Ի՞նչ են քննարկել վարչապետն ու ռեստորատորները

Ի՞նչ են քննարկել վարչապետն ու ռեստորատորները

Շաբաթվա սկզբին ռեստորանային բիզնեսով զբաղվողները կամ ռեստորատորները, ինչպես նրանց անվանում են, հանդիպել էին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ՝ ևս մեկ անգամ քննարկելու ռեստորանների վրա դրվող հարկային շեմի բարձրացման հարցը, ինչի դեմ արդեն մի քանի ամիս է՝ նրանք բողոքի ակցիաներ են անում։ Հիմա էլ որոշել էին մեկ օրով փակել ռեստորանները, եթե կառավարությունը ընդառաջ չգնա իրենց պահանջներին։ Օրեր առաջ Անանյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ շաբաթվա վերջում էլ ռեստորատորներին կընդունի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպումը տեղի է ունեցել այսօր։ Ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանը Hraparak.am-ին ասաց, որ իր տպավորությամբ՝ վարչապետի մոտ կա բարձրացրած խնդիրների շուրջ միասնական ընկալում։ «Դեռ որոշում չի կայացվել և հարցին վերջնական լուծում չի տրվել, բայց որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ քննարկելու իրենց բարձրացված խնդիրներն ու դրա հնարավոր լուծումները»,-ասաց Բարսեղյանը։

Նա նաև նշեց, որ վարչապետի մոտ կարծես տրամադրվածություն կա սառեցնելու տոկոսադրույքների ավելացումը, իսկ, ահա, ժամկետների և հետագա ավելացումը վերացնելու հարցերը կքննարկեն արդեն աշխատանքային խմբի շրջանակներում։

Հիշեցնենք, որ նոր Հարկային օրենսգրքով՝ 2018 թվականին ռեստորանների վրա դրվել էր 6 տոկոս շրջանառության հարկ, որը 2019-ին պետք է դառնար 8 տոկոս, 2020-ին՝ 10 տոկոս։ Ռեստորատորները համաձայն են սահմանված 6 տոկոսին և դեմ՝ հետագա ավելացմանը։