«Հրապարակ». ՀՀԿ-ն դատապարտում էր սամասուդը, ՔՊ-ն ինքն է սամասուդ իրականացնում

«Հրապարակ». ՀՀԿ-ն դատապարտում էր սամասուդը, ՔՊ-ն ինքն է սամասուդ իրականացնում

6 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն անում է տրամագծորեն հակառակն այն ամենի, ինչի մասին խսում էր իր ընդդիմադիր կարգավիճակում։ Սերժ Սարգսյանին բռնապետ հռչակած Փաշինյանն իր ստեղծած «ժողովրդավարական բաստիոնում» ավելի բիրտ մեթոդներ է կիրառում, քան մերժված Սարգսյանն էր անում։ Խորհրդարանը դարձրել են բռնցքամարտի ռինգ` բոլորի աչքի առաջ ծեծուջարդ են կազմակերպում, վիրավորում, ծաղրում ընդդիմախոսներին: Ընդդիմախոսներին բանտ ուղարկում, ոստիկանական մեքենայից մարդ իջեցնում` ծեծում, պատերազմի հերոսի խոշտանգում` հանրահավաքին մասնակցելու համար, ոստիկանական ոհմակով հարձակվում` պատգամավորի ծեծի ենթարկում: Եվ այս բոլոր բռնարարները ոչ միայն չեն պատժվում, այլեւ խրախուսվում են, իսկ պետական ինստիտուտները որեւէ միջադեպի քաղաքական գնահատական չեն տալիս։ Քրեական գործեր անհնազանդ համայնքապետերի, հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ։ Բռնություններ, սահմանադրական իրավունքների ոտնահարում:

Մինչդեռ այդքան քարկոծված ՀՀԿ-ի իշխանության տարիներին բոլորովին այլ իրավիճակ էր տիրում: 2014 թ. դեկտեմբերին ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի եւ մի խումբ այլ գործիչների նկատմամբ բռնության դեպքեր էին արձանագրվել` խորհրդարանից դուրս, ԱԺ մեծամասնությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ։  Արամ Մանուկյանը կոշտ քննադատել էր Սերժ Սարգսյանին, ինչպես հանգուցյալ Սեյրան Սարոյանն էր ասել` «մեր էր քրֆել»։ Բայց ՀՀԿ-ն` կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ, հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ, որտեղ ասված էր․ «Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ` ՀՀ Ազգային ժողովը․ 1) անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ, 2) դատապարտում է վերջին օրերին առանձին պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքն ու հրապարակային արտահայտությունները, 3) դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն, 4) առանձնահատուկ կարեւորում է հասարակական-քաղաքական գործընթացներում զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը, 5) վերահաստատում է ԱԺ բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն եւ բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում»:

Ազգային ժողովն իրավապահ մարմիններից նաեւ պահանջել էր սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները եւ բացահայտել բռնարարքների հեղինակներին ու պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ: Հայտարարության նախագիծն ԱԺ-ում ներկայացրել էր ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը` ընդգծելով այդ գործընթացի կարեւորությունը, որ ապագայում նման երեւույթներ չկրկնվեն։ «ԱԺ-ում հայտարարությունների ընդունման այս պրակտիկան ներդնելուց հետո շատ հայտարարություններ չի, որ ընդունել ենք, ընդամենը մի քանի հայտարարություն ենք ընդունել, եւ դա նշանակում է, որ, իսկապես, ԱԺ-ն հայտարարություններ ընդունում է՝ հատուկ կարեւորությամբ մոտենալով հարցերին եւ հատուկ նշանակության խնդիրներ տեսնելով։ Եվ  այս իմաստով ես կարծում եմ, որ այս հայտարարությունը ոչ այնքան վերաբերում է մինչեւ հիմա կատարվածին, որքան շատ կարեւոր եւ կանխարգելիչ նշանակություն ունի ապագայի համար։ Եվ ես շատ կարեւորում եմ, որ ԱԺ-ն իր դերին համապատասխան, իսկապես, ներկայանում է հասարակությանը եւ տալիս է իր գնահատականները, որոնք, բնականաբար, ուղղված են հասարակության լայն շերտերին, բայց առաջին հերթին՝ բոլոր նրանց, ում արարքների պատճառով է, որ մենք այսօր այս հայտարարությունն ընդունում ենք: Այս հայտարարությունը պետք է, բնականաբար, քննարկվի բոլոր այն օղակներում, ովքեր իրենց պաշտոնի բերումով, իրենց հանգամանքի բերումով պարտավոր են օրինականություն ապահովել մեր երկրում, պարտավոր են ցանկացած հանցագործի ձեռքը բռնել, երաշխավորել մեր ժողովրդի ազատությունը, ազատ հնարավորությունը` իր տեսակետներն արտահայտելու, եւ, բնականաբար, այդ մթնոլորտը, որը փորձում են այստեղ շատերն առաջացնել` վախի, սարսափի մթնոլորտ, Հայաստանի համար պետք է համարվի վաղուց անցյալում եղած մի դառը հիշողություն»: 

Մենք ուսումնասիրեցինք նաեւ այդ օրվա ելույթները․ ՀՀԿ անդամները, մեկը մյուսին հերթ չտալով, դատապարտել են ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ իրականացված բռնությունը: Խոսրով Հարությունյանը, օրինակ, ասել է․ «Համոզված եմ, որ չկա դահլիճում մեկը, որ իր հոգու ներսում չի ընդվզել այս իրավիճակի հետ կապված, համոզված եմ, որ չկա մեկը, որ ցավ չի ապրել իր գործընկերոջ կամ գործընկերների համար: Համոզված եմ, մեկ րոպե անգամ չեմ կասկածում: Չկա մեկը, որ չարախնդում է, չեմ կասկածում։ Եվ, հետեւաբար, եկեք դա արտահայտենք մեր քաղաքական դիրքորոշմամբ, մեր մոտեցմամբ: Որեւէ պատճառաբանությամբ այս փաստաթղթին չմիանալը, որեւէ պատճառաբանությամբ, ուղղակի հիմնավոր չի կարող երեւալ, որեւէ պատճառաբանությամբ, եւ ճիշտ հակառակը՝ կարելի է նույնիսկ այդտեղ հեռուն գնացող եզրակացություններ էլ անել»։

Հիշեցնենք․ այդ ժամանակ ԱԺ-ում, ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից բացի, ներկայացված էին ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Վերջին չորսը ցանկանում էին պատգամավորի նկատմամբ բռնության միջադեպն արտահերթ նիստով քննարկել, ուստի խստորեն քննադատում էին այս հայտարարության նախագիծը: Ամենաբոցաշունչ ելույթը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանինն էր․ «Ասում են` Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք, որպեսզի նման բռնություններ հրահանգավորի եւ իրավիճակը շիկացնի: Սրա համար կա շատ պարզ բացատրություն: Սա անհրաժեշտ է՝ ցույց տալու համար, որ ինքը տիրապետում է իշխանությունը, որ ինքը ռեալ իշխանություն է, որովհետեւ, պատկերացրեք, այն քաղաքական թիմը, եթե դա կարելի է անվանել... Ոչ թե քաղաքական թիմը` այն մարդիկ, ովքեր 2008-ի մարտի 1-ին ՀՀ 10 քաղաքացիների գնդակահարելով` Սերժ Սարգսյանին բերել են իշխանության, այդ թիմի համար լինել իշխանություն, նշանակում է ունենալ բեսպրեդել կերտելու իրավունք: Մարդկանց մոտ հարց է ծագում․ բա մենք այսքան տվեցինք, սպանեցինք, սամասուդ արեցինք, էս քանի ամիս է՝ ինչի՞ որեւէ մեկին սամասուդ չեն անում, էսքան էլ բան են ասում, քննադատում են... կարո՞ղ է մենք այլեւս իշխանություն չենք, կարո՞ղ է արդեն վախենում ենք, կարո՞ղ է արդեն կորցնում ենք իշխանության վրա տիրապետումը եւ իշխանության լծակները: Ահա, այս խնդիրը լուծելու համար Սերժ Սարգսյանն ընդամենը ցույց է տալիս, որ ինքը շարունակում է մնալ իշխանություն, որովհետեւ, նրանց պատկերացմամբ, իշխանություն լինելը նշանակում է՝ ինչ ուզում ես, անես, ում ուզում ես, ծեծես, ում ուզում ես, քացու տակ տաս, ի՞նչ ուզում ես, անես եւ չպատժվես... եւ շատերը հարց են տալիս, ասում են` մի քանի, ասենք, պատգամավորներ կան, Սերժ Սարգսյանն ինչի՞ է այդ մարդկանց բերել ԱԺ, չի՞ զգում, որ վարկաբեկում են ամբողջ պատգամավորական ինստիտուտը: Ոչ, այդ մարդկանց բերել է ԱԺ, որ առաջին հերթին իր հենարան հանդիսացող քաղաքական ուժը տեռորի տակ լինի միշտ, իմանան, որ մի բան ըսենց չանեն...»։

Փաշինյանի այս ելույթում կարելի է միայն Սերժ Սարգսյանի փոխարեն գրել Նիկոլ Փաշինյան, բայց ՀՀԿ-ն գոնե ժամանակին քաղաքական քայլեր էր անում եւ անգամ ընդդիմադիր պատգամավորների դեմ կիրառված բռնությունն էր դատապարտում: Հիմա բռնությունը կիրառում է հենց իշխանությունը, հենց խորհրդարանում եւ երկրի ընդդիմության նկատմամբ, հենց Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով։