Ողջունում ենք Եվրախորհրդարանի աջակցությունը. Արցախի ԱԳՆ

Ողջունում ենք Եվրախորհրդարանի աջակցությունը. Արցախի ԱԳՆ

Գոհունակությամբ ենք նշում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն արտահայտված է հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» բանաձևերում-ամենամյա հաշվետվություններում։

Ողջունում ենք Եվրախորհրդարանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` միջազգային միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ:

Միանում ենք Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը, որը փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հանուն հակամարտության կարգավորման գործընթացում առավել որոշիչ դեր խաղալու իր ձգտումների:

Կիսում ենք Եվրախորհրդարանի տեսակետն առ այն, որ տևական կարգավորում դեռևս չի գտնվել: Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման կարելի է հասնել Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի հիման վրա։

Արցախի Արտաքին գործերի նախարարություն