Զավեն Բեկյան. Արտամիջյան մանրանկար

Զավեն Բեկյան. Արտամիջյան մանրանկար

***
Մենք, որ ներքուստ այրվող
մի ճրագի հանգույն
աշխարհում այս դժգույն
ծիածանվում ենք ու
ծածանում գունատ լույս …
Մենք, որ ներքուստ այրվող …-
Եվ ճարճատյունը՝ ի ներս,
եւ զգացմունքը՝ ի զուր,
եւ խոկումը՝ ունայն
աշխարհում այս բանալ,
տառապանքը՝ ընդ որում …
Ու այս տիեզերքում
ի՞նչ ենք լուսավորում …
Ախ, լինեի՜նք եթե
մարխերի պես Աստծո՝
զվարթուններ թեթեւ,
ցոլարձակմամբ ցնծուն …

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ

Երկնային մի կարիքից դրդված՝
իջել էի սրտիս հանքախորշերը։
Մրոտ մի հրեշտակ ամրակապում էր,
որ փլուզումներ չլինեն,
իսկ ես առաջ էի գնում՝
հանքերակը գտած …

Ու, վերջիվերջո, ի՞նչ է հանածս,
Ո՞ւմ է օգտակար -
մերթ թախծությունների գորշ ածուխ,
մերթ ցնծության ոսկե ձուլակտորներ…

Մեծմասամբ արդյունքները
գրի եմ առել միտողանի տետրերում
ու՝ ոչ թե այլոց պես՝ վանդակավոր,
որ քննադատները կարողանան
քառակուսի արմատ հանել …

Ժամանակին, հնում, երբ
թանաքով՝ գրչածայրով էինք գրում՝
ծծան կոչվող թուղթ կար տետրերի մեջ,
թանաքը չորացնելու համար։-

Զգում եմ, ավարտվում է տետրս,
ու երկինքն է իջնելու վրաս՝
ծծան թղթի պես …

 

ՇՆԵՐԻ ԶԲՈՍԱՆՔԻ ԺԱՄԸ

Ես զննել եմ նրանց վարքը
երեկոյան այգում -
ամեն պատեհ ու անպատեհ
առիթով օրորում են ագին …

Նրանք փոքրիկ պետություններ են,
որ կաշեփոկերով կապված են
իրենց գերտերություններից -
եւ մի քիչ սիրով զբաղվելու
կամ մի քիչ միմյանց բուրդ ծամելու համար
պիտի իմանան տիրոջ կամքը,
որ հրահանգվում է ի վերուստ …

Նրանք երբեմն կանգնում են
ետեւի ոտքերի վրա, որ տեսնեն
իրենց շնային ապագան,
բայց միեւնույն է, ինչ էլ անես՝
շան հոտ է գալիս նաեւ
իրենց գալիքից ու ապագայից …

Ես զննել եմ նրանց վարքը
երեկոյան այգում -
ամեն պատեհ ու անպատեհ
առիթով օրորում են ագին …


ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Եվ մի սիրամարգ երեւաց հեռվում՝
շողշողենի ագին հովհարաձեւ
տարուբերելով, որ ասես
խորունկներից եկող
աստեղային քամիների հետ էր
խաղում եւ մերձենալով մերձեցավ
եւ երբ բավականաչափ մոտ էր արդեն՝
այնքան, որ ճառագուն իր աչքերը
արդեն իմ աչքերի մեջ էին
ճառագում - (ո՜վ հավքերի հավք)
երբ այդպես տարված էի իր տեսիլքով,
նա շրջվեց, բայց ո՛չ հեռանալու համար, -
եւ նրա ագին ամենեւին այն չէր,
ինչ թվաց, նրա ագին հսկայակա՜ն, կեռ,
երփնազարդ խայթ էր կարիճի,
եւ թռչնային մի խուլ գեղգեղանքով
ասաց․ «Ես Մահն եմ, որ ԵՄ»։

 

***
Արտամիջյան մանրանկար մի ճանապարհ,
լուսանցքները՝ անմոռուկով 
ծաղկազարդված։
Արտույտները ասացին՝ «Ա՜յբ»,
պատասխանը իմ եղավ՝ «Բե՜ն» …

Երազ էր սա - ու այս ճամփան
խորքը տարավ հին օրերի։
Պատկերելու փնտրեցի բառ
ծաղկողի պես մի գովելի …

Բայց կա ցնորք՝ սրտի մեջ է լոկ մակաղում
մի գառան պես մայրակորույս,
ու չի ծաղկում՝ ինչ էլ անես՝ ոչ մի տողում։
Անհույս բան է բառը, անհույս … -

Զի կան բաներ, մեղեդիներ թաքնանվագ,
որ ուզում են մնալ Խորքում։
Մնալ իրենց ակունքի մեջ՝ հար աննվազ,
ու անմեկին մի երազում մտնել խոր քուն …

 

ՄԻ ԱՆԳԱՄ ԷԼ …

Այնպես լիներ՝
մի անգամ էլ ամառը
զընգար աչքերիս մեջ։
Ոտաբոբիկ վազեի
ճամփաներով փոշոտ …
Ինչպես ալյուր փշատի՝
քաղցր թափվեր արեգնափոշին …

Մինչեւ երեկո՝
ես՝ խա՜ղ տիեզերքի Մեծ Խաղի մեջ,
երբ Աստված իր հեռվից
հրճվում է թիթեռ մանուկներով
եւ նրանց թեւերի նախշազարդերի մեջ տեսնում
մեհենագրերն ու հմայագրերն այն նույն,
որ հրեշտակների թեւերին են գրված …

Իմ մանկության ամռան գիշերում
մի անգամ էլ խշշար Կաթնծիրը
մոր կաթի պես, կենարար
իր խշշոցով փակեր
ճանապարհը ոտնաձայների
ՆՐԱ, որ մոտենում է գաղտագողի՝
ձեռքը մեկնելու սրտիս ճրագին,
ՆՐԱ, ում անունը չգիտեի
մանկությանս օրերին …

 

ՕԴԱ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ

Եվ նորից ամպերն են
արեւով թաթախված
բամբակի մալանչների պես
վիրակապում վիշտը
երկրային։ Սելա՛։

Եվ նորից արյունն է
շնչավորապատկան
մղվում վերստին առ
սրբազան բեղունություն
ու ձագաբերում։ Սելա՛։

Եվ նորից ավիշն է
շարժվում ծառ ու թփի
երակներում, շոշափում
տիրույթները ծաղկման
հուռթիական։ Սելա՛։

Եվ նորից զնգում է
հարության աստղը հեռվում,
որ խլացնի ձայնը
մահվան գերանդու
քաղոցի հարվածների -
վերստի՛ն սելա։

 

ԽԱՎԱՐՈՒՄՆ ՎԵՑԵՐՈՐԴ ԺԱՄՎԱ

Անձրեւորդերի,
խավարասերների
եւ խլուրդների
ինֆրակարմիր աստծո
հպատակնե՜ր, որ շրջում եք՝
անգիտության ձեռնափայտերով
շոշափելով տեղանքը -
եւ չգիտեք Լույսը …

Արդ երանի՞ տանք ձեզ,
որ չեք տեսնում՝ ինչպես է
Արեգակն Օգոստափառ
ծածկում դեմքն իր մեզնից
ու հեռանում մեր մխիթարության
երկնքից, լքելով մեզ …

 

***
Բոլորովին թող մահը
ահ չտա քեզ՝ ասացի
ինքս ինձ մի ամպոտ օր,
ա՛յ դու տերունական
պարտեզների՜ խատուտիկ …
Ճիշտ է, աշունակալել է
մարգագետինը կյանքիդ,
եւ ցողունդ հազիվ է քեզ
պահում ոտքի վրա …
Անուննե՛րն ես մոռանում էլ
ծանոթ քամիների,
ավելին՝ նրանց անցուդարձն է
դառնում վտանգավոր … -
Պսա՛կդ նկատի ունեմ
ու ցրվելը նրա …
Թող ցրվի, թո՜ղ՝ ասացի։
Հա, ծերությունը հանաք չի,
բայց հենց իսկակա՛ն էլ
բերքի ժամանակն է։-
Վերնոլորտների հետ
պսակվելու համար
պսակիդ հղումը հենց՝
հանց միջոց՝ միակն է, որ կա …
… Այ դու տերունական
պարտեզների՜ խատուտիկ …


 «Մշակութային Հրապարակ» ամսաթերթ