանահրաշ։

Ի՛նչ է պարզվում․ իշխանությունը դժգոհ է ակադեմիական ինստիտուտներից, ավելի ստույգ՝ դրանց կախյալ վիճակից, որի հետեւանքով ինքը չի կարողանում արդյունավետ որոշումներ ընդունել, արդյունավետ կառավարել այս կամ այն ոլորտը, ընդհանրապես՝ երկիրը։ Իրենից բացի՝ ցանկացած ուրիշի մեղավոր ճանաչող իշխանական միտքը, փաստորեն, հիմա էլ սեւեռվել է ակադեմիական ինստիտուտների վրա։ «Իսկ այն ակադեմիական ինստիտուտները, որոնք պիտի քաղաքական իշխանություններից անկախ լինեին եւ մասնագիտական դիրքերից հանձնարարականներ տային իշխանություններին, թե ինչպես պետք է ղեկավարել այդ ոլորտները, կա՛մ շատ թույլ են, կա՛մ կախվածության մեջ են օրվա իշխանություններից եւ գերադասում են սպասարկել նրանց քաղաքական շահերը»,- ասված է խմբագրականում։ 

Մեծագույն կեղծիք է, փարիսեցիության գագաթնակետ։ «Թույլ», «կախյալ» համարված ակադեմիական ինստիտուտներից առնվազն երկուսը՝ ԳԱԱ պատմության եւ գրականության ինստիտուտները, իշխանությանն ընդամենը վերջերս են ապացուցել թե՛ իրենց անկախությունը, թե՛ նաեւ մասնագիտական անկողմնակալությունը, երբ ԿԳՄՍ նախարարի ու վարչապետի սեղաններին են դրել ակնկալված «հանձնարարականները»՝ հայեցի կրթության զարգացումը վտանգող նոր կրթական չափորոշիչների մասին, մասնավորապես՝ հայ գրականությանը եւ հայոց պատմությանը վերաբերող։ Աղմկահարույց չափորոշիչները «մասնագիտական դիրքերից» խորությամբ քննելուց հետո՝ քննության բացասական արդյունքները պաշտոնական տեսք ստացած՝ փոխանցվել են իշխանություններին, ուրեմն ուրիշ ի՞նչ «անկախություն» ու «հանձնարարական» է ակնկալում խմբագրականի վարչապետ հեղինակը։ Այո, գոնե այդ երկու ակադեմիական ինստիտուտներն ընդունել են միանգամայն հակաիշխանական դիրքորոշում, հետեւաբար՝ բացառվում է որեւէ իշխանական քաղաքական շահի հանգամանքը․ նրանք իրենց հանձնարարականներում հիրավի անկախ են, եւ դա այն է, ինչ իբր «երազում» է խմբագրականի հայտնի հեղինակը։ 
Խմբագրականի հեղինակին հիշեցնենք, որ ակադեմիական շրջանակներից բացի այլ կառույցներ եւս՝ Հայաստանի գրողների միությունը, Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը եւ այլն, պաշտոնապես հայտարարել են իրենց բացասական կարծիքն ու դիրքորոշումը կրթական չափորոշիչների ու ծրագրերի մասին։ 

Հետեւաբար, իշխանությանը մնում էր գլուխը կախ անցնել արդեն տրված եւ նույնիսկ յուրօրինակ հանրային փորձաքննություն անցած ակադեմիական «հանձնարարականների» կատարմանը։ Բայց իշխանությունը չընդունեց ակադեմիական ինստիտուտների անկախ դիրքորոշումը, ավելին՝ ամենաբարձր մակարդակով անմակարդակ արհամարհվեցին, հեգնվեցին ու ծաղրվեցին ներկայացված փաստարկները, մտահոգություններն ու առաջարկությունները։ Բանը հասավ այնտեղ, որ ԿԳՄՍ-ից Արայիկ անունով մի «լուսավորիչ» գիտական պատկառելի հանրույթը որակեց «խավար» բառով՝ այդ ամոթալի որակման համար ոչ մի պարսավանքի չարժանանալով յուրայինների կողմից։ Ընդհակառակը, խնդրո առարկա խմբագրականի հեղինակն ինքը հայտարարեց, որ եթե 10 հազար մարդ էլ դեմ կանգնի, իրենք չեն շեղվելու բռնած ճանապարհից․․․ Եվ այսքանից հետո մարդը խոսում է ակադեմիական ինստիտուտների անկախ հանձնարարականների կարեւորության ու դրանց իբր չգոյության մասին։ Դեմագոգիան պոզով-պոչո՞վ է լինում։

«Հասկանալի է, որ այդ ինստիտուտների նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելը տարիների խնդիր է, եթե ոչ տասնամյակների»,- կարդում ենք խմբագրականի եզրափակիչ հատվածում, որ դամբանականի պաղ շունչ ունի։ Եվ սա դարձյա՛լ շինծու մտահոգություն է, կեղծ փաստարկներից ստացված նույնքան կեղծ մտահանգում՝ սոփեստություն։ Որովհետեւ մասնավորապես պատմության եւ գրականության ինստիտուտների նկատմամբ հանրությունը երբեք ակնհայտ անվստահ վերաբերմունք չի ունեցել, իսկ վերջին կրթական-չափորոշչային թոհուբոհից հետո՝ առավե՛լ եւս։ Հետեւաբար իշխանությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, լավ կլիներ կատարեր արդեն ստացված հանձնարարականները, ոչ թե սոփեստաբար կեղծ դատողություններ աներ ակադեմիական ինստիտուտների քաղաքականացվածության մասին։
Իսկ առավել զարմանալին խմբագրականի այն հատվածն է, որտեղ խոսվում է իշխանության գայթակղության մասին՝ ակադեմիական ինստիտուտները քաղաքական վերահսկողության տակ վերցնելու առումով։ «․․․Ցանկացած իշխանության համար մեծ է գայթակղությունը՝ ունենալ հլու-հնազանդ ակադեմիական ինստիտուտներ, որոնք ցանկացած պահի «գիտականորեն» կհիմնավորեն իրենց քաղաքական շահերին համահունչ որոշումները»։ 

Բայց սա արդեն վտանգավոր պնդում է, որովհետեւ հուշում է ոչ այնքան այդպիսի գայթակղության «մեծ» լինելու, որքան իշխանության մեջ դրա առկայության մասին։