Աչքը կորցրած վիրավորը պետական դռներ է թակել, սակայն՝ անօգուտ

Աչքը կորցրած վիրավորը պետական դռներ է թակել, սակայն՝ անօգուտ

Կամավոր ռազմաճակատ մեկնած հրազդանցի Մուշեղ Կարապետյանը մարտի դաշտում վիրավորվել, կորցրել է մեկ աչքը։

«Հիմա առողջական խնդիրներս կամաց-կամաց դզվում են։ Աչքս եմ կորցրել, բեկորը աչքովս մտել է քթիս միջնապատի մեջ, դեմքիս ու մարմնիս բազմաբեկորային վնասվածքներ կան,  գլխիս մեջ էլ ասկոլկեք»,-պատմում է Մուշեղը։

Բացի իր վիրավորվելուց մեր զրուցակիցը նաեւ պատմում է, որ պետության կողմից որեւէ աջակցություն չի ստացել՝ ավելին 100 հազար դրամի դեղորայք ինքն է գնել․ «Պետությունը միայն հիվանդանոցի հետ կապված ծախսերն է հոգացել, մնացածը ես եմ արել՝ դեղային բուժումները, ակնոց։ Վիդեո տեղադրելուց հետո զանգում են ակնոց են դուրս գրում, դեղեր եւ այլն։ Հիմա դուրս են գրում արդեն դեղորայքը։ Չգիտեմ՝ այդ ծախսերի համար փոխհատուցում կլինի, թե չէ, ընդհանրապես իրենք չեն էլ առաջարկել։ Ես «Աստղիկ» հիվանդանոցում եմ բուժումս ստացել»։
 
Կամավորը դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, այնտեղից ասել են՝ իրենք աջակցություն չեն տրամադրում․ «ՊՆ-ն էլ ասում ա՝ այդ հարցերը Սոցապի հետ, սոցապն էլ ասում է՝ մենք չենք տրամադրում։ Ու մենակ ես չեմ, իմ պես 4-5 հոգի մարդիկ կան, որոնց հետ ես կոնտակտ ունեմ, բոլորին նույն պատասխանն եմ տվել։ Նույնիսկ մի տղայի պատասխանել են՝ հոսպիտալում տեղ չկա, քեզ դուրս են գրում, դու կամավոր ես։ Ես ասում եմ՝ իրեն դուրս են գրել, երևի իր կարերն ինքն է տունը քանդելու, բժիշկն ասել է՝ ուժեղ տղա ես, դու կարերդ կքանդես։ Բայց դե ինքն էլ բազմաբեկորային վնասվածք է ստացել, մի աչքն էլ չի տեսնում»։

Մուշեղը տեղեկացել է, որ արտասահմանում աչքի փոխպատվաստում են անում, սակայն դրա համար միջոց է անհրաժեշտ․ «Որովհետեւ ներվը վնասված չէ՝ իրենց ասելով։ Ոչ մի բան չեն ասել դուրս տանելու հետ կապված։ Ինձ ուղղակի զանգել են, 10 հատ դեղ, մի հատ ակնոց են դուրս գրել, մեկ էլ զանգել, տարել են ստուգման, էլ ուրիշ ոչ մի բան։ Սենց ասեմ՝ զուտ աչքին թոզ փչելու համար, ձենը կտրելու համար։ 

Ծառայությունս անցած տարի եմ վերջացրել, կամավոր գնացել եմ։ Այնպես չի, որ ես ինչ-որ մեկից ողորմություն եմ խնդրում, աշխատել եմ ես մինչեւ սենց լինելս, իմ տունը պահել եմ, ոչ պետությունից գործ եմ ունեցել, ոչ էլ փող եմ ուզել։ Պետությունն իմ կարիքն ունեցել է, ես գնացել եմ, հիմա ես իր կարիքն ունեմ, ինքը չկա, իմ կողքը չի։ Մի աչքս չկա, էն մեկն էլ լավ չի տեսնում»։

ՊՆ-ից մեզ փոխանցեցին, որ աջակցություն է լինում, երբ անձը կարգ է ունենում։

1000plus.am կայքի համաձայն՝ տարածքային պաշտպանությանը ներգրաված անձի կամ տարածքային պաշտպանությանը կամավորագրված անձի զոհվելու, անհայտ բացական ճանաչվելու, 1-ին խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում տրամադրվում է 70 մլն դրամ, 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում՝ 14 մլն դրամ։ 
Գումարի ամբողջ չափից 10 միլիոն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։