Ծառուկյանը ամենաշատ ավանդն ունի էս երկրի մեջ․Հակոբ Մկրտչյան

Ծառուկյանը ամենաշատ ավանդն ունի էս երկրի մեջ․Հակոբ Մկրտչյան

Խորհրդարանի հերթական նիստում շարունակվում է քննարկվել  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագրերը: 

Նշենք, որ Ծառուկյանը նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, ուստի շարունակում ենք զրուցել մարզաշխարհի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար՝ մարզիկները ինչպես են վերաբերվում տեղի ունեցող իրադարձություններին։

«Հրապարակի» հետ զրույցում ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը նշեց, որ իր համար ցավալի է այն, ինչ այս պահին կատարվում է։

«Գործողություններ են անում մի մարդու հանդեպ, ով ամենաշատ ավանդը ունի էս երկրի մեջ։ Շատ սխալ է, իհարկե, կարծում եմ։ Ամեն դեպքում՝ ես ճիշտ չեմ համարում։ Էդ մարդը միշտ կանգնած է եղել մարզաշխարհի, սպորտի կողքին, իրենից շատ ոչ մեկ չի աջակցել, չի օգնել, իսկ Ծառուկյանը ամեն ինչով է օգնել»,-ասաց Մկրտչյանը։

Ինչպես մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, Մկրտչյանը ևս չբացառեց, որ հետագայում սպորտի ներկայացուցիչների կողմից ակցիաներ լինեն՝ ի աջակցություն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի։

«Դեռ հստակ բան չեմ կարող ասել, դեռ քննարկում չի եղել, կտեսնենք»,- ասաց Մկրտչյանը։

Այսօր առավոտյան Ազգային ժողովի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում նաև ոստիկանները բերման էին ենթարկել ակցիայի մասնակից, հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ, Պեկինի Ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին, վերջինս քիչ առաջ «Հրապարակին» հայտնել էր, որ իրենց արդեն բաց են թողել։

Մկրտչյանը անդրադառնալով նաև Ամոյանի մասնակցությամբ միջադեպին նշեց․ «Դե դա ընդհանրապես․․․ (ծիծաղում է): Ուղղակի չգիտեմ՝ ինչ ասեմ։Երբ ադրբեջանցուն տապալում էր գետնին, գոռում էին՝ հու, հու, հիմա սենց տղերքի հետ սենց են վարվում»։