Քննիչներն ինձ ծեծում էին ձեռքերով եւ բանալիներով․ քաղաքացին պնդում է, որ քննչականում ծեծի է ենթարկվել

Քննիչներն ինձ ծեծում էին ձեռքերով եւ բանալիներով․ քաղաքացին պնդում է, որ քննչականում ծեծի է ենթարկվել

Քննչական կոմիտեի Ավանի բաժնում 3 քննիչ ծեծի են ենթարկել, վիրավորել քաղաքացի Նարեկ Շահբազյանին։ Նման պնդում «Հրապարակ»-ի հետ զրույցում արեց հենց Շահբազյանը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։ 

Ըստ նրա՝ հունիսի 16-ին Ավան վարչական շրջանից իրեն բերման են ենթարկել գողության մեղադրանքով, որտեղից էլ սկսվել է պատմությունը․ ««Mimo bike» քաղաքային հեծանիվ էր անհետացել, ես այն թողել էի Մյասնիկյան պողոտայի «Բրաբիոնի» մոտ՝ գիշերը, նույն օրը ցերեկը հավելվածով նայեցի և այդ տարածքում որտեղ ես էի, հեծանիվ էր ցույց տալիս, գնացի, որ վերցնեմ ու Buq արեցի, հասնելով տեղ՝ հեծանիվ չգտա, հետ էի դառնում, երբ ինձ տարան քննչական բաժին։ Արդեն այնտեղ քննիչները հարվածում էին ինձ, վիրավորում մինչ իրենց վիրավորել կամ հարվածելը ես պատմել էի այն, ինչից տեղյակ եմ, բայց նրանք ինձ չէին հավատում և սպառում էին, որ տեսագրություն ունեն, թե ինչպես եմ ես հեծանիվը թաքցնում, ես օրենսդրությանը ծանոթ եմ ու նրանց ասում էի որ արձանագրություն թող կազմեն ՄԻՊ ներկայացուցիչ կամ իմ փաստաբանը ներկա լինի և ուղարկեն դատախազություն։ Մոտ մեկուկես ժամ այնտեղ մնալուց հետո»։ 

Նա նաեւ նշեց՝ քննիչները իրեն ստիպել են ընդունել, որ հեծանիվն ինքն է գողացել, սակայն նա այդպես էլ չի զիջել։ 

Նարեկի խոսքով՝ հարվածներից մարմնական վնասվածքներ չեն ստացել, հարվածներն ուժեղ չեն եղել եւ խփել են իրեն ինչպես ձեռքով, այնպես էլ բանալիներով։ Հարվածող քննիչներից էլ երկուսի անունն է հիշում՝ Կարո եւ Վարդան։ 

Քննիչները, ըստ մեր զրուցակցի, որեւէ արձանագրություն չեն կազմել։ Նարեկ Շահբազյանն իրեն ծեծելու դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։

Ավանի քննչական բաժնից մեզ փոխանցեցին` իրենց մոտ այդ անուններով քննիչներ չկան եւ որ հեռախոսազանգի միջոցով չեն կարող ինֆորմացիա տրամադրել։ Ապա ավելացրին, որ բացառվում է ծեծի ենթարկելու դեպքերը։