Իրավունք ո՞ւնի դատախազությունը բողոքարկել դատարանի որոշումը

Իրավունք ո՞ւնի դատախազությունը բողոքարկել դատարանի որոշումը

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկայիս և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորություններով։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ կարող է բողոքարկել դատարանի որոշումը, սակայն Քոչարյանի գործով վարույթը կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան։ Այնուամենյանիվ, Քոչարյանի պաշտպանական խումբը պնդում էր, որ դատախազությունը չունի լիազորություններ բողոքարկելու դատարանի որոշումը, քանի որ գործը վաղուց դատարանի վարույթում է․ 

«Այդ հարցը անիմաստ լարվածություն է ստեղծում ժողովրդի մոտ, մեր կարծիքով ենթակա չէ բողոքարկման առնվազն դատախազության կողմից։ Հիմնավորումները մի քանի շերտով են․ 1-ին շերտը վերաբերում է նրան, որ ընդհանրապես, երբ որ ընդունվում է խափանման միջոց, տվյալ դեպքում անձնական երաշխավորություն, վարույթ իրականացնող մարմնի կողմից, իսկ տվյալ դեպքում դատարանն է վարույթ իրականացնող մարմինը, և ինքն է որոշում՝ ինչ ընդունել, զուտ հիմնավորվածության տեսակետից այդ հարցը չի կարող վերաքննիչ քրեական դատարանի կողմից քննարկման առարկա դառնալ։ Պատկերացնենք, որ քննիչը չի միջնորդում կալանք կիրառելու մասին, տուժողը բողոք ներկայացնի, այսինքն՝ պարտավոր է կալանավորել։ Դատարանը վարույթ իրականացնող մարմինն է, դատարանը ինքն է որոշում իր վարույթում գտնվող գործի շրջանակներում մեղադրյալի պատշաճ վարքագիծը ինչ եղանակներով ապահովի, և ինչն է բավարար, ինչը՝ ոչ։

Հետևաբար դատախազությունը չունի իրավական շահագրգռվածություն  նման խնդիր դնելու, դատախազությունը ունի խնդիր մեղադրանքն ապահովելու և ինքը պետք է շարունակի մեղադրանքի ներկայացման և պաշտպանության գործընթացը։ Երկրորդ իրավական խնդիրը, որը կրկին շատ լուրջ է, հետևյալն է, որ դատախազության իրավասությունը սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքով, եթե մենք նայում ենք այդ օրենսգրքի համապատասխան հոդվածը, ապա ունենք հետևյալ ձևակերպումը, որ մինչդատավարական փոլում դատախազությունը ունի որաշակի իրավունքներ, և դատաքննության փուլում ունի էլի ինչ-որ իրավունքներ։

Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ միջդատական վարույթը ավարտվում է մեղադրական եզրակացությունը հաստատելով, իսկ դատական քննությունը՝ երբ դատարանը նիստ է նշանակում, և այդ քննության ժամանակ են քննարկում, հետևաբար դատախազության գործառույթները այս միջանկյալ փուլում որևէ կերպ նախատեսված չեն, հետևաբար եթե նախատեսված չեն, դատախազությունը իրավունք չունի կատարելու որաշակի գործողություն»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելայնը։