Հանուն հայրենիքի մեռնել պատրաստ եմ, բայց հանրահավաքին չեմ մասնակցելու

Հանուն հայրենիքի մեռնել պատրաստ եմ, բայց հանրահավաքին չեմ մասնակցելու

Ընդդիմադիր ուժերը, ինչպես գիտեք, այսօր բոլորին հրավիրել են հանրահավաքի, որը հանուն Արցախի է և հանուն Հայաստանի։ Դրանով նաև «ոչ» են ասելու այս իշխանություններին ու քննարկելու նրանցից ազատվելու եղանակները։

Մենք փորձեցինք հետաքրքրվել արվեստի գործիչներից, մտավորականներից, թե մասնակցելո՞ւ են, արդյոք, այսօրվա հանրահավաքին։ Նրանցից մի քանիսն անհասանելի էին, որոշները չպատասխանեցին զանգերին։ Մեզ հաջողվեց մի քանի բառ զրուցել անվանի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հետ, որը շատ ակտիվ էր 2018-ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխության ժամանակ։

Տիկին Մնացականյանը, սակայն, չցանկացավ հարցազրույց տալ՝ նշելով, որ ինքը հարցազրույց բացարձակ չի տալիս։ Ասացինք՝ ընդամենը ուզում էինք իմանալ, թե արդյոք մասնակցելո՞ւ է այսօրվա հանրահավաքին։

«Ի՞նչ հավաք․․․ ոչ, չեմ մասնակցելու»,-կտրուկ ասաց նա։

-Ինչո՞ւ։ Ասում են՝ հանուն Արցախի և հայրենիքի է լինելու այն։ 

-Հիմա Դուք ինձնից հարցազրո՞ւյց եք վերցնում։ Ես ասացի՝ ես հարցազրույց չեմ տալիս, եթե որևիցե բան եմ ունենում ասելու, ես ասում եմ ինքս, արդեն ոչ մի հարցազրույց չեմ տալիս։

-Բայց մենք կարճ քոմենթ էինք ուզում Ձեզանից, ոչ թե հարցազրույց։

-Չէ, չեմ տալիս։ Ես Ձեզ շատ սիրում, հարգում եմ, բայց հարցազրույց չեմ տալիս։

-Պարզապես մտավորականները լռում են, չեն խոսում, ամեն օր միայն քաղաքական գործիչներն են խոսում, իսկ մենք ձեր խոսքն ենք ուզում լսել։

-Չեմ տալիս հարցազրույց։

-Համառորեն չեք խոսում, մի խոսքով։ Իսկ մենք ուզում էինք իմանալ՝ հանուն հայրենիքի ի՞նչ եք պատրաստ անել։

-Մեռնել, հա, պատրաստ եմ։ Հաջողություն։