Սոցապը որոշել է կրթել թոշակառուներին  

Սոցապը որոշել է կրթել թոշակառուներին  

Սոցապ նախարարությունը նոր ծրագիր է իրականացնում՝ անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակ և նպաստ ստացողները հետ են ստանալու իրենց քարտերին վճարած գումարի 10 տոկոսը, որը 5 հազար դրամից ավելի չի կարող լինել: Նորամուծությունը գործելու է հուլիս 1-ից: Հուլիսի հետվճարները մարդիկ կստանան մինչև օգոստոսի 25-ը, օգոստոսինը՝ մինչև սեպտեմբերի 25-ը և այդպես շարունակ:

Նախարարությունը զգուշացնում է, որ հետվճարը չի կարող լինել  5000 դրամից ավելի: Այսինքն՝ եթե թոշակառուն ստանում է, օրինակ, 50 հազար դրամ, ու այդ ամբողջ գումարը ծախսում է անկանխիկ եղանակով, վճարումներն ամբողջությամբ կատարում է քարտով, ապա որպես օրինակելի թոշակառու` նրա քարտին 5000 դրամ է փոխանցվում: Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում: Ծրագրի գործընկեր բանկերն են ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկն ու Հայբիզնեսբանկը, սակայն եթե թոշակառուն, կամ նպաստառուն այլ բանկ է նախընտրում, կարող է դիմում գրել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում և ստանալ գումարներն իր նախըտրած կազմակերպությունից: 

Մենք դժվարացանք պատկերացնել, թե ինչպես են թոշակառուները, հատկապես 60-նն անց ծերերը, ում  համար բանկոմատի հետ շփումը մի այլ կարգի տանջանք է, բջջայինով կոմունալ մուծում, կամ խանութում քարտով գնումներ կատարում: Նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը տեղեկացրեց, 560 հազար կենսաթոշակառուներից և կենսաթոշակին հավասարեցված նպաստ ստացողներից մոտ 400 մարդ արդեն գումարները ստանում են քարտերի միջոցով, բայց որևէ վերլուծություն, թե թոշակառուներն ու նպաստառուները ինքնուրույն են կանխիկացնում գումարները բանկոմատից, թե ինչ-որ մեկի օգնությամբ են գործարքներ կատարում, չի արվել: 
«Բայց այս ծրագրի նպատակը նա է, որ կարողանանք մեծացնել անկանխիկ գործարքների ծավալը, որ քաղաքացիները կարողանան ժամանակակից գործիքներին տիրապետեն, ու նաև մի շարք առավելություններ կան, որ, օրինակ, կկարողանան իրենց գնումների պատմությանը ծանոթանալ, տեսնել, թե ամսվա ընթացքում ինչպես են տնօրինել իրենց գումարները, ու ավելի հեշտ կկարողանան նաև անկանխիկ կատարել մյուս գործարքները, որ անընդհատ չգնան բանկ, կամ այլ վայրեր»: 

Խոսնակը տեղեկացրեց նաև, որ կենսաթոշակի ուղիղ բարձրացում չի կատարվում, որովհետև նպատակը ոչ թե կենսաթոշակառուների բարեկեցության բարձրացումն է, այլ նրանց կողմից նորագույն տեխնոլոգիաների յուրացումը: Ստացվում է, որ այդ յուրացման համար թոշակառուն, կամ նպաստառուն կստանա ամիսը մինչև 5 հազար դրամ, կախված նրանից, թե առևտրի որ մասը անկանխիկ կկատարի: Իսկ եթե, ասենք, 50 հազար թոշակից 20 հազարը թողնի քարտի վրա, իսկ 30 կանխիկ ծախսի՝ հաց, մածուն գնի հարևան շենքի տակի փոքրիկ խանութից, կամ նախորդ ամսվա «նիսյան» փակվի, ապա պարգևը պետությունից անհամեմատ փոքր է լինելու՝ մի  2000 դրամ: Փոխարենը, թոշակառուն որպես բոնուս կկարողանա իր գնումների պատմությանը ծանոթանալ, այսինքն՝ տեսնել, թե իր այդ խղճուկ 20 հազարը ինչպես է տնօրինել, ու մյուս ամիս ավելորդ ծախսեր էլ չի անի: 

Նկատենք, որ այդ անկանխիկ փոխանցումներից հիմնականում շահելու են բանկերը, որոնք միջնորդավճարներ են գանձելու, որոնց շրջանառությունն է մեծանալու: Իսկ պետությունը, որը երկրում առկա բոլոր հարցերը լուծել է, մնացել է կենսաթոշակառուների կրթության հարցերը, որոշել է ժամանակակից տեխնոլոգիաներին հաղորդակից դարձնել ծերերին` ձեռի հետ էլ բանկային օլիգարխների գործին աջակցել: