ԵՄ-ն «չափն անցնո՞ւմ է». Վրաստանը մեղադրանքներ է հնչեցնում

ԵՄ-ն «չափն անցնո՞ւմ է». Վրաստանը մեղադրանքներ է հնչեցնում

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկուն մեղադրել է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ։

Գերչինսկին ավելի վաղ քննադատել էր իշխող կուսակցության նախընտրական տեսահոլովակները, որոնք Ուկրաինայում մարտերի ավերածությունների պատկերները հակադրում են Վրաստանում խաղաղության հետ:

«Օրեր առաջ մենք տեսանք ընտրարշավին միջամտելու փորձեր։ Այն հայտարարությունները, որ մենք լսեցինք ԵՄ դեսպանից, կտրականապես անընդունելի են։ Սա ընտրարշավին միջամտելու ուղիղ փորձ է։ Բացի այդ, որոշ հեռուստաալիքներ որոշել են հրաժարվել որոշ հոլովակներ ցուցադրելուց։ Նրանց որոշումների հիմքն այն է, որ դա դուր չի գալիս ԵՄ դեսպանին»,- վրացի լրագրողներին ասել է Քալաձեն։

Նա նաև հիշեցրել է, որ ԵՄ դեսպանը ներկայացնում է համայնքում ընդգրկված բոլոր երկրները. «Մենք պետք է համապատասխան նամակով կապվենք այդ երկրների արտգործնախարարությունների հետ և հարցնենք, թե իրականում ինչ է տեղի ունենում, այդ երկրների անունից ինչ փորձեր են արվում միջամտելու Վրաստանում քաղաքական և ընտրական գործընթացներին»։