Անկախության կորուստը Հայաստանի ղեկավարը մատուցում է որպես մի նոր փարոս

Անկախության կորուստը Հայաստանի ղեկավարը մատուցում է որպես մի նոր փարոս

44-օրյա պատերազմը ոչ միայն բազմաթիվ կյանքեր խլեց ու հարյուր հազարավոր մեր հայրենակիցների տեղահանության պատճառ դարձավ, այլև՝ զրկեց Հայաստանին լծակներից ու տարածաշրջանային լուրջ գործոնից վերածեց հուսահատության տարածքի՝ մշուշոտ ապագայով ու առանց զարգացման հեռանկարի, և որպես հետևանք՝ արագ դատարկվող։

Անկախության բովանդակային կորուստը Հայաստանի ղեկավարը մատուցում է որպես մի նոր փարոս։ Սեպտեմբերի 21-ի նրա ուղերձից հետևում է, որ 44-օրյա պատերազմը կարելի է անգամ բարեբախտություն համարել, որովհետև այն, ըստ Փաշինյանի, մեզ վերադարձրեց «պետություն ունենալու»՝ դեռևս 90-ականներից կորսված հնարավորությունը։

Իրականությունը, ինչպես դժբախտաբար լինում է Փաշինյանի դեպքում, ճիշտ հակառակն է։ 1990-ականներին Հայաստանն անկախության ու տարածաշրջանում ազդեցության առումով բարձրագույն աստիճանի վրա էր։ Այդ տարիների Հայաստանի որոշումներն զգալի ազդեցություն էին ունենում ոչ միայն հենց Հայաստանի, այլև հարևան Վրաստանի ու Ադրբեջանի ընթացքի վրա։

Երկրաշարժ, կայսրության փլուզում, շրջափակում, պատերազմ... 1990-ականներին Հայաստանն այս ցնցումներից պատվով դուրս եկավ՝ տարածաշրջանային լուրջ գործոնի կարգավիճակով։ Ու ի՜նչ ծանրագույն գնով էր ձեռք բերվել այդ կարգավիճակը։ «Մութ ու ցուրտ տարիների» ու «օդից ընկած անկախության» մասին տասնամյակներով տարածվող պնդումները ոչ միայն մտացածին են, այլև նպատակ ունեն նսեմացնել մեր նվաճումներն ու քայքայել ձեռբերումները (ինչը, ցավոք, հաջողվեց)։ Դա այնքան հետևողական ու համառ է արվում, որ կասկածից վեր է, որ դրանց մշակմամբ զբաղվել են հենց մեր հակառակորդները։

Արցախյան ազատամարտը Հայաստանի անկախության պայքար էր։ Արցախի հարցում մենք սխալվելու իրավունք չունեինք։ Հայաստանն այսօր ոչ միայն տարածաշրջանում, այլև անգամ իր սահմաններում էական ազդեցություն չունի։ Երկրի անկախությունն այսօր սահմանափակված է մարզասրահների ծանրաձողերի, կախիչների ու զուգարանի ապակիների հարցում ինքնուրույն որոշումների սահմաններում։ Հենց նման հարցեր են քննարկվում կառավարության ու ԱԺ նիստերում։ Միաժամանակ, որևէ նշանակություն չունի, որ կառավարությունը որոշել է Երասխում գործարան կառուցել. այն այդտեղ չի կառուցվի, որովհետև այդպես է որոշել Ադրբեջանը։ Որևէ նշանակություն չունի, որ պետությունը սեփականության վկայական է տվել, սեփականությունը կարող է փոխանցվել այլ պետության, ինչպես եղավ Կիրանցում։

Ուզում են Սահմանադրությունը փոխե՞նք, պետք լինի, դա էլ կանենք՝ ազդարարեց երկրի ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից՝ զուգահեռաբար օտար պետության պահանջով սահմանադրություն փոխելը սեփական ժողովրդին վաճառելով ինքնիշխանության փաթեթով։ Իսկ պետությունը, ըստ Փաշինյանի, «միայն ու միայն հաց վաստակելու գործիք է»։ Պետականության այսօրինակ արժեզրկումը մի նոր աղետ է բերելու մեր երկրին։ Ամբարտավան դիլետանտների այս խումբն իսկական փորձանք է, որից ազատվելը Հայաստանի գոյության անհրաժեշտ պայման է դարձել։

Թեև այսօր մեր երկիրն իր ուժի ու հնարավորությունների նվազագույն սանդղակում է, բայց ոչ վաղ անցյալում ծանրագույն պայմաններում արդյունավետ լուծումներ գտնելու փորձը ցույց է տալիս, որ չկա իրավիճակ, որից հնարավոր չէ դուրս գալ։

Պրոֆեսոր Ռաֆայել Թեյմուրազյան