860 հազար դոլարի զրահապատ մեքենա, 200 հազար դոլարանոց BMW, 650 հազար դոլարանոց Ամանոր

860 հազար դոլարի զրահապատ մեքենա, 200 հազար դոլարանոց BMW, 650 հազար դոլարանոց Ամանոր

Երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքը՝ 15 ժամկետային զինծառայողի դաժան մահը հերթական տրավման էր, որին հայ հասարակությունը ենթարկվում է 2020 թվականի աղետալի պատերազմից հետո: Եթե 2020 թվականի պարտության հետեւանքներն ու մի քանի տասնյակ հազարավոր զոհերի պատճառն օրվա իշխանությունները կարողանում էին ինչ-որ կերպ բարդել նախկին իշխանությունների ու նրանց թալանի վրա, ապա երեկ տեղի ունեցած դեպքը, մասնավորապես այն, որ զինծառայողները 2020-ի պատերազմից հետո անասնագոմ հիշեցնող կացարաններում են ապրում եւ ողջ-ողջ այրվում, միմիայն օրվա իշխանության անգործության հետեւանքն է:

Ասում են, որ ազերիները պայթեցրել էին Վարդենիսի զորամասը, այդ պատճառով էլ զինծառայողներն Ազատ գյուղի այդ լքված, հարմարություններից զուրկ հյուղակում են պահվել, որն անվանում են զորանոց, եւ որտեղ անգամ խմելու ջուր չկա: Բայց հարց է առաջանում. ինչո՞ւ իշխանությունները երկու տարի շարունակ զորամասեր չեն կառուցել: Ի վերջո, քանի՞ այսպիսի անասնագոմում են զինվորներն ապրում, եւ ի՞նչն է այս բարձիթողի, խայտառակ վիճակի պատճառը, գումա՞ր չկա, թե՞ ցանկություն: Հաջորդ հարցը, որ առաջանում է. եթե չկա գումար, ապա իշխանություններն ինչպե՞ս են միլիոնավոր դոլարներ ծախսում զրահապատ ավտոմեքենաներ գնելու, Հանրապետության հրապարակը «տոնական հեքիաթի» վերածելու, շքեղ հարսանիքներ անելու, ճանապարհորդելու, միլիոնների հասնող պարգեւավճարներ ստանալու համար: Այժմ ձեզ կներկայացնենք, թե պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինչ ահռելի ծախսեր է արել, սակայն բանակում ոչինչ չի արել եւ զինվորների համար անգամ ապրելու տարրական պայմաններ չի ստեղծել` նրանց մատնելով ամեն րոպե թշնամու գնդակից զոհվելու ճակատագրին:
2020 թվականի պատերազմից ընդամենը մի քանի ամիս անց՝ 2021-ի գարնանը, երբ ենթադրվում էր, որ պարտված երկրի ղեկավարը պետք է վերազինի բանակը, լուծի այլ կարեւոր հարցեր, շուրջ 320 հազար դոլարով վարչապետն իր համար գնեց զրահապատ ավտոմեքենա: Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ բազմաթիվ խոստումներով, սակայն պարզվեց, որ, նախկիններից ոչ պակաս, նա պետության հաշվին իրեն շռայլություններ թույլ տալու մեծ սիրահար է: 2019 թվականին էլ էր վարչապետը 540 հազար դոլարով գնել երկու զրահապատ մեքենա:

Պատերազմից հետո ավելի քան 200 հազար դոլարով վերջին սերնդի BMW 750Li xDrive LCI ձեռք բերվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար: «Ամեն ինչ սկսեց նրանից, որ գալիս ինձ անընդհատ ասում էին, որ առկա մեքենան, որը սպասարկում է ԱԺ նախագահին, ոչ բարվոք վիճակում է։ Այն զրահապատ մեքենա է եւ ի սկզբանե նախատեսված չի եղել երկարատեւ օգտագործման համար, քաշով առնվազն 4,5 տոննա է»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝  արդարանալով այս ճոխության համար:

