Հանձնո՞ւմ ենք «միջանցքը», ստանո՞ւմ անորոշ երաշխիքներով «բարեկարգ ճանապարհ»

Հանձնո՞ւմ ենք «միջանցքը», ստանո՞ւմ անորոշ երաշխիքներով «բարեկարգ ճանապարհ»

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ԱԺ-ում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին ուշագրավ հայտարարություններ է արել:
ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հարց ուղղելով Արցախի նախագահին հետաքրքրվեց.

«Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության երեք տարվա ընթացքում «Լաչինի միջանցքվ» պետք էր նախագծվեր այլընտրանքային ճանապարհի պլանը՝ կողմերի հետ համաձայնեցնելով: Ներկայումս մեզ հրամցնում են մի ճանապարհ, որը «Լաչինի միջանցքի» երկայնքով է և դուրս է 5 կմ լայնությունից, որի պատճառով էլ ի հայտ է եկել Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների հայաթափման հարցը: ՀՀ վարչապետը ասում է, որ այս երթուղու ընտրության հարցում Արցախի իշխանությունները ներգրավված են եղել և մենք առաջնորդվել ենք իրենց ընտրություններով: Արդյո՞ք այս նոր կառուցվող ճանապարհը կապ ունի վեցերորդ կետում նկարագրված ճանապարհի հետ, թե՞ սա այլ ճանապարհ է, միգուցե՞ և բարձրակարգ: Տրվե՞լ է Ձեր կողմից համաձայնություն, եթե՝ այո, ապա ե՞րբ և համաձայնություն տալուց առաջ նախատեսե՞լ եք վերը նշված բնակավայրերի հայաթափվելու հարցը»:

Այս հարցին Արցախի նախագահը պատասխանել է հետևյալ կերպ: Խնդրում եմ ուշադիր կարդացեք, քանի որ ստորև ուշագրավ հետևություն կանենք ձեզ հետ միասին: Այն ամբողջովին սղագրվել է Արայիկ Հարությունյանի խոսքից:

«Կապված երթուղու հետ մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն և Ադրբեջանի կողմից, և ՌԴ կողմից: Բոլոր առաջարկությունները մերժվել են: Գործող մայրուղին, ավելի ճիշտ՝ առաջարկվող այդ մայրուղին, քննարկվել է մի քանի անգամ անվտանգության խորհուրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը: Մենք ընտրել ենք ըստ մեզ լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել: Ինչու՞ ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ենք ընդունել անվտանգային հետագա մեր խնդիրը: Վերջում, ճանապարհն ավարտելուց հետո, երբ որ լինի ճանապարհ, մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքը ասել, արդյո՞ք, առաջին հերթին որակական առումով, ճանապարհի որակը, կառուցման որակը համապատասխանում է այն պայմաններին, ստանդարտներին, որը մենք ենք ուզում, արդյո՞ք, լինելու է անվտանգ, իսկ իմ կարծիքվ շատ ավելի անվտանգ է լինելու, բազմաթիվ անվտանգային խնդիրներ հաշվի առնելով՝ առանց բարձրաձայնելու: Այստեղ մենք կարող ենք փակ դահլիճում ներկայացնել, թե ինչու է շատ ավելի անվտանգ: Ինչ վերաբերվում է այդ բնակավայրերի հայաթափմանը, այդ հարցն այսօր չի քննարկվել, հիմնականում խոսքը գնում է Աղավնո բնակավայրի մասին, այդ հարցը դեռ չի քննարկվել, մենք բանակցում ենք: Խոսքը Բերձորի մասին չէ, Բերձորը մենք պարտավոր ենք, կետում գրված է, որ մենք պետք է Բերձոր քաղաքաից դուրս գանք, իսկ Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք, այդ ուղղությամբ մենք բանակցությունները շարունակում ենք տանել, մենք որևէ մեկի չենք ասել դուրս եկեք Բերձորից»։

Եթե նկատեցիք, Արցախի նախագահը, պատասխանելով ադրբեջանցիների կողմից կառուցվող նոր ճանապարհի վերաբերյալ պատգամավորի հարցին, որտեղ տիկին Հակոբյանը հստակ շեշտադրում է, որ «Լաչինի միջանցքով» պետք էր նախագծվեր այլընտրանքային ճանապարհը, որի փոխարեն մեզ հրամցնում են «Լաչինի միջանցքի» 5 կմ հատվածի երկայնքով ճանապարհ, որևէ անգամ չօգտագործեց «Լաչինի միջանցք» կամ նույնիսկ «միջանցք» արտահայտությունը, փոխարենը անընդհատ ասում էր «ճանապարհ» և նույնիսկ մի տեղ սխալվեց ու դեռևս կառուցվող ճանապարհը ասաց «գործող մայրուղին», այնուհետև ուղղեց ինքն իրեն ու ասաց «ավելի ճիշտ՝ առաջարկվող այդ մայրուղին»: Եվ նախքան ճանապարհի անվտանգությունից, կամ, որ ավելի զավեշտալի է, որակից խոսելը, ավելի ճիշտ, դրանից խոսելու փոխարեն Արայիկ Հարությունյանը թող հստակ պատասխան տա արցախցիներին, թե ի՞նչ իրավական ռեժիմ է ունենալու այդ նոր ճանապարհը, ինչու՞ է նախագահը խուսափում օգտագործել «միջանցք» տերմինը, արդյո՞ք դա պարզապես անուշադրություն էր, թե հատուկ էր իր խոսքը այնպես ձևակերպել, որպեսզի որևէ անգամ չհնչեցնի «Լաչինի միջանցք» տերմինը: Ինչո՞վ է այդ նոր ճանապարհը, ըստ նախագահի, շատ ավելի անվտանգ լինելու, քան գործող միջանցքը, քանի որ գործող ժանապարհին էլ առ այսօր որևէ անվտանգային խնդիրներ չեն առաջացել և գործում է անխափան ու անխոչընդոտ: 
Վերոնշվածը համադրենք նաև Նիկոլ Փաշինյանի նախօրեին արված հայտարարությունների հետ ու կստանանք ամբողջական պատկերը:

Հիշեցնեմ, որ պատասխանելով ուղիղ հարցին, թե արդյո՞ք, Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհին Ադրբեջանը կփորձի անցակետ տեղադրի, թե՝ ոչ, Փաշինյանը հստակ պատասխան չի տվել, ավելին՝ շեշտել է, որ աշխատանքային քննարկումներում այդ մասին խոսվել է ու սլաքները ուղղել է ռուսական կողմին՝ նշելով, որ «Լաչինի միջանցքը» ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է ու «Լաչինի միջանցքի» անխափան աշխատանքը ապահովելը ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է: Թարգմանելով Նիկոլի լեզվից՝ ստացվում է, որ այնուամենայնիվ աշխատանքային մակարդակով քննարկվել է այդ նոր կառուցվող ճանապարհին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցը ու մնում է միայն ռուսների համաձայնությունը, այսինքն՝ բոլորը համաձայն են դրան, միայն ռուսները դեռ համաձայնություն չեն տվել: Եվ վերջում Փաշինյանը նույնիսկ մտահոգություն է հայտնում կողմերի պարտավորությունների կատարման հետ կապված: Նիկոլ Փաշինյանը շեշտում , որ հենց «Լաչինի միջանցքն» է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, իսկ թե ի՞նչ կարգավիճակ է ունենալու նոր ճանապարհը Փաշինյանը ոչ մի խոսք չասաց և դրա մասին խոսում էր «նոր երթուղի» շեշտադրումով: 

Պարոնայք, «միջանցքը» պարզապես բառ չէ, պարզապես արտահայտություն չէ և նույնիսկ ճանապարհ չէ, որքան էլ, որ այդ ճանապարհը բարեկարգ լինի: «Միջանցքը» իրավական ռեժիմ է, այն ոչ միայն անխափան գործող, այսպես ասած, բարեկարգ ճանապարհ պիտի լինի, այլև՝ անխոչընդոտ կապ ու ոչ միայն ճանապարհային, այլև՝ ենթակառուցվածքային: Երթուղու փոփոխության հետ կապված անխոչընդոտության մասին, որը «միջանցքի» հիմնական բնութագրիչ հատկանիշն է, ոչ ոք չի խոսում: Ճանապարհին խողաղապահների տեղակայումը այն «միջանցք» չի դարձնում, եթե ի սկզբանե այն որպես միջանցք չի դիտարկվում: 

Արդյո՞ք, Արցախի նախագահը չօգտագործելով «միջանցք» տերմինը փորձում է նախազգուշացնել մեզ վերահաս վտանգի մասին: Այս համատեքստում ուշագրավ է նաև, որ նախագահը պատասխանելով ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հարցին, այն մասին, թե ինչն է խանգարում կասցեցնել 6-րդ կետի իրագործումը, քանի դեռ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթով իրենց վրա դրված պարտավորությունները, մասնավորապես՝ գերիների վերադարձ, իրենց տեղերում կանգնել, Քարագլուխ, կարծես, թե փոքր ինչ նյարդայնացավ՝ ասելով.

«Կարող ենք հրաժարվել այդ կետից, բայց մենք նաև քննարկում ենք հետևանքները, կարող ենք քննարկել, արդյո՞ք, որ ճանապարհն է մեզ համար լինելու անվտանգ, ոչ միայն ճանապարհային երթևեկության առումով, այն որ շատ ավելի որակյալ ճանապարհ է, դա չեմ քննարկում: Ուզում եք հանրությանը ներկայացնել, որտեղ ինչ ենք կառուցելու անվտանգային առումով, մենք ցավոք ունենք խնդիր այսօր, այնպիսի դավաճանական ցանց ունենք մեր երկրում, որ ընդհուպ մինչև իմ կաբինետից դուրս գալը Ազգային Ժողով մտնելը ադրբեջանցիները գիտեն: Հիմա ուզում եք աշխարհով մեկ բարձրաձայնենք, թե ինչու՞ ենք այդ ճանապարհը ընտրել, հավաքվենք, որոշենք, ասենք չենք ընտրում, բայց հետևանքների մասին միասին պետք է պատասխան տանք: Արդյո՞ք հրաժարվելով այդ ճանապարհից ինչ հետևանքներ ենք ունենալու մենք, միասին որոշենք, այսինքն՝ մենք դեմ ենք, ոչ մի բան չենք անում, Բերձորից էլ դուրս չենք գալիս, խնդրեմ որոշենք, հետևանքների մասին էլ միասին պատասխան տանք, այս երկրում ապրող մեր մոտ 120 000 բնակչի ճակատագրի մասին էլ մտածենք: Բայց ի լուր աշխարհի չքննարկենք, կա ավելի շատ կարևոր անվտանգային խնիրներ, որոնք այս դահլիճում կամ այս ձևաչափով չեն քննարկում: Ես ինքս կողմ չեմ: Ես ասում եմ անվտանգության խորհուրդով հաստատել ենք և ուղարկել ենք: Հիմա ասում եք ինչու՞ եք հաստատել: Որովհետև քննարկել ենք, ամենաճիշտը դա ենք համարել: Եթե որոշումը մեր չեղարկում ենք կամ հայտարարենք առաջին հերթին Արցախի Հանրապետության բնակիչներին, որովհետև իրավիճակի փոփոխության առումով Երևանում ապրող պաշտոնյաները չեն պատասխան տալու, մենք ենք դրա առաջին վայրկյանի ընթացքում քաղելու դրա ամենածանր պտուղները, որը հավանական եմ համարում»:

Արայիկ Հարությունյանի այս երկիմաստ հայտարարությունը, համենայնդեպս, մտածելու տեղիք է տալիս:

Սակայն հարկ եմ համարում նշել, որ «Լաչինի միջանցքը» լոկ բարեկարգ, արագընթաց ճանապարհ չէ արցախցիների համար, այն բառի բուն իմաստով կյանքի ուղի է Արցախի 120 000 բնակչության համար, որի հետ կապված ցանկացած հարցի քննարկում պետք է հանրությունը տեղյակ լինի: Ինչպես նախագահն է ասում, այո, Արցախի բնակչության ճակատագրի մասին պետք է մտածեք, որպեսզի ՀՀ իշխանությունների թեթև ձեռքով Արցախը Հայաստանին կապող կյանքի ուղին չարժանանա Գորիս-Կապան մայրուղու ճակատագրին: Մի կողմ թողեք գաղտնիության խաղերը, այստեղ խնդիրը նույնիս Բերձորը կամ Աղավնոն չէ միայն, խոսքը կյանքի ու գոյատևման հարցի մասին է: Արցախցիները արժանի են, որպեսզի իմանան, թե իրենց ճակատագրի վերաբերյալ ինչ են բանակցում և ինչ համաձայնություններ են կայացվել: Արցախցիները արժանի են իմանան, թե ովքե՞ր և ինչպե՞ս են իրենց ճակատագիրը որոշում: Արդյո՞ք, հայկական կողմը համաձայնվել է հանձնել «միջանցքը», փոխարենը ստանալով անորոշ անվտանգության երաշխիքներով ինչ-որ «բարեկարգ ճանապարհ»: