Հարությունյանին չեմ պաշտում, բայց չեմ էլ միանա նրա հրաժարականը պահանջողներին

Հարությունյանին չեմ պաշտում, բայց չեմ էլ միանա նրա հրաժարականը պահանջողներին

«Եթե հեռավար ծրագրեր ես ուզում՝ զբաղվիր կրթությամբ, իսկ եթե ուզածդ մեկ-երկու տարվա ծրագիր է՝ ցորեն մշակիր»,- ասում է չինական իմաստնությունը։ Գրեթե նույն միտքն է բանաձեւում կրթության փորձագետ Կամո Լալայանը, ըստ որի՝ քաղաքացի կերտելու համար կրթության քարոզիչները պետք է հրաժարվեն պոպուլիզմից։ Պետք է կրթությունն իրապես դառնա զարգացող պետության գերակա ճյուղ, եւ նոր դպրոցը կառուցվի ավանդական արժեքների հենքի վրա։ 
«Նախկինում Կրթության ազգային ինստիտուտ կար․ ողջամիտ մասնագետներ էին հավաքված, փորձում էին գտնել կրթական ոլորտի առջեւ ծառացած խնդիրները։ Հիմա չկա որեւէ կառույց, որ զբաղվի դրանցով։ Կան խմբեր, որոնք չափորոշիչներ են գրում, փորձարկումներ անում,  ընդօրինակում են համաշխարհային, այդ թվում՝ մեր հարեւանների փորձը՝ ջանալով սիրունացնել, տոնածառի տեսք տալ կրթական համակարգին»։ 

Դասավանդման հարուստ փորձ ունեցող մանկավարժը ցավում է, որ արդի կրթությունը չի ծառայում ՀՀ քաղաքացու դաստիարակությանը։ Ասում է՝ դպրոցներն ընդամենը զբաղվածության խնդիր են լուծում։ «Մենք կառավարության անդամներ, բազմաթիվ լավ իրավաբաններ, բժիշկներ, այլ մասնագետներ ունենք, որոնք իրենց գործի գիտակներ դարձել են, բայց քաղաքացի՝ ոչ։ Պատճառն այն է, որ դպրոցում սովորել են միայն մի քանի առարկաներ, որոնք պետք են եղել բուհ ընդունվելու համար։ Իսկ դա ոչինչ է՝ քաղաքացի դառնալու համար։ Ազգովի կրթված ենք, բայց քաղաքացի չենք, չունենք մտավորականություն։ Երբ պետություն չունեինք, համաշխարհային մակարդակի մտավորականություն ունեինք, երբ ունենք պետություն, չունենք մտավորականություն… Պետությունն ահռելի միջոցներ է դնում դպրոցի վրա, բայց ընդամենը բուհ ընդունվելու խնդիր է լուծում։ Ո՞րն է հաջորդ մակարդակը»,- հարցնում է փորձագետը։

Նրա կարծիքով՝ կրթության նախարարությունն ինչպես վերջին 30 տարում, այնպես էլ հեղափոխությունից հետո, ամենախոցելին է։ Արայիկ Հարությունյանին, իր ձեւակերպմամբ՝ ո՛չ պաշտում է, ո՛չ ընդունում, բայց չի էլ պատրաստվում միանալ նրա հրաժարականը պահանջող իր գործընկերներին։ «Քանի որ լեգիտիմ իշխանության ներկայացուցիչ է, այս պահին սխալ կլինի նրա հեռացման պահանջը ներկայացնել։ Գտնում եմ, որ պետք է թողնենք՝ մինչեւ վերջ աշխատի, իսկ գնահատականը կտանք վերջում»։

Ըստ նրա՝ կրթական չափորոշիչների հարցում նախարարությունը շտապողականություն ցուցաբերեց, ինչի համար անվստահություն ու մեծ աղմուկ «վաստակեց»։ Ինքն անձամբ շատ հարցերում համաձայն չէ ԿԳՄՍՆ-ի որոշումներին։ Դեմ է էլեկտրոնային մատյաններին։  «Մատյանը դպրոցավարության կարեւորագույն փաստաթղթերից մեկն է։ ԿԳՄՍՆ-ն Հայաստանի բոլոր դպրոցների տեխնիկական բազայի ամբողջական պատկերն ունի՞, որ նման քայլի է գնում։ Սա նման է իրականությունից կտրվելուն…»։ 

Կամո Լալայանը դեմ է նաեւ առաջին կիսամյակն առկա ուսուցմամբ սկսելու նախարարության որոշմանը, քանի որ, ըստ նրա, դեռ պատրաստ չենք արտակարգ իրավիճակի պարագայում որակյալ կրթություն ապահովելուն։ Առաջարկում է դասերը սկսել երկրորդ կիսամյակից։ Ասում է՝ որոշ երկրներ նոյեմբեր-դեկտեմբերին վակցինա ունենալու մասին հայտարարություն են անում, սպասենք, իսկ մինչ այդ շարունակենք հեռավար դասերը։

«Իսկ որպեսզի երեխայի հետ կապը պահպանվի, առաջարկում եմ, որ ամիսը մեկ-երկու անգամ ուսուցիչները նրանց հրավիրեն դպրոց, առաջադրանքներ տան, գնահատեն թեմատիկ գրավոր աշխատանքով… Բայց՝ չէ, մենք ընտրեցինք առաջին կիսամյակը, ու գիտե՞ք ինչ է լինելու․ գրքերը բաժանելու են, սոցիալական այս լարված օրերին հավաքեն գումարը, ու քանի որ արդեն խոսվում է քովիդի երկրորդ ալիքի մասին, դադարեցնեն դասերը»։

Լալայանի կարծիքով՝ հեռավար կրթությունը գովելի է, բայց ԿԳՄՍՆ-ն քանդեց հիմքերը, երբ անցած ուստարվա երկրորդ կիսամյակի հեռավարի գնահատականները չեղարկեց ու անցողիկ դարձրեց առաջին կիսամյակինը։ «Էն երեխային, որ դպրոցում չկարողացա բացահայտել, բացահայտեցի հեռավար կրթության ժամանակ։ Երեխաները, որոնք լուրջ էին մոտենում հեռավար կրթությանը, նախարարության այդ քայլով կոտրվեցին»։

Իսկ անդրադառնալով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային՝ փորձագետը կարեւորում է երեք հարց, որոնց պատասխանները երեխաները պետք է ստանան դպրոցից։ 4-րդ դասարանում պետք է ստանա «Ո՞վ եմ ես, ինչո՞ւ եմ քրիստոնյա» հարցի պատասխանը, 9-րդում պետք է իմանան եկեղեցու կառուցվածքը, 11-րդում տեղեկացված լինեն առաքելական եկեղեցու արժեքային համակարգի մասին։