2022 թվականի վերջին` Ամանորին ընդառաջ Երեւանի քաղաքապետարանը լրացուցիչ գումար է հատկացրել ամանորյա համերգների համար եւ իր նախընտրած ընկերությունների հետ, առանց մրցույթի՝ մեկ անձից գնման սկզբունքով պայմանագրեր է կնքել։ 2750-ամյակի շատրվանների պուրակում կայանալիք համերգային միջոցառումների տեխնիկական մասը հանձնարարվել էր «Ֆակտորի փրոդաքշնին», եւ իշխանությունների սիրելի այս ընկերությանը դրա համար վճարվել է 115 մլն 900 հազար դրամ։ Այդ գումարով ընկերությունն այգում գեղարվեստական լուսային ձեւավորում է ապահովել, ծառերը զարդարել, ծառերից դեկորատիվ ջահեր կախել, 2 հատ «Սատանի անիվ» կարուսել տեղադրել, 8 հատ տարբեր չափերի մարդուկ-ջարդուկներ (Щелкунчик) եւ այլն։ «Ֆակտորի փրոդաքշնի» հետ պայմանագիրը քաղաքապետարանը կնքել է դեկտեմբերի 12-ին, իսկ նոյեմբերի 23-ին պայմանագիր է կնքել եւ նույն վայրում համերգի բովանդակային մասը պատվիրել «Արձագանք Պրո» ՍՊԸ-ին, որի համար ընկերությանը վճարել է 60 մլն դրամ։ Այդ գումարի դիմաց դեկտեմբերի 5-ից մինչեւ հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը պետք է 10 հատ համերգային միջոցառում կազմակերպեր, յուրաքանչյուրը՝ առնվազն 1 ժամ տեւողությամբ, համերգներին ելույթ ունեցողների ցանկը պետք է հաստատեր քաղաքապետարանը։ Պայմանագրերը նորից կնքվել են առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Հիշեցնենք․ նման ճոխություններ իրեն թույլ է տվել մի երկիր, որի զինվորը գիշերում է խորդանոցում: Պատճառաբանությունն այն էր, թե այս տարի մանկական Եվրատեսիլն անցկացվելու է Հայաստանում: Ամանորյա զարդարանքների համար այս տարի, տարբեր գերատեսչությունների կողմից, ծախսվել է մոտ 2 միլիոն դոլար:

2022 թվականին փաշինյանական իշխանությունն իրեն այնպես է պահել, կարծես ո՛չ պատերազմ է եղել, ո՛չ էլ ագրեսորի նոր հարձակումների վտանգ կա: Մինչ Ադրբեջանը զորավարժություններ էր անում, զենք գնում, Հայաստանի իշխանությունները կառավարության շենքն էին վերանորոգում: 16 միլիոն դրամ հատկացրել են կառավարության վերելակներին, գորգեր ու մարմարյա սալիկներ գնելուն: Ջեռուցման համակարգն են նորոգել` կառավարության որոշմամբ 17,5 մլն դրամ է տրամադրվել դրան:

2022-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի վարչական շենքը կրկին նորոգվեց, նորոգման ընթացքում որոշվեց պայմանագրի նախնական գինը բարձրացնել, այսինքն՝ պետբյուջեից ավելի շատ գումար ծախսել վարչապետի աշխատակազմի շենքային պայմանները բարելավելու համար։ Վարչապետի աշխատակազմը ընդհանուր 38 մլն 790 հազար դրամ արժողությամբ պայմանագիր էր կնքել «Սամ-պրոյեկտ» ՍՊԸ-ի հետ, որն էլ պիտի իրականացներ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, Բագրատ Բադալյանի ու Տարոն Չախոյանի աշխատավայրի վերանորոգման աշխատանքները։

Անցած տարի նաեւ Ազգային ժողովի զուգարանների դիզայնն ու հարմարավետությունն է բարելավվել: 2022 թվականի դեկտեմբերին ԱԺ-ն 12 մլն դրամ է հատկացրել ԱԺ ավտոտնտեսության աշխատասենյակների, զուգարանների եւ աստիճանավանդակների վերանորոգմանը։ Պայմանագիրը «Հիպերնովա» ՍՊԸ-ի հետ կնքվել է հոկտեմբերի 18-ին, եւ պայմանագրի գումար է սահմանվել 10 մլն 900 հազար դրամը, սակայն դեկտեմբերի 5-ին նոր համաձայնագիր է ստորագրվել, եւ գումարը դարձել է 12 մլն 26 հազար դրամ։

2020 թվականին կառավարության ղեկավարը որոշեց նաեւ բարձրացնել ոստիկանների եւ պարեկային աշխատողների աշխատավարձերն ավելի քան 100 տոկոսով: Շատերի մոտ հարց առաջացավ՝ ինչո՞ւ հենց ոստիկանների եւ պարեկայինների աշխատավարձը, այլ ոչ թե, օրինակ, կյանքի ու մահվան կռիվ տվող զինվորականների: Պատասխանը հստակ է` ոստիկաններն այսօր ապահովում են բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգությունը:
Նկատենք նաեւ, որ այս իշխանության անդամներն ամուսնանում են ամենաճոխ ռեստորաններում, նրանց միջոցառումներին երգում են ամենաթանկարժեք գներով երգող երգիչները, նրանցից շատերը շրջագայում են աշխարհով մեկ, օգտվում ամենաթանկարժեք խանութներից: Օրինակ, վարչապետի կին Աննա Հակոբյանը` ավագ դստեր հետ, այս ծանր օրերին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նա մասնակցում է Թեհրանում անցկացվող Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին: Առնվազն անհասկանալի է, թե ինչ կապ ունի Աննա Հակոբյանն ազդեցիկ կանանց եւ նրանց համագումարի հետ: Առավել եւս՝ դրա հետ ի՞նչ կապ ունի վարչապետի դուստրը: Այս ֆորումին, որպես կանոն, մասնակցում են ինքնուրույնաբար իրենց կյանքում հաջողությունների հասած կանայք` քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ: