Համայնքների նախկին ղեկավարները՝ իրավապահների թիրախում

Համայնքների նախկին ղեկավարները՝ իրավապահների թիրախում

Սյունիքի մարզի Ալվանքի վարչական շրջանի նախկին ղեկավար, ինչպես նաեւ Տաթեւ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվել։ Մասնավորապես, Ալվանք համայնքի ղեկավարի ազգականներն ու մտերիմները, պայմանավորվածություն ձեռք բերելով, հաստատապես տեղյակ լինելով հողամասերի աճուրդների ձևական բնույթ կրելու և փաստացի տեղի չունենալու մասին, փաստաթղթեր են կեղծվել, եւ այդ հողամասերը գրանցվել են այդ անձանց անուններով։

Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ), իսկ որպես խափանման միջոց` ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև համայնքի ղեկավարի ազգականներին ու մտերիմներին՝ թվով 10 անձանց, մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Ալվանքի ղեկավար Ալիկ Թումանյանն ասաց, որ գործը իր հետ առնչություն չունի, ինքը չգիտի՝ ինչ մասին է խոսքը․ «Գուցե նախկին գյուղապետ Վարուժան Թումանյանի մասին է խոսքը, որովհետեւ իր դեմ գործ կար հարուցված»։

Նա նաեւ նշեց, որ չգիտի, թե կոնկրետ որ հողատարածքների մասին է խոսքը։
Տաթեւ համայնքում գրեթե նույն դեպքն էր․ «Սյունիքի մարզի Տաթև համայնքում արձանագրվել  են հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ։ Մասնավորապես, Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի կողմից 2009-2020 թթ․ անտեսվել են «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սակարկություններին մասնակցելու արգելքները, և նա, հանդիսանալով սակարկությունների կազմակերպիչ և աճուրդավար, իր ենթակայությամբ աշխատողներին, իր հետ մերձավոր ազգակցական կապ ունեցող անձանց մասնակից է դարձրել աճուրդներին և ճանաչել հաղթող»,-նշվում է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Փորձեցինք կապ հաստատել նաեւ Տաթեւ համայնքի ղեկավարի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր։

Դատախազությունից դեպքերի վերաբերյալ մեզ փոխանցեցին. «Ալվանք համայնքի հետ կապված նոր հարուցված քրեական վարույթ չկա, կա մեկ քննվող քրեական գործ, որ հարուցվել է 2019թ.: Տաթև համայնքի առնչությամբ մի քանի էպիզոդ առերևույթ հանցավոր չարաշահումների վերաբերյալ՝ կապված հողատարածքների իրացումների հետ, նյութեր են նախապատրաստվում»։

ՀԳ․ Մեր տեղեկություններով, քրեական գործեր են հարուցվել բոլոր այն համայնքապետերի դեմ, որոնք իշխանությանը չեն աջակցել եւ քննադատել են Նիկոլ Փաշինյանին։ Հատկապես թիրախում են Արմավիրի ու Սյունիքի համայնքապետերը։