Համեմատելով անհամեմատելիներին

Համեմատելով անհամեմատելիներին

Այս օրերին, երբ թվում է՝ այլեւս ոչնչով հնարավոր չէ զարմացնել մարդկանց, այնուամենայնիվ, դեռ բաներ ես լսում, որից գլխիդ մազերը բիզ-բիզ են կանգնում: Օրերս մի այդպիսի հոդված ընկավ աչքովս հենց «Հրապարակում», որի հեղինակը փորձել էր համեմատել Նիկոլ Փաշինյանին եւ Ռոբերտ Քոչարյանին: Թե ինչ էր ստացվել դրանից, թույլ տվեք չասել, թեեւ նկատելի է, որ հեղինակն այդ միտքը հղացել էր կորոնավիրուսից ազատ ժամերին, երբ պարզապես ուրիշ զբաղմունք չի ունեցել:

Համեմատել Ռոբերտ Քոչարյանին եւ Նիկոլ Փաշինյանին՝ նշանակում է համեմատել միանգամայն անհամեմատելի երեւույթներ: Մյուս կողմից էլ՝ հատկապես Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ համեմատել որեւէ մեկի կամ որեւէ բանի հետ: Փաշինյանի ճշգրիտ նկարագիրը Հակոբ Պարոնյանն է տվել. «... Երիտասարդ մը, որ վաճառականի չէր նմաներ․ սեղանավորի ալ չէր նմաներ, արհեստավորի ալ չէր նմաներ, գործավորի ալ չէր նմաներ, եւ վերջապես անանկ բանի մը կը նմաներ, որուն նմանը չկա»: Եվ ահա, «Հրապարակի» հարգարժան հեղինակը (Սերոբ Մարության) փորձում է Նիկոլ Փաշինյանին համեմատել, ոչ ավել, ոչ պակաս՝ Ռոբերտ Քոչարյանի՝ մի սարսափելի ծանր եւ կոնկրետ անհատականության, խարիզմատիկ պետական գործչի հետ:

Հիմա որ ասեմ՝ ամոթ է նման բան անելը, պիտի ասեք՝ Նիկոլին չի սիրում, դրա համար է այդպես ասում: Բնավ, երբեք: Այստեղ համակրանքն ու հակակրանքը պետք է դնել մի կողմ, որովհետեւ թե՛ Քոչարյանին եւ թե՛ Փաշինյանին ճանաչում ենք բոլորս ու չենք կարող խաբել միմյանց: Կարո՞ղ եք հիշել մի դեպք, երբ Քոչարյանի եւ նրա կառավարության մասին ասվեր՝ «անճարակ»: Դե, եթե չեք հիշում նման դեպք, ուրեմն վերջ տվեք ու լսեք, թե ինչ եմ ասում:

Իր համեմատական վերլուծաբանությունը Սերոբ Մարությանն սկսում է այսպես. «Ռոբերտ Քոչարյանը նախագահական Հայաստանում երկրի ղեկավար դարձավ պալատական հեղաշրջման միջոցով, երբ 44 տարեկան էր։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ընտրեց թավշյա, ոչ բռնի հեղափոխության ճանապարհը եւ վարչապետական Հայաստանում երկրի ղեկը ստանձնեց 43 տարեկանում»։ Ի՞նչն է այստեղ համեմատելի, մի՞թե միայն նրանց տարիքը: Ես համեմատության որեւէ այլ եզր չտեսա, եթե չասեմ անճշտությունների մասին: Ռոբերտ Քոչարյանը երկրի ղեկավար է դարձել ընտրություններով, երբ արդեն երկրի վարչապետն էր: Իսկ «պալատական հեղաշրջում» ասվածը բոլորովին այլ պատմություն է, որ հետեւանք էր 1996 թվականի խայտառակ ընտրությունների, որոնք հանգեցրին ԼՏՊ-ի տրամաբանական ինքնամեկուսացմանը: Ասել, որ Քոչարյանն Արցախից եկավ եւ ՀՀՇ-ական պալատում հեղաշրջում արեց, նշանակում է՝ մանուկ Դավիթը գնաց Մսրա Մելիքի զորքի դեմ եւ ջարդեց բոլորին... Մյուս կողմից էլ՝ միամտություն է պնդելը, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու մի քանի ճանապարհներից ընտրել է «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության» ճանապարհը: Նիկոլը ոչինչ էլ չի ընտրել, ձեր ցավը տանեմ, նա պարզապես այդ ճանապարհով բերվել է իշխանության: Այո, բերվել է, այո, նա հիմա հեռացվում է իշխանությունից, այո, նա այն տիկնիկն է, որին բերում են եւ որին տանում են, երբ կա դրա անհրաժեշտությունը: Քոչարյանն անհատականություն է, դեմք, ինքնուրույն գործիչ: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը...

Շարունակելով «համեմատել» Ռոբերտ Քոչարյանին եւ Նիկոլ Փաշինյանին, իսկ իրականում վիճելի բաներ վերագրելով Քոչարյանին՝ հոդվածագիրը կատարում է իր վերջին գրառումը, որ կարելի է համարել չարաճճի կեղծարարության եւ անհիմն երազանքի մի համադրություն: Ահա այդ նախադասությունը. «Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը գնում է Ռոբերտ Քոչարյանի ճանապարհով։ Եթե Քոչարյանն արյունով եկավ (Հոկտեմբերի 27), արյունով գնաց (Մարտի 1), ապա թավիշով եկած Նիկոլին, հուսանք, թավիշն էլ տուն կուղարկի»: Ես խնդիր չեմ տեսնում, թող թավիշով բերված Նիկոլը թավիշով էլ հեռացվի, եւ Հայաստանը չենթարկվի նոր փորձությունների: Բայց, ահա, այս նախադասության առաջին մասի հետ համաձայնել չեմ կարող, որովհետեւ ո՛չ Հոկտեմբերի 27-ը եւ ո՛չ էլ Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի հետ ուղղակի կապ չունի: Դրանում ես ավելի քան համոզված եմ: Փաշինյանը երկու տարի ուներ որեւէ, թեկուզ ամենաչնչին նորություն բացահայտել վերոնշյալ գործերով, բայց, ավաղ, նա նույնիսկ դա չի արել, որովհետեւ իշխանության է բերվել այն ուժերի միջոցով, որոնք 10 տարի շարունակ շրջել են Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի շահառուի թիկնոցով, բայց միշտ վախեցել այդ գործերով նոր բացահայտումներից: