Ներողություն չեմ խնդրում, բայց ես իմ գրածը կջնջեմ. Ավանի փոխթաղապետ

Ներողություն չեմ խնդրում, բայց ես իմ գրածը կջնջեմ. Ավանի փոխթաղապետ

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում իր կատարած գրառման պատճառով: Այս անգամ նա գրառում է կատարել արդարադատության նախկին նախարար, ընդդիմադիր գործիչ Արփինե Հովհաննիսյանի մասին՝ նրա հասցեին անպարկեշտ ակնարկներ անելով: Փոխթաղապետի այս գրառումը հարուցել է Արփինե Հովհաննիսյանի հարազատների, ընկերների զայրույթը, ովքեր ցանկանում են գտնել փոխթաղապետին և հաշիվ պահանջել նրանից իր խոսքերի համար: Մեզ հաջողվեց գտնել Ներսես Պողոսյանին ու համառ զանգերից հետո վերջապես կապ հաստատել նրա հետ և մի քանի հարց ուղղել: 

- Պարո՛ն Պողոսյան, Ձեր արած գրառումը, այսպես ասած, ցնցել է համացանցը:

- Հիմա, արել եմ էդ գրառումը, գիտեմ, որ ցնցել ա համացանցը, ես հենց հիմա ջնջում եմ իմ գրառումը ու հետո հայտարարություն եմ անում: Ոչ թե վախեցել եմ կամ ինչ-որ բան, ուղղակի... չեմ մանրանում:

- Իսկ բացատրություն ունե՞ք, թե ինչու եք կնոջ հասցեին, այն էլ՝ ամուսնացած, նման անպարկեշտ արտահայտություններ թույլ տվել՝ որպես հայ տղամարդ, որպես, համարենք, թասիբով, արժանապատիվ տղամարդ:

- Մի հատ նայեք՝ ինչ ձև են վերաբերվում մեր իշխանությանը, ինչ հայհյոյանքներ են տալիս, ասենք, ինչ նկարներ են տարածում 4 տարեկան երեխեքի վերաբերյալ:

- Իսկ դուք իրենցից ինչո՞վ եք տարբերվում, մարդիկ սխալ բան են անում՝ հայհոյում են ձեզ, դո՞ւք էլ պիտի նույնը անեք:

- Իրենք սխալ բան են անում, ես իրենց սխալին պատասխան եմ տալիս:

- Այսինքն՝ պատասխանում եք ամուսնացած կնոջ հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տալո՞վ:

- Ամուսնացած կնոջը չէ, խնդիրը ամուսնացած կնոջ մեջ չի, խնդիրը նրա մեջ ա, որ քաղաքականության մեջ սովոր են, որ չի կարելի ընտանիքներին հայհոյել:

- Դա հասկացանք, իսկ դուք ինչո՞ւ եք հայհոյում:

- Որ հասկանան՝ էդ ինչքան ցավոտ ա:

- Շատ բան է ցավոտ, օրինակ՝ այդ հայհոյանքից հետո կարող է Ձեզ համար էլ ցավոտ լինի, քանզի նման գրառումներ կան:

- Այսի՞նքն՝ ցավոտ լինի:

- Դե, մարդիկ ուզում են գալ, հաշիվ պահանջել Ձեզանից, ու կարող է այդ հաշիվ պահանջելը նաև ցավոտ լինի:

- Ցավոտ լինի... ընդհանրապես, ով իմ հետ ինչ ձևի խոսում ա, ես իրա հետ էդ ձևով խոսում եմ: Նորմալ ա խոսում, նորմալ խոսում եմ: Վատ ա խոսում, վատ եմ խոսում:

- Իսկ կոնկրետ Արփինե Հովհաննիսյանը Ձեզ ինչ-որ վատ բա՞ն է ասել:

- Ի՞նչ կապ ունի՝ ինձ, թե մեր թիմին: Արփինե Հովհաննիսյանը մի հատ նայեք՝ ինչեր ա ասում տիկին Աննա Հակոբյանի վերաբերյալ իրա ելույթների մեջ:

- Աննա Հակոբյանին պաշտպանելու առաքելությունը Ձե՞զ վրա է դրված: Աննա Հակոբյանը ամուսին ունի, որդի ունի, եղբայր ունի, Դո՞ւք պիտի պաշտպանեք իր թասիբը:

- Մի րոպե, Աննա Հակոբյանը հայ կին չի՞:

- Բոլոր հայ կանայք էլ հայ կին են, ու որևէ մեկի հասցեին հայհոյանքն ընդունելի չէ: Հիմա Աննա Հակոբյանին հայհոյում են, Դուք էլ պիտի Արփինեի Հովհաննիսյանի՞ն հայհոյեք. հայհոյողներին հայհոյեք:

- Ո՞նց, պարզ ասում եմ՝ նայեք Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցները Աննա Հակոբյանի վերաբերյալ: 

- Ամեն ինչ շատ լավ տեսել ենք: Դուք հիմա պատրա՞ստ ենք ներողություն խնդրել Ձեր գրառման համար:

- Իհարկե, ոչ, ներողություն չեմ խնդրում, բայց ես իմ գրածը կջնջեմ, ու թե խի եմ ջնջում, էտի ով որ պետք ա՝ գիտի, խի եմ ջնջում:

- Իսկ Դուք ի՞նչ նկատի ունեիք, երբ գրել էիք՝ «քանի ջերմությունս չի իջել, սիրտս իրեն է ուզում»: 

- Կարար զրուցել ուզեր, որ մի հատ հասկանամ՝ ինչ ա անում ինքը:

- Իսկ կարո՞ղ է՝ Դուք հրապարակում էիք տեսել, որ Գագիկ Ծառուկյանը հանրահավաքի օրը Արփինեին հորդորել էր տուն գնալ, քանզի ցուրտ է, մրսում է, կարո՞ղ է դա էր Ձեզ առիթ տվել նման գրառումներ անելու կամ, մի քիչ այլ բառապաշարով ասած, առիթավորվելու:

- Ես երբեք չեմ առիթավորվում:

- Լավ, հիմա Արփինե Հովհաննիսյանի հարազատները, ընկերները ցանկանում են Ձեզանից հաշիվ պահանջել, Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

- Եկեք ես իմ հարցերը կլուծեմ, էդ, արդեն, կներես Վահե ջան, լրատվական գործունեությանը չի վերաբերում:

- Իսկ ճի՞շտ է, որ Ձեր այդ հրապարակման համար Ձեզ ազատելու են աշխատանքից:

- Եթե իմ էս հրապարակման համար պետք ա ինձ աշխատանքից հեռացնեն, ուրեմն ոմանց իրենց հրապարակումների համար պետք ա գնդակահարեն: Եթե կհեռացնեն, կորոշի քաղաքական թիմը, որ պետք ա հեռացնեն, իմ քաղաքական թիմի որոշումը կլինի, ես խնդիր չունեմ:

- Դուք էլի էիք սկանդալների մեջ հայտնվել նմանատիպ հրապարակումների պատճառով, օրինակ՝ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ կապված, ի՞նչն է Ձեզ դրդում նման քայլերի գնալ:

- Որ իրանք իրանց տենց չպահեն, հաստատ տենց չի լինի:

- Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր՝ հանգիստ նստեք տեղներդ, այդ հորդորն իր թիմակիցներին չի՞ վերաբերում:

- Հը՞:
- Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր՝ հանգիստ նստեք տեղներդ, ո՞ւմ էր ասում, իր թիմակիցներին չի՞ վերաբերում այդ ասածը:

- Հանգիստ նստենք տեղնե՞րս: Հանգիստ նստած ենք, էլի, տեղներս:

- Մի քիչ չի զգացվում, դրա համար եմ հարցնում:

- Դե, ի՞նչ անեմ: