Մի նկարիր եւ չես նկարվի…

Մի նկարիր եւ չես նկարվի…

Քանի որ Հայաստանի Հանրապետության բոլոր ոստիկանները, այդ թվում եւ ճանապարհայինները, զբաղված են Նիկոլ Փաշինյանի կյանքի եւ առողջության պահպանման սուրբ գործով, ՀՀ կառավարության որոշմամբ ոստիկանության որոշ գործառույթներ հուլիսից կդրվեն ՀՀ մնացած քաղաքացիների վրա: Այս նորությունից ոգեւորված` մեր հարեւան Շմավոնը հենց այսօր ամենավերջին մոդելի սմարթֆոն է գնել: 

Բանն այն է, որ եթե քաղաքացին սմարթֆոն չունենա, չի կարող ընդգրկվել այս անչափ հետաքրքիր միջոցառման մեջ: Իսկ միջոցառման ողջ հմայքն այն է, որ ՀՀ քաղաքացիները, իսկ նրանց հետ նաեւ մեր հարեւան Շմավոնը, նախապես գրանցվելով activesociety.am կայքում, ամռան տապին կարող են մի ծառի տակ հով նստել եւ սմարթֆոններով տեսալուսանկարահանել իրենց կարծիքով երթեւեկության կանոնների խախտում թույլ տվող վարորդների ավտոմեքենաներն ու այդ տեսանյութերը եւ լուսանկարներն ուղարկել ոստիկանության ԵԿ խախտումների արձանագրման կենտրոն: Կենտրոնի մասնագետներն էլ, բնականաբար, ըստ այդ նյութերի, համապատասխան չափի տուգանքների մասին ծանուցումներ են ուղարկելու օրինախախտ վարորդներին:
Շմավոնին հարցրի.

- Իսկ աշխատավարձն ինչքա՞ն է:
- Գործարքային է, ախպեր, ամեն խախտումից տոկոս են տալու:
- Լո՞ւրջ, բայց ոստիկանության տեսանյութում, կարծես, աշխատավարձի մասին խոսք չկա:
- Դե հո ամեն ինչ չեն ասելու, գաղտնիք է:
 - Յա՜ա՜ա՜…
- Բա՞:
- Շմավոն, բայց հեչ սիրուն բան չէ քաղաքացուն ծածուկ նկարելը կամ նրա գործողություններին հետեւելը:
- Չե՞ս հասկանում, մենք սրանով նպաստելու ենք անվտանգ երթեւեկությանը:
- Իսկ քո անվտանգությա՞մբ ով է զբաղվելու, եթե հանկարծ նկատվես, ու քեզ գցեն ոտքերի տակ: Սմարթֆոնը քիչ է, մարզակոշիկներ էլ պետք է առնես, որ կարողանաս թռնել դեպքի վայրից:
Շմավոնը մտքերի մեջ ընկավ: Այդ մասին չէր մտածել երեւի: Ես որոշեցի մինչեւ վերջ գնալ.
- Իսկ գիտե՞ս, թե ինչպես է կոչվում այն զբաղմունքը, որ այդքան դուր է եկել քեզ: Դա կոչվում է գործ տալ, Շմավոն, գործ տալ: Դու գործը տալիս ես, ոստիկանությունը տուգանում է եւ բյուջեն լցնում: Իսկ մեր կառավարությունն այս խեղկատակությունը մտածել է, որովհետեւ այլ ճանապարհներով չի կարողանում բյուջե կատարել: Փոխանակ աշխատատեղեր ստեղծելու, գործ տվողների բանակ է հավաքում: Այսքան արագաչափերն ու տեսախցիկները, ինչ է, քի՞չ են, որ հիմա էլ քաղաքացուն են շարժական տեսախցիկ դարձնում: Դու քեզ կհարգե՞ս, Շմավոն, եթե պատահաբար մի խեղճ մարդու ավտոմեքենա նկարես ու նրան գցես տուգանքների տակ:
- Թող նորմալ քշեն:
- Ճիշտ ես ասում, բայց միշտ չէ, որ միտումնավոր են խախտում: Դու կկարողանա՞ս տարբերել միտումնավոր խախտումն անզգույշ խախտումից:
- Եսիմ…

Շմավոնը ձեռքի մեջ շուռումուռ է տալիս սմարթֆոնը…
- Բարով մաշես, Շմավոն, լավ զանգեր ստանաս, լավ սելֆիներ անես… Մերժիր ոստիկանության այդ ապուշ առաջարկը: Դա մեր հասարակության մեջ անվստահությունը խորացնելու հերթական փորձն է: Ինչո՞ւ պետք է ես մտածեմ, որ դու, չլինելով իրավասու անձ, հանուն մի քանի կոպեկի նկարում ես իմ ավտոմեքենան: