Հրայր Խաչատրյան. Բզբզոց

Հրայր Խաչատրյան. Բզբզոց

Գաղտնի մերկացում 

Մեր օրերի տղերքը ցավազրկման կարիք ունեն,
Սակայն դեղատներում համարժեք լուծույթ չկա,
Որպեսզի ներարկվեն ու ազատվեն իրենց ներսը կրծող որդերից:
Հիմա նրանք լռում են գարեջրի, գինու կամ այլ խաբկանքի տակ,
Որովհետեւ դժվար է խոսելը:
Ինչ-որ տեղերում վտանգավոր,
Ինչ-որ դեպքերում անհնարին է
Լույս աշխարհ բերել այն. ինչը քեզ տանջում է 
հղի է վիժման ընթացքով հասարակության գրկում:
Աստիճանաբար սկսում են նմանվել քարին,
Ինչին կամ ում հին ժամանակներից գիտենք,
Բայց դեռ չենք բացահայտել եւ չգիտենք՝ ինչ է քնած նրանց ներսում:
Մեր ժամանակներում տղամարդիկ աթեիստ են
Կնոջ շուրթերի,
Մարդկանց աչքերի,
Պետության,
Աշխարհի հանդեպ, եւ ես ասում եմ այո Nihilism-ին,
Ողջունում նրան՝ որպես նոր կրոն,
Ով ունի իր հետեւորդները ու հետո հետնորդները…
Հիմա, երբ այլեւս ոչինչ չկա հենվելու համար,
Երկու րոպե շունչ քաշելու,
Դանդաղ սպանում են իրենց՝
Կենդանի թողնելով մարմինը՝
Որպես հագուստ,
Որի խորքում թաքնված ննջում են սրտի ջարդված զեղումները:

 

Գեորգ Թրակլի որդին

Ինչի՞ն նմանեցնեմ կյանքս….
Սեւ գեղանկարչության,
Ներեցեք, պահի տակ մոռացա ճիշտ տերմինը,
Այն գերմանական էքսպրեսիոնիզմի եւ Կաֆկայի
Աչքերի խառնուրդն է:
Գոռում եմ, 
բայց չեն լսում,
Ես մեր օրերի Ճիչն եմ,
Բայց փակ բերանով,
Քաղաքից չքացել են ականջները հավետ:
Եթե ապրեի Վան Գոգի հետ նույն դարաշրջանում,
Ապա մենք կհանդիպեինք, ու երկուսիս հայացքներն իրար
Կպատմեին աշխարհի խլության մասին:

 

Աստղիկը՝ Մետրոնոմում

Հասուն տարիքով կինը իր կենսախինդ մարմինը շարժելիս
Խլեց ինձնից բարոյականությունը։
Թվացյալ պատնեշը պահելու համար
Սիրեցի նրան գլխիս մեջ՝
Թողնելով մարմինը իրեն: 
Չհպվելով մարմարին՝
հոգիս լիանում էր եւ դառնում բարձր լեռ,
Ով վայելում էր աշխարհի գաղտնիքը իր սուր աչքերով:

 

Պոռնիկ հեղափոխականը

Քայլում էր նա, ում սպասում էր ամբողջ քաղաքը,
Գեղեցիկ չէր,
Սակայն գրավելու այլ միջոցներ ուներ.
Լսում էր մարդկանց,
Համաձայնում,
Կռվում,
Խույս տալիս,
Հետո հուսահատ թափահարում կոնքերը,
Որոնք նմանվում էին մոլորակների՝ 
պտտվելով իրենց ուղեծրի շուրջը:
Արժանիքներից մեկը ծխելն էր,
Նախընտրում էր համբուրվել սիգարետի հետ եւ դրա համար վճարում էր,
Բայց ոչ այնքան, 
ինչքան այն կանայք,
Որոնք ամուսնացան ու բաժանվեցին:
Քաղաքում շշուկները վերեւ բարձրացան՝
Պատելով երկինքը.
Քանի որ քաղաքի ծխող աղջիկը իր առողջությունը ուրիշ կերպ էր փչացնում:

 

Կարմիրը

Արեւ չսիրող աղջիկը
Որոշեց,
Որ աշխարհում իր կարմիր շրթունքներից բացի,
Ուրիշ մայրամուտներ չպետք է լինեն:

 

Ջարմուշամոլը կամ զրուցավեպ

Երակներովս փնտրում էի արյունդ,
Որպեսզի ներծծեմ այն,
ինչպես գինի, ու հագեցնեմ ծարավը:
Ասում են՝ 
վամպիրները գիշերներ են սիրում,
Նրանք այդ ժամանակ իրենց սիրեկանների գրկում
Վայելում են իրենք իրենց,
Որ վաղորդայնին հանդիպելով չսարսափեն լույսի ճանկերից:
Ես ու դու ինչպես Ջարմուշի ֆիլմի հերոսները
Փնտրում ենք սնունդ։
Նորը չգտնելով՝ տրվում ենք հաճելի հիշողություններին,
Որոնք գրգռում են անելանելիության քիմքը: 
Մենք հուշեր ունենք,
Որոնք հաղթել են գիշերվա մուգ վարագույրները եւ ցերեկվա շողերի երախը:
(Դու իմ բացված վերքն ես,
Ինչը դեռ չի հասցրել չորանալ արեւայրուքից)։

 

Գայլասով

Հետեւում եմ քեզ, ինչպես գայլը իր զոհին:
Բույրդ խառնում էր շնչառությունս ու խաթարում
Բնականոն ընթացքը նրա:
Ուժս միայն պատում էր սպասել հարմար առիթի,
Որպեսզի բռնեմ քեզ
եւ հանդարտ ներծծեմ քնքշությունդ:

 

Էպիկուրի այգին

Շարժումներդ հիշեցնում էին Դեկամերոնը՝
նուրբ ճոխությունդ դարձնելով էքսպոնատ,
Թրջելով գեղջկական ջոկատի թաքուն ցանկությունները
Առանց ջանքերի:
Կաթվածահար անելով բոլորի անդորրը՝
Ստանձնեցիր շամանի դերը,
Ով խաղում էր իր ծեսը՝
Փոխելով կանոնակարգը,
Կրկնապատկելով հավատացյալների թիվը,
Դառնալով հավատք,
Որի մասունքների առջեւ խոնարհվում եմ նաեւ ես:

 

Չարաճճի երազողը

Ես նոր երազներ կգծեմ նրա համար ու իր ստինքները բավարարված 
կդառնան թիթեռներ,
որոնց միջից կթռչի կյանքը իր թեւերով,
ձեռքերս որոնք շատ անգամ ամաչել են դիպչել նրան 
այդժամ համարձակություն հավաքած կներխուժեն այգին ու
կքաղեն պտուղները չարաճճի մանկան պես,
ով չտեսի նման կքամի նեկտարը հավերժության,
իսկ Նա այս ամենից հետո կերպարանափոխված կհագնի երանության հանդերձանքը 
կշրջի իր փառքի պարունակներով ու կհասկանա որ իր հետ խաղացել են հմտորեն...  
այգեպանը կամ վարպետը ով սիրո խաղերի նրբությունների թելը դանդաղ բացեց ու տարածեց մարմնի երկայնքով 
սրբագրելով հաճույքի տաճարը:

 

Սրբազան Աղետ

Մի օր կհանդիպենք... 
Արդեն այլ ակնթարթում, 
երբ իրար ոչինչ չենք ասի,
որովհետեւ մեր դեմքերի ողջույնները կերգեն լռության տակ 
քողարկված փորձի մասին,
որ կխշշա ուժգին ու կհիշեցնի տառապանքի գետը՝ 
ժամանակին հոսելով եւ համբուրվելով մեր արյան հետ: 
Այդ օրը միգուցե թափված տերեւներ չլինեն գետնին, 
կամ ներկա չի լինի արեւը՝ 
իր կլոր ժպիտով , 
ով կտաքացներ սփրթնած մաշկդ, 
մարմարի պես սպիտակ մաշկդ՝ 
հազար անգամ քերծված,
մշակված ձեռքերիս ջերմությամբ,
կոփված,
հղկված մի քանդակ կկանգնի հիմա իմ դիմաց, 
ով ոչինչ չի ասում, 
բայց իր ներսում մտմտում է խաղերը իմ երբեմնի, 
որի տակ արթնանում էին քնած նյարդերը, 
զուգակցվում իրար ու հետո քեզ հաղորդում վիբրացիաներ, 
ինչի արդյունքում բացվում էր ընդերքդ, 
լայնանում բիբերը, 
նա ստանում էր նոր տեսք, եւ դու ձեւափոխված, 
հանդարտ իջնում էիր ինձ մոտ,
դեպի քո աղետը սիրելի...
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