Երկիր MENU.AM

Երկիր MENU.AM

Հայաստանի եռակողմ կապիտուլյացիայի եւ Ղարաբաղի հանձնման ազգադավ համաձայնագրի տակ Նիկոլ Փաշինյանի ստորագրության թանաքը դեռ չչորացած՝ Փաշինյանի հին-նոր կառավարության նորափայլ անդամներից մեկը՝ MENU.AM սննդի արագ առաքման ցանցի սեփականատեր, ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Հայաստանի ժողովրդին ավետել է հայ տնտեսական մտքի թռիչքի նոր հորիզոնների մասին․ «Մեզ համար հասանելի կլինի ադրբեջանական շուկան, իսկ Ադրբեջանի համար՝ մեր շուկան»: «Եթե մեր ապրանքը կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որեւէ վատ բան տեսնո՞ւմ եք դուք»,- լրագրողների վրդովմունքին ի պատասխան՝ իր հերթին հռետորական հարց է տվել «Հայկական ժամանակ» թերթի տնտեսական թեմաներով նախկին թղթակից Հայկ Գեւորգյանը, որը նախկին գործընկերների շրջանում հայտնի է իր կատակասեր բնավորությամբ: Սակայն ո՛չ Քերոբյանը, ո՛չ Գեւորգյանը չեն կատակում. նրանք լուրջ են վերաբերվում հայ-ադրբեջանական երբեմնի Թովուզի կայարանամերձ շուկաների բացման հեռանկարին: Քերոբյանը, Գեւորգյանը ընդամենը Նիկոլ Փաշինյանի տնտեսական եւ քաղաքական հանճարի երկնային տեղապահներն են: Ի՜նչ փույթ, որ Հայաստանի ժողովրդի երեսնամյա աննկուն պայքարը՝ մի քանի սերնդի ինքնազոհաբերումները, Ղարաբաղի ազատագրման համար զոհվածների թանկ արյունը, հայրենի ազատագրված տարածքները, Ղարաբաղի հայկականությունը Փաշինյանի կառավարությունը փոխանակել է հայ-ադրբեջանական կայարանամերձ շուկայի նորահայտ «երջանկությամբ»:

Նիկոլ Փաշինյանը խիստ գործնական է տրամադրված. նա մեր երկիրը՝ Հայաստանը, ու նրանից պոկած եւ բզկտված Ղարաբաղն իրականում վերածել է MENU.AM սննդի առաքման կենտրոնի՝ բազմատեսակ կերակրացանկով. Ղարաբա՞ղն եք ուզում՝ խնդրեմ, Շուշիո՞վ եք ուզում, թե՞ առանց դրա. գրավելու կարիք չկա, մենք այն կարող ենք նաեւ հանձնել: Ազատագրված տարածքնե՞րն եք ուզում՝ Լաչինի միջանցքո՞վ, թե՞ առանց դրա. ամեն ինչ առկա է ցանկում: Ռուսաստանը խաղաղապահնե՞ր է ուզում տեղակայել եւ Ղարաբաղը դարձնել իր տարածաշրջանային ռազմակայան՝ պոլիգոն. խնդրեմ՝ MENU.AM-ը 24/7 ժամանակացույցով գործում է: Թուրքիան միջա՞նցք է ուզում Սյունիքով. ի՞նչ խնդիր է՝ MENU.AM-ի քաղաքական ծրագիրը գործողության մեջ է: 

Այս աշխարհաքաղաքական ցանցի մյուս սեփականատերը Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, ՀՀ հընթացս վարչապետը, ռազմական կցորդը, մի քանի հիմնադրամների նախագահը: Նա եւս իր քաղաքական ճաշակին համահունչ կերակրացանկ ու երգացանկ է առաջարկում Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհրիբանին՝ վերջինիս հրավիրելով մուղամ լսելու նրա սիրելի Ղարաբաղում: 

Իրենց հերթին Ղարաբաղի իշխանություններն էլ ԼՂՀ անկախության ճանաչման երեկվա ծանր ռոքի փոխարեն այսօր ռուսական միացման սիրերգ են երգում եւ Спасибо, Россия, Спасибо, г/н Путин քաղաքական չաստուշկաներ սովորեցնում Ստեփանակերտի դպրոցականներին՝ փութաջանորեն ռուսերենն այսօր հռչակելով պետական լեզու, որը վաղը կդառնա մայրենի լեզու: 
Այսպիսին է երկիր MENU.AM-ը՝ ե՛ւ երգացանկն է ապահովված, ե՛ւ կերակրացանկը, ե՛ւ լեզվացանկը: 

Մնում է ապշել, թե ինչպես են իրար գտել եւ մեկ ճաշասեղանի մոտ այսպես գլուխ-գլխի, ուս-ուսի բարեկամաբար բազմել Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իլհամ Ալիեւը, Մեհրիբան Ալիեւան եւ Աննա Հակոբյանը: 

Սեղանապետը, բնականաբար, Պուտինն է, որը մի գիշերում Մաքսային միություն, ապա՝ ԵՏՄ խցկած Հայաստանից այժմ ստացել է շատ ավելին՝ Ղարաբաղը եւ Հայաստանի ինքնիշխանությունն ամբողջությամբ: Դրա փոխարեն Պուտինը պատրաստ է ե՛ւ մուղամ լսել, ե՛ւ քրիստոնեական եկեղեցիների տեղում մահմեդական մզկիթներ տեսնել: Մե՛կ գիշերում, մե՛կ զանգով, մե՛կ ստորագրությամբ Պուտինը ստացել է այն, ինչի մասին չէր կարող անգամ երազել: Հայաստանի մասնատման՝ ռուս-թուրքական ծրագիրը, որի տակ նաեւ Երեւանի ստորագրությունն է, անխափան է գործել: 

Իրականում այս անամոթ եւ զեխ խնջույքը եւ ամոթալի խեղկատակությունը շեքսպիրյան ողբերգությունների շարք է հիշեցնում՝ զոհերով, դավադրություններով եւ դավաճանությամբ, իշխանատենչությամբ եւ իշխանապահպանման մոլուցքով, փառասիրությամբ եւ փառազրկմամբ: 
Նիկոլ Փաշինյանի գավառական աշխարհայացքն ու քաղաքական ցածր ճաշակը եվրոպական առաջարկներն անտեսել է: 

Իսկ MENU.AM ցանցն այժմ վերածվել է արճճե ցանցի, որը նետվել է Հայաստանի ու հայ ժողովրդի վրա՝ փորձելով խեղդամահ անել մեր երկիրը: 

Ըստ երկիր MENU.AM-ի է ձեւավորվել նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման՝ Փաշինյանի ընտանեկան տեսակետը՝ մարտնչող, կործանարար պացիֆիզմով, «ցավոտ զիջումներով» եւ արյունոտ ընծաներով առլեցուն, «անջատում՝ հանուն փրկության» բանաձեւից հասնելով մինչեւ մասնատում՝ հանուն կապիտուլյացիոն խաղաղության, հայեցի կրթության գլխատմամբ՝ հանուն ռուսական քաղաքական блатная песня-ի: 

«Մենք համաժողովրդական կոնսենսուս չունենք Ղարաբաղի հարցում»,- հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը եւ սեփական ապագաղափարական, ապազգային տեսլականն էր դնում հիմնախնդրի կարգավորման հիմքում, որի իրականացման հետեւանքով անխուսափելի էին դառնալու Ղարաբաղի հայաթափման ցավոտ հեռանկարը եւ տարածքների կորուստը, հայկական կողմից հազարավոր թանկ զոհերը եւ ռազմական տեխնիկայի փաստացի ոչնչացումը պատերազմում: Նիկոլ Փաշինյանը դարձել է մասնակիցը Հայաստանի մասնատման ծրագրի, որ իրականություն է դառնում նրա քաղաքական գավառամտության, կարճամտության, միանձնյա կառավարման հետեւանքով: 
Միաժամանակ, Հայաստանի ժողովուրդը պետք է գիտակցի, որ հետայսու ղեկավարներ ընտրելիս առաջնորդվի ոչ թե «կարեւոր չէ, թե ով է գալիս, այլ կարեւորը, որ նա հեռանա» սկզբունքով, այլ խիստ կարեւորի, թե ով է գալիս: Մեր երկիրը MENU.AM-ի ճաշացանկ չէ, որ քաղաքական ախորժակները բավարարեն Հայաստանի հաշվին: 

Եվ այժմ, որքան հեռանում է Հայաստանի կապիտուլյացիայի եւ Ղարաբաղի հանձնման ամոթալի պակտի ստորագրման օրը, այնքան խորանում է համազգային մորմոքը: Որքան հեռանում է Հայաստանի պարտության գույժի օրը, այնքան ահագնանում է կորուստների հարաճուն չափը: 
Որքան ահագնանում է կորուստների չափը, այնքան ուժգնանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջները: Որքան ուժգնանում են հրաժարականի պահանջները, այնքան Նիկոլն ավելի է փարվում իշխանությանը:

Սա հին հայկական հիվանդություն է՝ ատամներով պահել իշխանությունը, չնայած ձախողումներին ու պարտություններին, չնայած հասարակական մերժմանը: Այս հին հայկական հիվանդությամբ տառապող Հայաստանի ղեկավարները նախ փորձել են Հայաստանին ու հայ ժողովրդին վարժեցնել պարտություններին, ապա այդ պարտությունների խարխուլ պատին հենված՝ շարունակել կառավարել:

Նիկոլ Փաշինյանը վարակվել է այդ հին հայկական հիվանդությամբ:

Հայաստանում իշխանության գինը միշտ էլ բարձր է եղել. դրա համար վճարել են Հայաստանի ինքնիշխանության մասնահանմամբ, ընտրակեղծիքներով եւ Մարտի 1-ով, երկրի տնտեսական հզորությունների վաճառքով, արտագաղթով եւ հանրային հուսաբեկությամբ: 
Հայաստանի պարտության հիմնական պատճառը նրա քաղաքական առաջնորդներն են եղել, որոնք սեփական իշխանատենչության կամ իշխանապահպանության խելացնոր բնազդին տրվելով՝ Հայաստանի համար արճճե ցանց են հյուսել: 

Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել պաշտոնավարել: Դա դեմ է Հայաստանի պետական շահերին, հայ ժողովրդի ազգային շահերին, քաղաքականության օրենքներին, տրամաբանության կանոններին եւ մարդկային տարրական պարկեշտությանը: 

Հրաժարականը նվազագույնն է, որ Փաշինյանը կարող է եւ պետք է անի: Եթե ժամանակակիցները չդատեն նրան, ապա պատմությունը կդատի: Պատմության դատաստանն անողոք է: